Ակընդետ հետեւում եմ տպագիր եւ էլեկտրոնային մամուլի ու այլ տեսակի ԶԼՄ-ներում հայ ժողովրդի երկու հատվածների ապագային եւ անելիքներին վերաբերող հրապարակումներին: Դրանք ավելի հաճախակի են դարձել հատկապես Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի նախօրյակին: Կրկին արդիական ու հրատապ են հարցեր, որոնք մշտապես կախված են եղել օդում եւ պատասխանի են սպասել: Հարցեր, որոնք թեեւ տարբերվում են իրենց առաջնահերթությամբ ու ծավալներով, սակայն նույնքան կարեւոր են ու լուծման կարոտ:
Դրանց պատասխաններն ու լուծումները գտնելու համար նախ եւ առաջ հարկավոր է հստակ ու ամբողջ ծավալով պատասխանել հարցերի մայր հարցին` որն է մեր համազգային նպատակը կամ որն է այն տեսլականը, որի լուծմանը պիտի ուղղված լինի մեր համազգային ներուժը: Իհարկե, ես հասկանում եմ, որ մի քանի բառով այնքան էլ հեշտ չի ձեւակերպել այդ «որ»-ի պատասխանը, սակայն տարբեր մասնագիտությունների ու խավերի խելացի ու շահագրգիռ ներկայացուցիչների համատեղ ջանքերով կարելի է փորձել: Հստակ է, որ դա մեկ օրվա ու մի գրչի հարվածով լուծելիք խնդիր չէ: Անհրաժեշտ է հաշվի առնել բոլոր բաղադրիչները, որպեսզի սխալներն ու վրիպումները բացառվեն:
Կարծում եմ հարկ չկա շեշտելու, որ մենք ցարդ չունենք հստակ քաղաքական մի ուղեգիծ, որը համապատասխանի ազգիս հավաքական կամքին եւ շահերին: Կարիք չկա նաեւ ասելու, որ նազարահրաշքի արդյունքում իշխանության ղեկին հայտնված որոշ անհատներ ու խմբեր իրենց իրավունք վերապահեցին ուղղորդելու ազգին: Փույթ չէր, որ դրա արդյունքում այսօր ունենք սակավահայ ու դատարկվող, անընդհատ ծերացող, արտաքին ու ներքին պարտքերի մեջ թաղված ժողովուրդ եւ ամեն օր տռզող ու հղփացող «էլիտա»: Այսինքն` ոչ մի անհատ կամ մարդկանց խումբ (դա լինի կուսակցություն կամ մեկ այլ բան) ինքն իրեն իրավունք չպիտի վերապահի ամբողջ ազգի անունից խոսելու եւ գործելու թե՛ Հայրենիքում, թե՛ Սփյուռքում: Դա պետք է արվի միմիայն համազգային կառույցի, իրապես ամբողջ ազգի շահերն ու նպատակներն արտահայտող ու արդարացնող կառույցի կողմից: Պատկերավոր ասած` ազգն իր հավերժի նավը վարելու համար բոլոր խավերի ու հատվածների համագործակցության կարիքն ունի, բոլոր հոսանքների կամքը ներկայացնող մարմին ստեղծելու անհրաժեշտությունը: Իսկ անունը Համահայկական խորհուրդ կլինի, թե մեկ այլ բան, այնքան էլ կարեւոր չէ:
Ամենակարեւորն այն գիտակցումն է, որ այդ կազմակերպության նպատակների ու գործունեության առանցքն արբանյակ գաղթօջախների անխաթար միասնության հենքով Հայաստանը պետք է լինի: Բայց քանի որ առայժմ ներկա Հայաստանի հնարավորությունները բավականին համեստ են միայնակ ամբողջ հայության ճակատագիրը տնօրինելու համար, ուստի անհրաժեշտ է բոլոր հատվածների անկաշառ մասնակցությունն ու համախմբումը ստեղծվելիք կառույցի շուրջը: Անչափ կարեւոր է, որ այդ կառույցի գործունեությունն ու պահվածքը համահունչ լինի Հայաստանի Հանրապետության շահերին ու ներքին եւ արտաքին քաղաքականությանը: Մեր պատկերացմամբ այդ կառույցը պետք է դառնա այն կապող օղակը, որի թելերը պիտի ձգվեն, հասանելի դառնան մեր մոլորակի ամենահեռավոր ծայրերն ու միմյանց կապեն աշխարահասփյուռ հայությանը, որը կնմանվի բազմագործիք, բայց համահունչ նվագախմբի: Հակառակ դեպքում ամեն մի գաղթօջախում իր թմբուկը կզարկի որեւէ կարող անհատ կամ կազմակերպություն, իսկ այդ դեպքում խմբակային համահունչ երաժշտության փոխարեն կստացվի անհասկանալի ռիթմերով դղրդացող թմբուկների աղմուկ:
Վերջին ժամանակներում հայրենիքում եւ սփյուռքում եղած հրապարակումներում էլ կարմիր թելի նման անցնում է այն միտքը, որ նման կառույցի ստեղծումն անհրաժեշտ է, տեղին ու ժամանակին: Այսպես, օրերս «Ազգ» թերթին տված հարցազրույցում ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը ոչ միայն չի վիճարկում դրա ստեղծման անհրաժեշտությունը, այլեւ մտահոգ է միայն, որ այն լինի դինամիկ, կայուն, հեղինակավոր եւ մշտապես գործող կառույց («Ազգ», 1 սեպտեմբերի, 2017):
Բեյրութի «Ազդակ» թերթի խմբագիր Շահան Գանտահարյանի կարծիքով էլ, քանի որ հոբելյանական տարվա` Հայաստանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի նախաշեմին ենք` բոլոր քննարկումների առանցքը հանդիսանալու է պետականությունն իբրեւ մեր համազգային գոյության կարեւորագույն երաշխիք եւ ակնկալում, որ կյանքի կկոչվի Համահայկական խորհուրդը, որի առաջին նախադեպային փորձը փայլուն ձեւով աշխատեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգելու առումով: Ապա ավելացնում, որ Համահայկական խորհուրդը անհրաժեշտություն է եւ անհետաձգելի հրամայական` իբրեւ թե՛ հայրենական, բնականաբար, նաեւ` արցախյան, թե՛ սփյուռքյան ռազմավարական նշանակություն եւ համահայկական տարողունակություն ունեցող հիմնախնդիրները համակարգելու եւ միասին աշխատելու առումով (տե՛ս http://www.nt.am/am/news/ARlQ.twitter): Ավելին, նա ենթադրում է նաեւ, որ Խորհուրդը կունենա տարածաշրջանային խորհուրդներ կամ հանձնաժողովներ, որոնք կհամագործակցեն եւ կհամադրեն իրենց ծրագրերը Համահայկական կենտրոնական խորհրդի հետ:
Մոտալուտ համաժողովի նախօրեին Ուոթերթաունում լույս տեսնող ՌԱԿ պաշտոնաթերթ «Պայքար»-ն էլ իր հետաքրքրական եւ բովանդակալից խմբագրականում բոլորովին չվիճարկելով նման կառույցի ստեղծման անհրաժեշտությունը` միայն մտավախություն է հայտնում, որ այն հանկարծ չդառնա ՀՀ իշխանությունների արհեստական կցորդն ու հերթական ձեւական ու անկենսունակ կազմակերպությունը («Պայքար», 27 օգոստոսի, 2017):
Գրեթե նույն բովանդակությամբ ու նույն սպասելիքներով այդպիսի մոտեցում են հանդես բերել հայրենի ու սփյուռքահայ բոլոր այն ԶԼՄ-ները, որոնք անդրադաձել են խնդրին: Այնպես որ, կառույցի ստեղծման գաղափարը կարծես թե ոչ ոք չի վիճարկում: Սակայն դրա ստեղծման ձեւերի, գործելու սկզբունքների, իրավունքների, պարտականությունների եւ այլ զանազան հարցեր պարզաբանման կարիք ունեն: Ավելին, հայ հասարակությունը բացարձակապես անտեղյակ է դրանց մասին: Իսկ որպեսզի տարակարծություններն ու արհեստական խոչընդոտները բացառվեն, հարկավոր էր ստեղծվելիք այդ կազմակերպության ծրագրային հիմնադրույթներն ու կանոնադրական նորմերը թե՛ Հայաստանում եւ թե՛ Սփյուռքում նախապես դրվեին լայն համաժողովրդական քննարկման: Այնուհետեւ այդ քննարկումների արդյունքները հաշվի առնելով մշակվեին համապատասխան նորմերը եւ նոր դրանք ներկայացվեին հաստատման: Հակառակ դեպքում, տխուր պատկեր կունենանք նաեւ այս հարցում, քանի որ կրկին օրակարգի խնդիր կդառնա տարածված այն կարծիքը, թե սփյուռքի համակարգումը մեր իշխանությունները պատկերացնում են անվերապահ իրենց ենթարկվելու ձեւով, ինչը շատ դեպքերում խրտնեցնում, իրենից հեռացնում է առողջ ուժերին եւ առիթ դառնում զանազան ոչ ցանկալի խոսակցությունների:
***
Ի դեպ, համաժողովի ներկայացված հարցերի վերաբերյալ ունենք մեր վերապահությունները: Օրակարգի հարցերի ներկայացված հերթականությունն (1. Հայաստանի զարգացման հիմնախնդիրները, 2. Հայաստանի պաշտպանական քաղաքականության առանձնահատկությունները, 3. Արտաքին քաղաքականության օրակարգ, 4. Հայապահպանության խնդիրները) իրենց կարեւորությունից ելնելով միանշանակ պետք է փոխվեն: Գաղտնիք չէ, որ այսօր մեր թիվ մեկ խնդիրը հետեւապես էլ թիվ 1 հարցը հայապահպանությունը պետք է լինի թե՛ ՀՀ-ում, թե՛ ամենուր, որովհետեւ առանց հայության մնացյալ հարցերը պարզապես անիմաստ են դառնում: Անմիջականորեն դրան ածանցյալ պետք է քննարկվի եւ հստակ ուղիներ նշվի արտագաղթը կանխելու եւ ամբողջովին դադարեցնելու ուղղությամբ: Այդ քննարկումներում պիտի ելակետ դառնա այն համոզումը, որ մարդիկ ավելի շատ գաղթում են անելանելի վիճակում հայտնվելու, համատարած անարդարություններին բախվելու եւ ոչ թե մի փոր հացի համար: Ուշադրության պիտի առնվի այն կարեւոր հանգամանքը, որ հայաստանաբնակ հայերի ճնշող մեծամասնությունը փոխատվական, վաշխառուական կապիտալի ճիրաններում տառապում Է, իսկ այդ եկամուտները հոսում են մի քանի նախկին ու ներկա իշխանավորների կամ նրանց մոտ կանգնած անհատների գրպանները: Պետք է հստակ նշվի, որ արտագաղթի հիմնական պատճառը մեր իշխանությունների եւ օլիգարխիայի կիսաքրեական համաձուլման արդյունքում ստեղծված համատարած անարդարությունների համակարգն է:
Ինչ վերաբերում է համաժողովի օրակարգի թիվ 2 հարցին, ապա մեր կարծիքով նախ պետք է հիմքեր ստեղծվեն հասարակության միասնականության, համախմբվածության համար, որը հայրենիքի պաշտպանության համար ամենակարեւոր գործոնն է: Այնինչ հավասարության ու միասնության մասին խոսք լինել պարզապես չի կարող: Առաջին հայացքից անգամ ակնհայտ երեւում է, որ բոլոր պաշտոնական ու ոչ պաշտոնական հրապարակումներում թե՛ ապրիլյան օրերին, թե՛ դրանից առաջ ու հետո էլ դիրքերում զոհվել կամ վիրավորել են մեծամասամբ ամենաանապահով խավի զավակները: Պետք է վերջ տրվի նաեւ տխուր մի իրողության, որն ստեղծվել է մեր բանակում: Պաշտոնատար անձանց երեխաները հիմնականում չեն ծառայում բանակում, իսկ միջին ծառայողական ու ֆինանսական հնարավորությունների տեր ծնողների որդիները ծառայում են ամենաապահով տեղամասերում: Ընդհանրապես, բանակում ստեղծվել է մի արատավոր համակարգ, որի ծայրագույն, ամենապատասխանատու եւ ամենավտանգավոր օղակում ծառայում են բացարձակապես ամենաընչազուրկ խավի զավակները: Սրանք հարցեր են, որոնք, այո, համահայկական հնչողություն ունեն եւ թույլատրելի սահմաններում պետք է քննարկվեն եւ լուծումներ գտնեն:
***
Մի կարեւոր խնդիր էլ կա: Համաշխարհային փորձը ցույց տվեց, որ միաբեւեռ կառավարվող աշխարհն ավելի վտանգավոր ու անկառավարելի կարող է դառնալ, քան երկբեւեռը կամ բազմաբեւեռը: Սա միանշանակ վերաբերում է նաեւ Սփյուռքին: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ տեւական ժամանակ է, որ փաստորեն (de facto) Սփյուռքը մեծ մասամբ ուղղորդվում է մեկ քաղաքական ուժի կողմից: Մեկ այլ դեպքում գուցե թե սա դրական արդյունք ապահովեր: Սակայն, թեկուզ գիտակցության մեջ, բայց դեռեւս իր արեւմտահայաստանյան արմատներին ամուր կառչած Սփյուռքն իր անցյալով, կայուն ու արմատացած սովորույթներով, քաղաքական, կրթական կառույցներով եւ ժառանգականության կարծրացած գործոնով այլ արդյունք է տալիս:
Ձեւավորման առաջին տարիներից սկսած Սփյուռքում հստակ էր մեկ բան. բոլոր (կամ գրեթե բոլոր) գաղթօջախներում գործում էին ՌԱԿ, ՍԴՀԿ եւ ՀՅԴ կուսակցությունները, որոնք ունեին իրենց դպրոցները, թերթերը, ակումբները եւ այլ ենթակառույցներ: Ճիշտ է, նրանց միջեւ գոյություն ունեին որոշ տարաձայնություններ, որոնք երբեմն նույնիսկ վերաճում էին հակադրության եւ առիթ դառնում ցավալի իրողությունների, սակայն հիմնականում նրանք գտնվում էին մշտական մրցակցության մեջ, որն էլ ստիպում ու ապահովում էր զգոնություն, ներքին ամուր կարգապահություն եւ այլն, որոնք ավելի ներկայանալի էին դարձնում այդ կուսակցություններին: Այդ մրցակցության առկայությունն էլ իր հերթին ստիպում էր, որ որեւէ կուսակցության անդամ հասարակությանը ներկայանար լավագույն հատկանիշներով եւ իր հերթին պատիվ բերեր իր կուսակցությանը:
Իրերի բերումով այնպես ստացվեց (դա քննարկման այլ թեմա է, որին կանդրադառնանք մեկ այլ առիթով), որ, ՌԱԿ-ը 1995-ականներից հայտնվեց ներքին պառակտումների հորձանուտում (ՍԴՀԿ-ն մինչ այդ էլ արդեն զգալիորեն թուլացել էր) եւ խիստ թուլացավ: Այդ ոչ ցանկալի գործընթացն այսօր էլ ցավոք շարունակվում է: Ամենազարմանալին այն է, որ գաղափարական, կանոնադրական որեւէ հարցի շուրջ որեւէ հակասություն կամ լուրջ տարաձայնություն չկա: ՌԱԿ-ը, որ հաջողված ու կայուն համաշխարհային կառույցներ, կարող ուժեր եւ լուրջ ռեսուրսներ ունի, այսօր զգալիորեն զիջել է իր դիրքերը: Մի տխուր իրողություն, որը պատմաբանիս կարծիքով հար եւ նման է Ա. Ահարոնյանի գլխավորած ՀՀ Առաջին Հանրապետության եւ Պողոս Նուբարի Ազգային պատվիրակությունների միջեւ ստեղծված ցավալի իրավիճակին, որը հանգեցրեց «Հայ-հայկական» կոչված զավեշտական բանակցություններին:
Այդ իրավիճակը նույնիսկ ձեռնտու չի բավականին արտոնյալ վիճակում հայտնված ՀՅԴ-ին: Այդ մասին մեր հանդիպումներից մեկի ժամանակ նշեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը ասելով, որ ՌԱԿ-ի թուլացման հետեւանքով իրենք զրկվել են լուրջ մրցակցությունից եւ կորցրել ավելի լավը եւ զգոն լինելու ձգտումը:
Այնպես որ, խնդիրը շատ պարզ է ու հստակ, սակայն դեռեւս վերջնական լուծման կարոտ: Երկար ծանր ու թեթեւ անելուց, թեր ու դեմ կարծիքները քննարկելուց եւ անձնական դիտարկումների եւ ունեցած ինֆորմացիայի հենքի հիման վրա մեզ թույլ ենք տալիս եզրակացնելու, որ հզոր Հայաստան եւ ուժեղ Սփյուռք ունենալու դեպքում միայն հնարավոր կդառնա համահայկական կառույցի իրատեսական գործունեություն: Այսինքն` Սփյուռքում ստեղծված ներկա կիսատ-պռատ վիճակը հազիվ թե լավ բանի հանգեցնի: Արդ, հարկավոր է սկսել արդեն գոյություն ունեցող կազմակերպությունների, այդ թվում` կուսակցությունների առողջացումից եւ հզորացումից: Մի գործընթաց, որը ոչ թե պարզունակ վերադարձ կլինի «ի շրջանս յուր», այլ իր խնդիրներով ու նպատակներով պայմանավորված բոլորովին նոր որակ ապահովող շրջադարձ: Համախմբվելու, ուժեղանալու եւ նորովի ներկայանալու խնդրի լուծմանը պետք է ուղղվեն ՌԱԿ-ի բոլոր առողջ ուժերի ջանքերը: Կարծում եմ նաեւ, որ համաժողովի նախօրեին կարելի է օգտագործել ստեղծված հնարավորությունը եւ դրան ներկայանալ ավելի համախմբված ու միասնական, որը հնարավորություն կընձեռնի ամբողջովին օգտագործել ՌԱԿ-ի աշխարհասփյուռ կառույցներն ու հսկայական ներուժը ի շահ եւ ի բարօրություն համայն հայության ու մեր սրբության սրբոց պետականության: