Իրանի հեռահար նպատակները Սիրիայում
ԱՄՆ նախագահն ուզում է, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը իրանցիներին դուրս մղի Սիրիայից: Սակայն Թրամփի այդ ցանկությունը այդպես էլ կարող է մնալ անկատար: Ինչպես նշում է գերմանական Die Welt թերթը, իրանական զինված կազմավորումները վաղուց խոր արմատներ են գցել Սիրիայում, եւ Թեհրանի ծրագրերը վաղուց արդեն դուրս են եկել զուտ ռազմական թեմատիկայի շրջանակներից:
Սիրիայում գոյություն ունի շիա մահմեդականների 50 սրբավայր: Երկիրը հանդիսանում է կարեւոր նպատակակետ բոլոր շիա ուխտավորների համար, որոնց հոսքը չի դադարում նույնիսկ քաղաքացիական պատերազմի պայմաններում: Սիրիայի կրոնական կարեւորությունը Թեհրանի իշխանությունների համար հարմար փաստարկ էր 2012 թվականին ռազմական ներխուժում սկսելու: Զինված կազմավորումները Սիրիա էին ուղարկվում ապստամբներից մզկիթներն ու սրբավայրերը պաշտպանելու նպատակով: Հոդվածագրի կարծիքով սա կարեւոր պատրվակ էր, որպեսզի Թեհրանը ծավալուն ռազմական գործողություն սկսեր Բաշար Ասադի վարչակարգը պաշտպանելու համար: Այսօր Իրանը Ռուսաստանի հետ մեկտեղ Դամասկոսի կարեւորագույն դաշնակիցն է:
Նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է Սիրիայից իրանական զինված կազմավորումների դուրսբերմանը հասնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնությամբ: Միջազգային ԶԼՄ-ներն արդեն հաղորդել են, որ տվյալ հարցը եղել է Հելսինկիում երկու նախագահների հուլիսի 16-ի հանդիպման օրակարգում: Սպիտակ տան ղեկավարի խոսքերով, Պուտինն իբր համաձայնել է երաշխավորել Իսրայելի անվտանգությունը, որի համար իրանական զիված ուժերը լուրջ սպառնալիք են:
Սակայն որքանո՞վ իրատեսական են Թրամփի մտքերը: Ինչպես նշում է Թեհրանում ՌԴ դեսպան Լեւոն Ճաղարյանը , Իրանը փոքր երկիր չէ, որին հնարավոր կլիներ ինչ-որ բան պարտադրել: Բացի դրանից, Իրանը վաղուց արմատներ է գցել Սիրիայում: Թեհրանը եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը արդեն մի քանի տարի փորձում են ուժեղացնել իրենց ազդեցությունն այդ երկրում:
2017 թվականի վերջերին Սպիտակ տունը արձանագրեց, որ «Իրանը վերահսկում է Ասադի կողմից կռվողների մինչեւ 80 տոկոսին»: Իրանի ազդեցությունը զգալիորեն դուրս է գալիս նման վերահսկողության շրջանակներից, կարծում է Սիրիայում զինված կազմավորումներին նվիրված հետազոտության հեղինակ Այմեն Ջավադ ալ-Թամիմին : Այդ բրիտանացի փորձագետի խոսքերով, Թեհրանի իշխանությունները ջանքեր են գործադրում սիրիական համակարգի անտեսանելի մասը դառնալու նպատակով:
Որպես օրինակ բերվում են ինքնապաշտպանության տեղական ուժերը, որոնք նախապես ստեղծվել էին որպես Սիրիայի ամբողջ տարածքն ընդգրկող ռազմականացված ցանց: Այդ ուժերը լավ կապեր ունեն ինչպես Սիրիայի վարչակարգի, այնպես էլ իրանցիների Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ, ընդգծում է ալ-Թամիմին: Ինքնապաշտպանության տեղական ուժերը պաշտպանում են հասարակական վայրերը եւ զենք են ստանում իրանցիներից:
Սակայն Իրանի ռազմավարությունն ավելի լայնընդգրկուն է, քան զուտ ռազմական թեմատիկան: Առանձին տարածաշրջաններում սուննի բնակչությունը նպատակամետ կերպով փոխարինվում է շիաներով: Այսպես, շիաների զինված կազմավորումների եւ գաղթականների ընտանիքներն ապահովվում են բնակարաններով, որոնք անցյալում պատկանել են սուննիներին: Դամասկոսի եւ Լիբանանի միջեւ ընկած հովիտներում շիա գաղթականներին տեղավորում են փախուստի դիմած սուննիների տներում:
Իրանը ձգտում է ժողովրդավարական փոփոխությունների, նշում է ապստամբների ներկայացուցիչ Ահրար ալ-Շամը: «Սուննիները պետք է ապրեն հյուսիսում, իսկ շիաներըՙ հարավում»: Դա պետք է նպաստի Դամասկոսի եւ Հոմսի միջոցով Լիբանանում շիաների ազդեցության ուժեղացմանը ընդհուպ Սիրիայի միջերկրածովյան շրջաններ: Ծովափի երկայնքով ապրում են առավելապես ալավիներ: Նրանք շիա իսլամի տարատեսակներից մեկը դավանող մահմեդականներ են, որոնց թվին պատկանում են Ասադի տոհմը եւ Սիրիայում կառավարող վարչախմբի ներկայացուցիչների մեծամասնությունը:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը Սիրիայում դարձել է կարեւոր տնտեսական գործոն, գրում է Die Welt-ը: Դամասկոսն արդեն վաղուց չի կարողանում հատուցել իր պարտքերը Թեհրանին, որը ամեն տարի միլիարդներ է ծախսում Սիրիայում ռազմական գործողությունների վրա: Ամեն տարի Թեհրանը Սիրիայի համար նոր վարկային գիծ է բացում: Որպես փոխհատուցում, վարչակարգը շահավետ գներով առաջարկում է հողատարածքներ եւ շենքեր:
Դիտորդների հաղորդումների համաձայն, իրանցի պաշտոնյաները ստանում են վարչական արտոնություններ, իսկ Սիրիայի առաջիկա վերականգնումը է՛լ ավելի կամրապնդի Թեհրանի դիրքերը:
Ըստ հոդվածագրի, նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի հանդեպ իր կոշտ դիրքորոշումը կարող է օգտագործել ԱՄՆ-ում սեփական դիրքերն ամրապնդելու համար: Սակայն Իրանը վաղուց արդեն դարձել է Սիրիայի վարչակարգի անբաժանելի մասը:
«Եթե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը դուրս մղվի երկրից, դա կարող է հանգեցնել ամբողջ համակարգի կազմաքանդմանը», պնդում է ալ-Թամիմին:
Բայց նման բան չի ուզում նույնիսկ ԱՄՆ-ը: Առանց իրանական զորքերի աջակցության, քաղաքացիական պատերազմը կարող է բռնկել նոր ուժով: Ռուսաստանը եւ սիրիական բանակը չեն կարողանա ինքնուրույնաբար դիմակայել ապստամբներին: Թրամփը ստիպված կլինի բավարարվել պակաս մասշտաբային փոխզիջումներով:
Թրամփ-Պուտին հանդիպումից հետո Ռուսաստանը Իրանի հետ խորհրդակցություններ է սկսել Իսրայելի անվտանգության ապահովման միջոցառումների առնչությամբ: Դրանք նախատեսում են իրանական զորքերի հեռացում Իսրայելի սահմաններից, եւ Թեհրանը հազիվ թե ավելին անի:
Իրանի նախագահը Դոնալդ Թրամփին արդեն նախազգուշացրել է, որ հեռացումը բավարար համարի եւ չմտածի ռազմական գործողության հնարավորության մասին:
BBC-ն հաղորդում է, որ կիրակի օրը նախագահ Ռոհանին նախազգուշացրել է Թրամփին, որ «չպետք է խաղալ առյուծի պոչի հետ», «Ամերիկան պետք է իմանա, որ Իրանի հետ զինադադարը բոլոր զինադադարների մայրն է, իսկ Իրանի դեմ ուղղված պատերազմըՙ բոլոր պատերազմների մայրը»:
Մեկ օր չանցածՙ հուլիսի լույս 23-ի գիշերը, Թրամփը գլխատառերով պատասխանել է իր Twitter-ում. «Երբեւէ մի՛ սպառնացեք ԱՄՆ-ին, թե չէ կտուժեք այնպես, ինչպես ոչ ոք չի տուժել պատմության մեջ: Մենք այլեւս այն երկիրը չենք, որը կհանդուրժի ձեր խելագար խոսքերը բռնության եւ մահվան մասին: Զգուշացե՛ք»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը բազմիցս խիստ քննադատությամբ է հանդես եկել Իրանի հասցեին: Նա քննադատում է իր նախորդիՙ Օբամայի կնքած բազմակողմ համաձայնագիրը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ: Այդ համաձայնագրին չվստահելովՙ այս տարվա մայիսին Թրամփը իր երկիրը դուրս բերեց տվյալ համաձայնագրից: Համաձայնագրի մյուս մասնակիցները դատապարտեցին Թրամփի որոշումը: Իսկ ամերիկա-իրանական հակամարտության նոր առիթ դարձավ մինչեւ այս տարվա նոյեմբեր ուրիշ երկրների կողմից իրանական նավթի գնումների լիակատար դադարեցմանը հասնելու Պետդեպարտամենտի որոշումը: Հուլիսի սկզբներին նախագահ Ռոհանին հայտարարեց, որ Իրանը կարող է շրջափակել Հորմուզի նեղուցը, որտեղով անցնում է նավթի համաշխարհային արտահանության 30 տոկոսը: Դա եւս մեկ սպառնալիք է տարածաշրջանի անվտանգության համար:
Իհարկե կիրակի օրվա իր ելույթում Ռոհանին ոչ թե սպառնում էր հարձակվել ԱՄՆ-ի վրա, այլ նախազգուշացնում էր, որ պետք չէ հարձակվել Իրանի վրա: Թեհրանի հռետորաբանությունն այնքան էլ չի տարբերվում ԿԺԴՀ-ի հռետորաբանությունից, բայց Իրանը, ի տարբերություն Հյուսիսային Կորեայի, չունի միջուկային զենք: Թրամփին Իրանը ԿԺԴՀ-ից ավելի շատ է զայրացնում ոչ թե առավել վտանգավոր լինելու պատճառով, այլ այն պատճառով, որ հրաժարվում է հարմարվել ԱՄՆ-ին:
ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը համաձայնեց Թրամփի հետ հանդիպում ունենալ: Ըստ երեւույթին, դա մեծ կարեւորություն ունի Թրամփի համար: Սինգապուրում երկու կողմերի միջեւ ձեռք բերված կասկածելի համաձայնությունը իրավիճակն առանձնապես չի փոխում, բայց դրանից հետո Թրամփը դադարեց սպառնալիքներ հասցեագրել Կիմ Չեն Ընին:
Մինչդեռ Իրանի ղեկավարները անսասան դիրք են բռնել Թրամփի հետ բանակցելու հարցում: Իրանի նախագահի վարչակազմի ղեկավար Մահմուդ Վայեզիին վկայակոչելովՙ Mehr գործակալությունը վերջերս հաղորդեց, որ Թրամփը ութ անգամ փորձել է հանդիպում ունենալ Ռոհանիի հետ, երբ վերջինս 2017-ի աշնանը Նյու Յորքում մասնակցում էր ՄԱԿ-ի նստաշրջանին: Իրանական կողմը մերժել էր Թրամփի առաջարկը: Ինչպես նույն թվականին հաղորդեց The Washington Post թերթը, Թրամփը շահագրգռված է հանդիպելու Ռոհանիի հետ եւ Ֆրանիսիայի նախագահ Մակրոնին խնդրել էր միջնորդի դեր ստանձնել: Սակայն դա արդյունք չէր տվել:
Միանգամայն հնարավոր է, որ Թրամփը ցանկացած լինի վերանայել 2015 թ. ստորագրված իրանական միջուկային համաձայնագրի պայմանները: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն հմտորեն օգտագործեց Թրամփի վրդովմունքըՙ նրա ուշադրությունը հրավիրելով Սիրիայում իրանցի զինծառայողների ներկայության վրա: Թրամփի զայրույթը համապատասխան հետեւանքներ կունենա Թեհրանի համար:
Ինչպես նշում է «Ռեգնում» գործակալությունը, հավանաբար Թրամփը Սիրիայում ուղղակիորեն չի դիմակայի իրանցիներին, քանի որ Նաթանյահուն եւ Պուտինը արդեն քայլեր են ձեռնարկում իրանցի զինծառայողներին սիրիա-իսրայելական սահմանից հեռու պահելու նպատակով: Ըստ երեւույթին, Ռուսաստանն ու Իսրայելը ոչ պաշտոնապես համաձայնության են եկել, որ եթե ռուսները չկարողանան իրանական զորքը հեռացնել Իսրայելի սահմանից, ապա իսրայելցիներն իրավունք կունենան օդային հարվածներ հասցնել Սիրիայում իրանցիների ռազմական ենթակառույցներին: Ենթադրվում է, որ Հելսինկիում Թրամփը հավանություն է տվել ռուս-իսրայեական գործարքին:
Ինչ վերաբերում է Հորմուզի նեղուցը շրջափակելու Թեհրանի սպառնալիքին, քիչ հավանական է, որ իրանցիներն ուղղակի առճակատման մեջ մտնեն ամերիկացիների հետ, քանի որ այդ շրջանում գնվող իրանական ռազմանավերն արտադրվել են 1960-1970-ական թթ.: Ռուսաստանցի քաղաքագետ Մաքսիմ Իսայեվի կարծիքով, Իրանը ճիշտ կվարվեր, եթե համաձայներ բանակցել ԱՄՆ-ի հետ, ինչը գոնե որոշ ճկունություն կհաղորդեր երկկողմ հարաբերություններին: Սակայն Իրանի նախկին նախագահ Ալի Խամենեին հուլիսի 21-ին հայտարերեց, որ իր երկիրը «դիվանագիտությունը չի զատի գաղափարախոսությունից»:
Միջուկային գործարքից դուրս գալովՙ ԱՄՆ-ը վերսկսեց Իրանի դեմ ուղղված պատժամիջոցները: Իրանի տնտեսությունը լրջորեն տուժում է դրանց հետեւանքով: Ազգային արժույթը կտրուկ թուլացել է դոլարի նկատմամբ, իսկ Իրանից կապիտալի դուրսբերումը հասել է երկրի պատմության մեջ առավելագույն չափերին: Երկրի ներսում ի հայտ են գալիս դժգոհության դրսեւորումներ, եւ իշխանությունները դաժանորեն ճնշում են այլախոհներին:
Տվյալ իրավիճակից օգտվեց ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն , որը իր Twitter-ում զետեղեց Իրանին վերաբերող մի շարք հաղորդումներ: Կիրակի օրը նա պարսկերեն եւ անգլերեն գրեց «Միացյալ Նահանգները ձեզ լսում է, ձեզ հետ է, աջակցում է ձեզ»:
Ավելի ուշՙ երեքշաբթի օրը, նախագահ Դոնալդ Թրամփը Կանզաս Սիթիում ելույթ ունենալով արտերկրում կռված ամերիկացի վետերանների առջեւ հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է «միջուկային իսկական համաձայնագիր կնքել Իրանի հետ, որը կտարբերվի նախորդիցՙ ձախողվածից»: Թրամփի խոսքերով, Իրանն այլեւս առաջվա երկիրը չէ:
Թեհրանը հակված չէ համագործակցելու Թրամփի վարչակազմի հետ, սակայն միջազգային փորձագետներից շատերը կարծում են, որ Իրանիՙ ուրիշ երկիր դառնալու վերաբերյալ Թրամփի արած հայտարարությունը կարող է դրդել միջուկային բազմակողմ համաձայնագրի մասնակից մյուս երկրներին (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա) Թեհրանին համոզել փոխելու դիրքորոշումը միջուկային համաձայնագրի վերաբերյալ: