ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պգդ, պրոֆեսոր
Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված աննախադեպ որգեւորող ու հանդիսավորությամբ իրականացվող մեծաքանակ եւ տարբեր մասշտաբների միջոցառումների խորապատկերի վրա անշուշտ կարեւոր են նաեւ տարատեսակ աշխատությունների հրապարակումները: Աշխատություններ, որոնք գալիս են ներկայացնելու այն իրողությունը, որ նույնիսկ հայոց պետականության երկարաժամկետ չգոյության պայմաններում հայ մարդու հոգում անթեղված մնաց պետականությունը վերականգնելու հույսը, հավատը եւ դրա նկատմամբ աներեր վստահությունը: Այդտեսակ հրապարակումների շարքում անկասկած իրենց ուրույն ու անփոխարինելի դերակատարությունն ունեն արխիվային փաստաթղթերի ժողովածուները, որոնք կարեւոր ու անհրաժեշտ աղբյուր են թե՛ հետազոտողների եւ թե՛ ընդհանրապես պատմությունով, ազգագրությամբ, աստվածաբանությամբ եւ գիտության այլ հարակից ճյուղերով հետաքրքրվողների համար: Ուստի պատահական չէ, որ այդտեսակ յուրաքանչյուր ժողովածուի լույսընծայումը խանդավառում եւ ուրախություն է պարգեւում ուսումնասիրողներին: Անձամբ ինձ` պատմաբանիս համար, անչափ գնահատելի է ու ամենայն գովասանքի է արժանի նմանատիպ յուրաքանչյուր հրապարակում:
Օրերս շնորհակալությամբ նվեր ստացա «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը առաջին աշխարհամարտի եւ Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին (1914-1920)» երկհատոր խիստ շահեկան նյութերի ժողովածուն:
Մայիսյան հերոսամարտերին եւ Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակին նվիրված սույն երկհատորյակը կազմել է պգթ Գոհար Ավագյանը , խմբագիրն է պգդ Ամատունի Վիրաբյանը : Ժողովածուն հրատարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական խորհրդի եւ ՀՀ Ազգային արխիվի գիտական խորհրդի երաշխավորությամբ: Պատմաբաններին, աստվածաբաններին եւ ընդհանրապես հայագիտությամբ հետաքրքրվողներին հասցեագրված այս նյութերի ժողովածուն տպագրվել է Տ. Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանի մեկենասությամբ` ի հիշատակ եղբոր` Աստվածատուր Ավետիքյանի:
Մեկը մյուսի օրգանական շարունակությունը կազմող այս ժողովածուի առաջին հատորը բացվում է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայաստանի Առաջին Հանրապետության եւ Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված կոնդակով: Դրանում Վեհափառը բարձր գնահատելով հայոց պետականության վերականգնման իրողությունը եւ «պետականութիւնը ազգի կազմակերպման հիմքը, առաջընթացի ուղին, իր ձգտումներն իրագործելու եւ իրաւունքները պաշտպանելու պատուար ու ազգի յարատեւութեան գրաւական, իր արժէքներով ապրելու, իր հոգեւոր ներուժը դրսեւորելու յենարան» համարելով մաղթում է. «Թող Բարձրեալի օրհնութեան ու շնորհների ներքոյ մեր երկիրը եւ ժողովուրդը, աշխարհը համայն ապրեն խաղաղութեան մէջ` այսօր եւ միշտ (նշվ. աշխ. էջ 8):
Անդրանիկ հատորում ներկայացված են 393 փաստաթղթեր, որոնք ներկայացնում են 1914 թվականից` Առաջին աշխարհամարտի սկզբից մինչեւ 1917 թվականի փետրվարը` Ռուսական բուրժուադեմոկրատական հեղափոխությունը ընկած ժամանակաշրջանի իրադարձությունները: Հրատարակվող փաստաթղթերը, որոնք ժողովածուն կազմող Գ. Ավագյանի վկայությամբ պահպանվում են Հայաստանի ազգային արխիվում, աշխարհաքաղաքական բարդ եւ, հատկապես հայ ժողովրդի համար, ողբերգական ժամանակաշրջանի կարեւոր իրադարձությունները (Առաջին համաշխարհային պատերազմ, Հայոց ցեղասպանություն, գաղթականների հոսք դեպի Այսրկովկաս եւ այլն) ճիշտ հասկանալու տեսանկյունից ունեն գիտական եւ ճանաչողական մեծ արժեք:
Ժողովածուն բաղկացած է «Փաստաթղթեր եւ նյութեր», «Անձնանունների ցանկ», «Տեղանունների ցանկ», «Փաստաթղթերի ցանկ» բաժիններից: Գ. Ավագյանի ասելովՙ բոլոր փաստաթղթերը, որոշ բացառություններով, հրատարակվում են առաջին անգամ, բնագրի լեզվով` մասնակի ուղղագրական ու կետադրական շտկումներով:
Հայտնի է, որ Հայոց եկեղեցին պետականության չգոյության շրջանում հոգեւորից բացի իրականացրել է նաեւ հայ ժողովրդի քաղաքական առաջնորդությունը, ջանալով կազմակերպել ու ապահովել իր ազգի եւ հայրենիքի պաշտպանությունն ու անորոգայթ պահպանությունը: Իսկ 1914-1918 թթ. Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը` Ամենայն հայոց կաթողիկոսի գլխավորությամբ ու գործակցությամբ հոգեւոր ու ազգային գործիչներիՙ ծանրաբեռնված էր համազգային ծանրագույն խնդիրների լուծմամբ: Խնդիրներ, որոնք ներառում էին մի քանի հիմնական ուղղություններ. նվիրապետական աթոռների, թեմերի ու հոգեւոր դասի, պետությունների ղեկավարների, դիվանագետների, զինվորականների, արեւմտահայ գաղթականության, ճակատում կռվողների, հայ կամավորական խմբերի հետ, ինչպես նաեւ նրանց բոլորի մասին տեղեկություններն ու մշակութային արժեքները հավաքելու ու պահպանելու ուղղությամբ եւ կատարել վիթխարի դժվարին, երբեմն էլ` աներեւակայելի աշխատանք: Սակայն այդ մասին շատ քիչ աշխատություններ են գրվել եւ այդ բացը լրացնելուն մեծապես կօգնի ներկա ժողովածուն, որի վավերագրերը լույս են սփռում շատ ու շատ վիճահարույց հարցերի վրա: Մասնավորապես, հնարավոր կդառնա իրատեսական գույներով ներկայացնել Հայ եկեղեցու կողմից 1914-1918 թթ. ներդրած հետեւողական ջանքերը Հայկական հարցը հօգուտ հայ ժողովրդի լուծելու համար:
Անկասկած, անուրանալի էր նաեւ հայ եկեղեցականների նվիրվածությունը հայոց փրկության զարդապսակ Սարդարապատի հաղթությանը: Դրանում հատկապես մեծ նշանակություն ունեցավ քաջարի եւ անձնազոհ Տ.Տ. Գեւորգ Ե. Հայրապետի անբեկանելի վճիռն ու հայտնի պատգամը. «Ասացեք հայ բանակին, թե ես տեղիցս չեմ շարժվում: Ես չեմ թողնում Սբ Էջմիածինը: Եթե մեր զինվորները չեն կարողանում պաշտպանել, եւ թուրքերը մտնելու են Սբ Էջմիածին, իմ դիակը պիտի գտնեն Սբ Իջման սրբավայրում» (նշվ. աշխ. էջ 12): Իսկ կասկածից դուրս է, որ սարդարապատյան հաղթանակով սրբագործվեց 1918 թ. մայիսը` դառնալով բազմադարյա Հայոց պատմության նոր դարաշրջանի անկյունաքարը:
Գրեթե չկա տվյալ ժամանակաշրջանում հայ ժողովրդի կյանքում շատ թե քիչ նշանակալի իրադարձություն, որին ուղղակի կամ անուղղակի առնչված չլինի Հայոց եկեղեցին եւ այդ մասին հատորում ներկայացված են մեծ թվով վավերագրեր, նամակ-գրություններ, զեկուցագրեր, խնդրագրեր եւ այլն: Չկա նաեւ բնագավառ, որին եկեղեցին մասնակից չլինի կամ չարձագանքի եւ որոնց մասին համապատասխան վավերագրեր պահպանված չլինեն: Հատկապես պատերազմին, Կամավորական շարժմանը, Հայոց ցեղասպանությանն ու դրա ծանրագույն հետեւանքներին, ռուսական քաղաքական մեքենայնություններին, մեծ տերությունների երկդիմի պահվածքին ու ներքին կյանքին վերաբերող բազմաթիվ վավերագրեր կան:
***
1917 թ. փետրվարին Ռուսաստանում տեղի ունեցավ բուրժուադեմոկրատական հեղափոխություն, որը նոր ու մեծ փոփոխությունների սկիզբը դարձավ: Այն մեծ հույսեր ծնեց հատկապես տարաբախտ հայ ժողովրդի մոտ: Բոլորովին իրական գույներով եւ մոտ ապագայում տեսանելի էր դառնում Հայոց մեծ երազանքը` պետականության վերակերտումը: Հենց այս սահմանագծից էլ սկսվում է ժողովածուի երկրորդ հատորը, որի առաջին փաստաթուղթը միանգամայն իրավացիորեն եւ պատմականորեն պատճառաբանված Գեւորգ ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձ-ողջույնն է Ռուսաստանի Պետական դումայի նախագահ Միխայիլ Ռոդձյանկոյին` հեղափոխության հաղթանակի եւ նոր կառավարություն կազմելու առիթով:
Երկրորդ հատորում ընդգրկված են Հայաստանի ազգային արխիվի տարբեր ֆոնդերում պահվող 456 փաստաթղթեր, որոնք ներկայացնում են 1917 թ. մարտից, այսինքն` Ռուսաստանում բուրժուադեմոկրատական հեղափոխությունից, մինչեւ 1920 թ, վերջը` Հայաստանի Առաջին Հանրապետության անկումը, ընկած ժամանակաշրջանի կարեւոր իրադարձությունները: Ժամանակաշրջան, որը հարուստ ու հագեցած էր իշխանափոխություններով, քաղաքական ճգնաժամերով ու այլ տեսակի ցնցումներով:
Ժողովածուի երկրորդ հատորը եւս բաղկացած է «Փաստաթղթեր եւ նյութեր», «Անձնանունների ցանկ», «Տեղանունների ցանկ», «Փաստաթղթերի ցանկ» բաժիններից, որոնցում քայլ առ քայլ ներկայացվում է Հայոց պետականության վերականգնման գործընթացը: Գործընթաց, որն արդյունք էր երկունքի ու արարման մեծ հերոսականության եւ էնտուզիազմի աննախադեպ դրսեւորման: Բնականաբար այդ մեծանշանակ գործընթացում հասարակական-քաղաքական, կուսակցական եւ ռազմական գործիչների կողքին մշտապես ներկա ու ակտիվ մասնակից է եղել նաեւ Հայոց եկեղեցին: Հենց այդ գործուն մասնակցությանն էլ ականատես ենք լինում փաստաթղթերի այս ժողովածուն թերթելիս: Էջ առ էջ վեր է հառնում այն դժվարին, երբեմն էլ անհնարին թվացող, բազմաթիվ վտանգներով ու անհայտներով լեցուն կյանքն իր բազմաթիվ կողմերով եւ դրանցում Հայոց եկեղեցու մշտական եւ ամենագործուն մասնակցությամբ:
Վերջին շրջանում աշխատություն եմ գրում Հայաստանի Առաջին Հանրապետության գոյության ողջ շրջանում իշխող Հայ Հեղափոխական Դաշնակցությունից հետո երկրորդ ամենահզոր քաղաքական ուժի` Հայ Ժողովրդական կուսակցության գործունեության մասին, ուստի ինձ ավելի շատ հետաքրքրեց այս ժողովածուի հատկապես երկրորդ հատորը: Յուրաքանչյուր էջ թերթելիս անսպառ շնորհակալությամբ ես լցվում բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կանգնած են սույն ժողովածուն ստեղծելու ակունքներում: Քանի որ անհամեմատ հեշտ ու հաճելի է դարձել փնտրտուքը: Ժողովածուն արխիվային գործերի թերթերին տարիներով կուտակված հնության գաղջ օդից ու տհաճ հոտից զերծ մնալու երանելի հնարավորություն է տվել, ուզածդ վայրում ուզածդ դիրքով աշխատելու պատեհությունն ընձեռել: Անկասկած շատ է հեշտացել նաեւ սկսնակ ուսումնասիրողների գործը. արխիվային ցուցակներում եւ տարբեր «գործերում» փնտրտուքներ անելու եւ շատ դեպքերում նաեւ զուր ժամանակ վատնելու փոխարեն, նրանք ժամանակաշրջանի խնդիրների վերաբերյալ նյութեր կքաղեն այս ժողովածուից:
Խոստովանեմ, նախկինում կատարած ուսումնասիրությունների ընթացքում զգալի թվով արխիվային վավերագրերի արդեն ծանոթ էի, սակայն ժողովածուում դրանք ավելի հստակ ու պարզ ներկայացան, ավելի հեշտ դարձավ թիրախավորված թեմային վերաբերող ասելիքն ընկալելու գործընթացը, տարբեր վավերագրերում նույն խնդրի վերաբերյալ եղած նյութերն համեմատելն ու ճշմարտության վեր հանումը: Ահավասիկ, մի քանի փաստաթղթերում խոսվում է Հայոց եկեղեցու իրականացրած կրթամշակութային, դպրոցախնամ գործունեության (տես օրինակՙ փաստաթուղթ թիվ 17) եւ ընդհանրապես հայանպաստ գործերի մասին, որոնք իրականացնելիս եկեղեցին որպես մշտապես աջակից ու համախոհ ունեցել է Հայ Ժողովրդական կուսակցությանն ու ժողովրդական գործիչներին: Գործիչներ, որոնցից շատերն զբաղեցրել են ազգանպաստ տարբեր կառույցների ղեկավարությունը, ինչպես օրինակ` Կովկասի Հայոց բարեգործական ընկերության եւ Ազգային բյուրոյի նախագահ Սամսոն Հարությունյանը (թիվ 18), Ամերիկայի ազգային միության ատենապետ Միհրան Սվազլըն (թիվ 48) եւ այլն:
Ժողովածուն գնահատելի է նաեւ այն առումով, որ ընթերցող լայն հասարակության սեփականություն են դարձել մի շարք վավերագրեր հայ ժողովրդի կյանքում կարեւոր այնպիսի իրողությունների մասին, ինչպիսին է օրինակ Թիֆլիսում կայացած համազգային խորհրդակցության, քննարկված հարցերի եւ կայացրած որոշումների վերաբերյալ փաստաթուղթը: Վավերագիրը փաստորեն ներկայացնում է այն կառույցը, որը հայոց պետականության վերակերտման հիմքը դրեց: Փաստաթղթում ներկայացվում են կարեւոր տեղեկություններ այդ կառույցի կուսակցական կազմի (113 դաշնակցական, 43 ժողովրդական, 28 սոցդեմոկրատական եւ հնչակյան, 23 սոցհեղափոխական եւ 7 անկուսակցական) եւ դրա կողմից ստեղծված Ազգային խորհրդի կազմի (ՀՅԴ` 6, ՀԺԿ, Սոցդեմ., Սոցհեղ.` 2-ական, անկուսակցական` 3) վերաբերյալ (փ. թիվ 76) մասին :
Մեկ այլ կարեւոր փաստաթղթում էլ` Պողոս Նուբարին հասցեագրված Հայոց Ազգային խորհրդի գրության մեջ, ընդգծվում է այն տխուր իրողությունը, որ «տարաբախտաբար Ձեր երկիւղները հիմնաւորուած են. ռուսական բանակը գրեթէ կատարելապէս լքում է Կովկասեան ճակատը» (փ. թիվ 89) եւ եզրակացնում` մեր հույսը մեզ վրա պիտի դնենք: Կամ այն մասին, որ հայ ժողովրդին վերջնական կործանումից փրկելու համար նրա քաղաքական առաջնորդներն ստիպված պատրաստվում էին «գերմանական օրիէնտացիա ընդունել» (փ. թիվ 115): Կարեւոր մի վավերագիր էլ գալիս է լույս սփռելու վերջերս հաճախակի քննարկման առարկա դարձած Կարսի հանձնման պատճառների մասին բանավեճին: Գեւորգ Ե կաթողիկոսինՙ Ալեքսանդրապոլի վիճակի փոխանորդ Արտակ վարդապետ Սմբատյանի այդ թեմայով զեկուցագրում նկարագրվում է Կարսի շուրջ ստեղծված այն տխուր կացությունը, երբ խուճապի մեջ էին հայտնվել բոլորը եւ «առաջին ռումբի տրաքելուց յետոյ ամենքն սկսում են փախչել: Նոյն իսկ զինուորները, սպաները, զէնքերը ձեռքներին ու գնդակները կապած կրծքերին» (փ. թիվ 133):
Հիշարժան է նաեւ Հայոց Առաջին խորհրդարան կազմելու մասին Վեհափառին ուղղված Երեւանի փոխթեմակալ Խորեն եպիսկոպոս Մուրադբեկյանի (հետագայումՙ կաթողիկոս) զեկուցագիրը, որում նշվում է խորհրդարան կազմելու Ազգային խորհրդի անդամների քանակը եռապատկելու սկզբունքի մասին: Դրա արդյունքում Խորհրդարանն ունեցավ հետեւյալ կազմը` 18 դաշնակցական, 6 ՀԺԿ-ական, 6 Էսեռ, 6 Էսդեկ, 3 չեզոք եւ ՀՀ-ում ապրող ազգությունների 7 ներկայացուցիչներ: Նույն վավերագրում ասվում է, որ Հ. Քաջազնունու գլխավորությամբ կազմվում է նաեւ ՀՀ առաջին կառավարությունը հետեւյալ կազմով` գեներալ Հախվերդյան` զինվորական, Խ. Կարճիկյան` ֆինանսների, Ա. Խատիսյան` արտաքին գործերի եւ Ա. Մանուկյան` ներքին գործերի նախարարներ (փ. թիվ 145):
Անկասկած հիշարժան փաստաթուղթ է նաեւ 1920 թ. հունվարի 8/21-ին թվագրված Գեւորգ Ե Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնության կոնդակը Հայաստանում համալսարանի բացման առթիվ: Դրանում համառոտ նկարագրելով ՀՀ-ում տիրող ծանր վիճակը` անթաքույց հպարտությամբ շեշտվում է, որ հայ ժողովուրդը երբեք չի ընկճվել դժվարություններից, հետեւաբար կհաղթահարի դրանք, իսկ համալսարան ունենալը մեծագույն պատիվ է յուրաքանչյուր քաղաքակիրթ եւ, իհարկե նաեւ, հայ ազգի համար (փ. թիվ 380):
Նշենք, որ արժեքավոր շատ վավերագրեր են տեղ գտել այս ժողովածուում, որոնց բոլորին անդրադառնալը, առավել եւս դրանց նկատմամբ վերաբերմունք դրսեւորելը, մեկ հոդվածում հնարավոր չի: Առավել եւս, որ կան փաստաթղթեր, որոնք տարակարծությունների տեղիք են տալիս: Բերենք ընդամենը մեկ օրինակ. Ազգային պատվիրակության գործունեության մասին Գեւորգ Ղազարյանին ուղղված Խորեն եպիսկոպոս Մուրադբեկյանի նամակում հեղինակը ցավով նշում է, որ Ա. Ահարոնյանի եւ Պ. Նուբարի «կռիւների բուն պատճառը փառասիրութեան շուրջն է, որ կուսակցական պատկերով բոլորովին զուր սկսուել եւ շարունակւում է, իսկ մեր ներքին կռիւները ֆրանսիական եւ անգլիական արտաքին գործոց նախարարութեանց սեփհականութիւն են դարձել» եւ որ դրանք նրանք վարպետորեն օգտագործում են հենց մեր դեմ (փ. թիվ 397) եւ այլն:
Կուզենայի նաեւ մեկ-երկու ցանկություն հայտնել. ժողովածուն ավել կշահեր, եթե ժամանակակագրականից բացի ինչ որ ձեւով ընդգծվեին (օրինակ տառաձեւով կամ մգությամբ եւ այլն) վավերագրերի թեմատիկ առանձնահատկությունները, կամ նշվեր փաստաթղթերի մինչ ժողովածուի կազմելը հրատարակված լինել-չլինելու փաստը եւ այլն:
Ամփոփենք: Սարդարապատի հաղթանակով օծված եւ հայոց պատմության նոր դարաշրջանում հայ ազգը վերագտավ իր անկախությունը, իսկ Հայոց եկեղեցին կրկին ազգի առաջնորդներին վերահանձնեց Հայոց պետականության ղեկը: Այդ կարեւոր իրողությունից էլ սկսվել է մեր հաղթարշավը պատմության լայնարձակ դաշտում ազատ ու հզոր Հայրենիք կերտելու ուղղությամբ: Մեր խոյանքը հավերժի ճամփով այլեւս աներեր է ու անբեկանելի: Իսկ պատմական հիշողությունը մեր արմատներն են, որոնք պիտի սնեն վեհի ու վսեմի այդ խոյանքը: Իսկ այդ ետնախորքի վրա Կասկածից դուրս է, որ փաստաթղթերի այս ժողովածուի հրատարակությունն անհրաժեշտ է ու ազգանվեր գործ է եւ խիստ շահեկան ներդրում Հայոց պատմության եւ հատկապես` աղբյուրագիտության բնագավառում:
Ուզում եմ ընդգծել կազմող պգթ Գոհար Ավագյանի բարեխիղճ ու գործիմաց աշխատանքը: Առանց չափազանցելու ընդգծեմ, որ միայն տողատակերի բացատրությունները, անվանացանկերն ու տեղանունների ցանկերը կազմելը տիտանական ջանքեր են պահանջում, որը կատարվել է պրոֆեսիոնալին վայել մակարդակով:
Հատուկ ցանկանում եմ նշել գործընկերոջս` պգդ Ամատունի Վիրաբյանի խմբագրական անթերի գործառույթը: Ճանաչելով նրան կարող եմ պատկերացնել որքան բծախնդրությամբ է ստուգել յուրաքանչյուր փաստաթուղթ ու դրանց բովանդակությունները եւ նույնիսկ թվահամարները:
Անկասկած խորին երախտագիտությունս եմ ուզում հայտնել ժողովածուի մեկենաս Տ. Փառեն Արքեպիսկոպոս Ավետիքյանին` համեստ պատմաբանի կողմից խորին շնորհակալություն: Բոլորին, ովքեր լույս աշխարհ են բերել այս ժողովածուն, սիրով ասում եմ` վարձքներդ կատար, բարեկամներս…
3.07.2018