Ռ. ԶՈՒՐԻԿՅԱՆ, Պատմաբան, լրագրող
Ջավախքում, ինչպես միշտ անհանգիստ է եւ անկանխատեսելի: Խնդիրն այն է, որ վրացական իշխանությունները ոչ մի կերպ չեն հաշտվում վիրահայության մարդկային եւ ազգային իրավունքների առկայության հետ: Իհարկե, ներկայումս Վրաստանում շատ բան փոխվել է դեպի դրականը, հաստատվել են եվրոպական որոշակի չափանիշներ եւ այլն: Սակայն ազգային փոքրամասնությունների խնդիրները մինչեւ այժմ էլ լուծում չեն գտնում, քանի որ Վրաստանը չի թոթափում փոքր կայսրության կարծրատիպը եւ կայսերական իր պղտոր նկրտումները:
Վերջերս Ախալցխայում ոմն ստահակ Գելաշվիլի հրապարակավ հայհոյել է տեղի հայերին, իրեն պատկանող ավտոմեքենայով շրջափակել հայերի ճանապարհը, որպեսզի վախ սերմանի եւ անհարմարության զգացում առաջացնի հայերի շրջանում: Համոզված ենքՙ սա արվում է որոշակի սցենարով եւ նպատակ ունի հայաթափել քաղաքն ու շրջակա գյուղերը: Իսկ այս քաղաքը (հին հայկական Ախուխա) եւ Սամցխեն պատմական հայկական տարածքներ են, որտեղ հայերը նախկինում տեր ու տիրական էին: Նման քստմնելի դեպքեր մոտ անցյալում եւս եղել են, օրինակՙ սպառնալից թռուցիկների տեսքով, որոնք փակցվել են շենքերի պատերին եւ այլն:
Սա վերաբերում է նաեւ ջավախքահայությանը, որն անարդար ձեւով ճնշումների թիրախ է դառնում արդեն որերորդ անգամ: Խոսքը նրբաբնույթ մի հարցի մասին է: Յուրաքանչյուր պետություն ունի ազգային անվտանգության իր խնդիրները, որոնց կատարումը օրինաչափ երեւույթ է: Բայց բնականոն այդ գործառույթները չի կարելի շփոթել այլազգիների իրավունքների հետ: Խնդիրն այն է, որ Վրաստանի ազգային անվտանգության ծառայությունն ազգային փոքրամասնությունների շրջանում որոնում է հակապետական թվացյալ դավադրություն կամ անջատականություն, որոնք ընդհանրապես բնորոշ չեն այս երկրամասի հայությանը եւ վիրահայությանն ընդհանրապես: Այսինքնՙ ամեն տեսակ դժգոհությունը դիտարկվում է հակավրացական եւ հակապետական տրամադրություն, որն իրականությանը բնավ էլ չի համապատասխանում:
Մինչեւ այժմ էլ վրացական իշխանությունններն արգելում են հայերեն դասագրքերի եւ գեղարվեստական գրականության մուտքը Վրաստան, որը կատարյալ անհեթեթություն է: Հայերենը չի դառնում տարածաշրջանային լեզու Ջավախքում, որը չի հակասում պետական լեզվի կարգավիճակին եւ կապվում է ազգային ինքնության պահպանության հետ: Հայ երեխաներին դասավանդում են կեղծված վրաց պատմություն, որն անթույլատրելի է միջազգային իրավունքի տեսանկյունից: Այսպես, այժմ մտադիր են Ախալքալաքի բերդը նորոգել որպես վրացական հուշարձան եւ ընդհանրապես ջնջել Հայոց քաղաքակրթական հետքը պատմական հայկական այս տարածքում: Մինչդեռ բազմաթիվ սկզբնաղբյուրներ վկայում են, որ այս տարածքը մտել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի մեջ, իսկ Բագրատիոն հորջորջված արքաները պարզապես հայազգի Բագրատունիներն են: Պատմական աճպարարությունները ճշմարտության հետ ոչ մի աղերս չունեն: Ստացվում է, որ վրացական իշխանությունները չեն կարողանում մարսել Ջավախքը եւ ստիպված դիմում են փաստերի նենգափոխության:
Նախկին վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու պաշտոնանկության հետ կապված աշխուժացել են տականքային որոշ ուժեր (վրացական եւ հայկական), որոնք ցանկանում են վերականգնել իրենց նախկին դիրքերը երկրամասում: Ըստ որոշ տեղեկություններիՙ Թբիլիսին որոշել է Կախա Թոփուրիային նշանակել Վրաստանի ազգային անվտանգության ծառայության Սամցխե-Ջավախեթիայի (պատմական Ջավախք) տարածաշրջանային պետ: Այս անձը 2006-2010թթ. աշխատել է այստեղ եւ բազմաթիվ ապօրինություններ գործել ազգային անվտանգության անվան տակ: Օրինակՙ արգելել է հայ մանկավարժներին վերապատրաստվել Երեւանում, դասագրքեր ստանալ Հայաստանից, խոչընդոտել հայերենի գործածությունը Ջավախքում եւ այլն: Այնուհետեւ, սույն պաշտոնյան կենտրոնում խնամարկում էր այս տարածաշրջանը նույն մերժելի եւ անընդունելի եղանակներով: Նա նաեւ պաշտոնավարել է Հարավային Օսիայում եւ Աբխազիայում, ուր եւս աչքի է ընկել վայրագություններով եւ դաժանություններով: Ի դեպ, Թոփուրիան եղել է նաեւ Վրաստանի խորհրդարանի պատգամավոր: Փաստորեն, սա վրացական «բարեկամական» ճնշումների հաջորդ փուլն է, որպեսզի հայերը թողնեն հեռանան իրենց տարածքներից: Այս գործելակերպն ազգային խտրականության եւ հալածանքների դրսեւորում է:
Այս ամենը հակասում է Վրաստանի հիմնական օրենքինՙ Սահմանադրությանը եւ գործող միջազգային օրենքներին: Սա հստակ ծրագիր է, որը միտված է Վրաստանը դարձնել միաէթնիկ պետություն եւ յուրովի «լուծել» ազգային հիմնախնդիրները: Ասենք, որ եթե կա ճնշում, ապա կարող է լինել նաեւ հակազդեցություն, որն անցանկալի է այսօրվա Վրաստանի համար: Չէ՞ որ նա Ադրբեջանի եւ Թուրքիայի առնչությամբ ունի ազգային անվտանգության հարցեր, որոնք արդեն սպառնում են նրա բուն գոյությանը: Խոսքը Մարնեուլի հիմնականում ադրբեջանաբնակ շրջանում եւ մահմեդականներով բնակեցված Աջարիայում տիրող իրավիճակի մասին է: Թերեւս, արժե՛ այս մասին մտածել եւ այն էլ լրջորեն: Հակառակ դեպքում աղմուկը շատ մեծ կլինի, իսկ մեր հակադարձումըՙ պատշաճ կերպով:
Տեղին ենք համարում նշել, որ այս տարվա սեպտեմբերին իշխանությունները մտադիր են ամբողջ Վրաստանում (նաեւ Ջավախքում) միակ լեզու հռչակել վրացերենըՙ անտեսելով հայերի եւ այլ ազգերի իրավունքները: Ըստ այդմ, հայերենը կդառնա օտար լեզու, իսկ դասավանդումը ազգային դպրոցներում կլինի վրացերենով: Վրացական իշխանությունները կիրառում են օրենսդրական ահաբեկչություն. «Կրթության մասին» օրենքում վերացրել են «ազգային դպրոց» հասկացությունըՙ չեղարկելով նաեւ մշակութային ինքնավարության մասին հիմնադրույթը: Իսկ սա ազգային ինքնության դեմ ուղղված մահացու հարված է եւ հակասում է միջազգային օրենքներին: Ավելին, սա պայթյունավտանգ իրավիճակ է, որը կարող է հանգեցնել արդարացի ընդվզման: Մինչդեռ վրացինեը կարող են եւ պարտավոր են այժմ հենվել հայերի, մեգրելների, աբխազների, աջարների եւ այլ ազգերի աջակցության վրա, որը կհզորացնի Վրաստանը: Սրա մասին արժե լուրջ մտածել:
Չհասկացողների կամ դժվար հասկացողների համար ասենք, որ վիրահայերը մտադիր չեն լռել ու հանդուրժել բռնաճնշումները, այլ կարող են համարժեք հակահարված տալ այլատյաց յուրաքանչյուր ուժի: Իսկ նրանց թեկունքում ամբողջ հայությունն է եւ այն էլ խիստ համախմբված: Եվ այս հանգամանքը կասկած չի հարուցում: Մենք Վրաստանի օրինապահ քաղաքացիներ ենք եւ առաջնորդվելու ենք երկրի Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կարծում եմՙ վրացական իշխանությունները պետք է սթափվեն ու զգաստանան, եթե չեն ցանկանում երկրի կործանումը: Ողջամտությունը, այլասիրությունը եւ մյուս ազգերին հարգելը միայն կուժեղացնի բազմազգ Վրաստանը, որը բխում է երկրի պետական ու ազգային շահերից: Չմոռանանք, որ հայերը միշտ էլ աջակից են եղել վրացիներին աղետալի եւ դժվար ժամանակներում: