Հանրապետության նախագահը երկուշաբթի մասնակցեց ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստին: Սերժ Սարգսյանը բավականին երկար ելույթ ունեցավ եւ ափսոս, որ այդ ընթացքում հեռուստաէկրաններից երեւում էր միայն նախագահը, կամ ոստիկանապետը (որը բեմում էր նստած), եւ կամ ոստիկանների առաջին, այլ ոչ թե վերջին շարքերը, քանի որ շատ հետաքրքրական կլիներ տեսնել, թե ինչպե՞ս են ոստիկանության վերջին շարքերում արձագանքում նախագահի ելույթին: Հետաքրքրական եւ շա՛տ կարեւոր. բանն այն է, որ նախագահն իր ելույթի զգալի մասի ընթացքում հենց այդ վերջին շարքերի մասին էր խոսում, օրինակՙ պետավտոտեսուչներից նրանց, որոնց լկտիությունն արդեն այնքան բարձր մակարդակի է հասել, որ չեն քաշվում անգամ իրենց վրա տեղադրված տեսախցիկներից… Նախագահը հենց այդպես էլ ասացՙ պետավտոտեսուչներ, որոնց լկտիության մակարդակը…
Հեռուստատեսությունում մի կանոն կա. եթե օրինակ լրագրողը կադրից դուրս պատմում է լոլիկի մասին, ապա նպատակահարմար չէ վարունգ ցույց տալ, եւ ուրեմն երբ նախագահը խոսում է լկտի պետավտոտեսուչներից, նպատակահարմար է հենց նրանց ցույց տալ, եթե իհարկե նախագահը ճիշտ է ասում, որ նման պետավտոտեսուչներ համակարգում կան: Ի դեպ, շատ հնարավոր է, որ ճիշտ չի ասում, չի բացառվում, որ բոլորից առաջ հանրապետականները շուտով հակադարձեն Սերժ Սարգսյանինՙ պնդելով, նույնիսկ ապացուցելով, որ ոստիկանության համակարգում լկտի պետավտոտեսուչներ չկան, քանի որ Հայաստանի ոստիկանությունը, Հայաստանն առհասարակՙ Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ վաղուց արդեն երկրում հաստատել է լրիվ օրինականություն եւ հիմա կյանքի գնով պահպանում է այդ օրինականությունըՙ ի նպաստ պետության եւ ի փառս հայ ժողովրդի: Հենց այդպես էլ կասեն, ամեն դեպքում, երբ նախագահի փոխարեն այլ մեկն է պետավտոտեսուչների մեջ կամ ոստիկանության համակարգում առհասարակ նկատում լկտիների, հարձակվում են վրանՙ պնդելով, որ Հայաստանըՙ Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ… ի փառս հայ ժողովրդի:
Բայց նախագահը ոստիկանների հետ հանդիպմանը մեկ այլ, շատ ավելի կարեւոր բացահայտում է արել: Պարզվում է, որ մենք հիմա այդքան էլ ապահով Հայաստանում չենք ապրում, դե այսինքն երբ մի քանի տարի առաջ սկսեցինք շարժվել դեպի ապահով Հայաստան, հիմա դեռ չենք հասել, առաջ գնում ենք (ըստ նախագահի), բայց դեռ տեղ չենք հասել (ըստ նախագահի): Ավելի կոնկրետ նախագահն ասել է. Օրը ցերեկով, շատերի աչքի առջեւ հրազենի գործադրմամբ կատարվում են ծանր հանցագործություններ: Այս երեւույթը մտահոգիչ է նաեւ այն առումով, որ նման դեպքերը չեն պակասում, այլ ավելանալովՙ ստանում են առավել հանդուգն դրսեւորումներ: Դե սա արդեն խայտառակություն է, պարոնայք. նախագահը, պարզվում է, չգիտի, որ Հայաստանում օրը ցերեկով ոչ ոք հրազեն չի կիրառում, կիրառում են միայն գիշերը, այն էլ սահմանին, այն էլ, եթե կա «կրակ» հրամանը, այլ ցանկացած պարագայում հրազեն Հայաստանում չի կիրառվում, ու այդ մասին, փաստորեն, նախագահը չգիտի: Չգիտի նաեւ, որ արդեն շուրջ տասը տարի է, ինչ ինքը նախագահ է ու երկրում ոչ մի ծանր հանցագործություն չի կատարվելՙ ոչ օրը ցերեկով, ոչ ուշ գիշերին, ոչ աղջամուղջին, մթնշաղին, կամ այգաբացին, երբեք, ոչ մի ժամի: Հետեւաբար չգիտի, որ ծանր հանցագործությունների թիվը Հայաստանում ոչ թէ ավելանում է, այլ առհասարակ թվեր չկան, քանի որ մեր ոստիկանությունը, Հայաստանն առհասարակ, Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ… ի փառս հայ ժողովրդի:
Իսկ այդ ժողովրդին մնում է հիմա հասկանալ. ո՞րն է խայտառակությունը. այն որ ապահով Հայաստանում օրը ցերեկով, շատերի աչքի առջեւ հրազենի գործադրմամբ կատարվում են ծանր հանցագործություններ, եւ որ այս երեւույթը մտահոգիչ է նաեւ այն առումով, որ նման դեպքերը չեն պակասում, ավելանալում ենՙ ստանալով առավել հանդուգն դրսեւորումնե՞ր, թե՞ այն որ նախագահը իրազեկված չէ երկրի անցուդարձից ու չգիտի, որ Հայաստանում վաղուց արդեն ծանր, թեթեւ, միջին հանցագործություններ տեղի չեն ունենում: Սերժ Սարգսյանն ասում է, որ առաջին դեպքն է, ՀՀԿ ակտիվը պնդում է, որ երկրորդ դեպքն է: Իրենք իհարկե չեն ասում, որ նախագահն իրազեկված չէ, բայց նախագահն ասում է այնպիսի բաներ, որոնք նրանք հերքում են, թաքցնում են, ցույց չեն տալիս: Ճիշտ հեռուստաէկրաններց երեւացող ոչ պրոֆեսիոնալ կադրերի պես, երբ լրագրողը խոսում է լոլիկի մասին, իսկ էկրանին երեւում է վարունգ: Ի դեպ, սա եւս խայտառակություն է: