ՌՈԶԱ ՔԱՐԱՄՅԱՆ
Շատ ժողովուրդներ ունեն ողբերգական պատմության իրենց արմատները, եւ ես կարծում եմ, որ այդ ողբերգությունները ծագում են մեկը մյուսից: «Հիմա ո՞վ է հիշում հայերի 1915 թ. կոտորածի մասին»ՙ Հիտլերի այս աղաղակող ցինիկ արտահայտությունը հայտնի է աշխարհին, ինչպես նաեւ Իտալիայի ֆաշիստ առաջնորդ Բենիտո Մուսսոլինիի հակահրեական եզրակացությունըՙ «Ես հրեաների համար կսարքեմ այնպիսի կոտորած, ինչպիսին սարքեցին հայերի համար»: Դահիճների բառային զեղումները ողբերգական իրադարձությունների փոխադարձ կապի անհերքելի ապացույցն են: Եթե մարդիկ խուլ չմնային Թուրքիայի ոճիրների հանդեպ, անտարբեր չլինեին ամբողջ մարդկության հրեշավոր խայտառակության հանդեպ, ապա, հավանաբար, տեղի չէին ունենա նաեւ մնացածները:
Պատմությունը հիշելը, հերոսներին մեծարելը բնորոշ են մեզՙ հայերիս: Սերունդների հիշողության մեջ ապրում են երիտթուրքերի գործած ոճիրները: Ցեղասպանությունը ինչ-որ անկրկնելի հրեշավոր բան է, 1915 թ. ողբերգությունը: Աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում ապրիլի 24-ին հավաքվում են, որպեսզի նշեն մեր ողբերգության տարելիցը, արտահայտեն իրենց չբարձաձայնված մղկտացող, ահավոր ցավը:
Հրազդան գետի ձախ ափինՙ երեւանյան մի բլրի վրա, գտնվում է Ցեղասպանության զոհերի հուշարձանը: Թուրքիայի պատմության խայտառակության, սանձարձակ ազգայնամոլության հրեշավոր ոճրագործության տխուր, անմահ հուշարձանը:
Այս հուշարձանը խիստ է, խոժոռ, լռակյաց. հավերժ է Ծիծեռնակաբերդի վշտալի լռությունը: Հուշարձանը պարզ է, բայց դա ճշմարիտ արվեստի պարզություն է: Ութ մետր բարձրությամբ տասներկո՜ւ գրանիտե մեծ սալեր: Թերեւս այդ քարերն իրենք մարդիկ են, եկել են այստեղ եւ խոնարհվել հավերժական կրակի վրա: Ոչ ոք եւ ոչինչ չկա բացի մեզանից եւ կրակիցՙ այդչափ անմեղ զոհերի ընդհանուր հոգուց: Սիրտդ ճմլվում է, երբ պատկերացնում ես, թե այդ ամենն ինչպես է եղել, կոկորդում ծանրություն ես զգում, արցունքներ են գլորվում: Ցեղասպանություն: Հրեշավոր բառ մեր բառացանկում: Մենք թերեւս չենք էլ փորձում իմանալՙ որտեղից է եկել այն: Այդ բառն ասես դարձել է մեր սեփականությունը: Այն գիտեն բոլոր մեծերն ու փոքրերը, մենք այն լսել ենք մեր հայրերից եւ մայրերից: Մեծ եղեռնից հրաշքով ողջ մնացած իմ ծնողները օգտագործում էին նաեւ «ջարդ», «կոտորած», «կործանում» բառերը:
Երբ էլ կանգնած լինեմ հուշարձանի մոտ, ինձ թվում է, թե լսում եմ Կոմիտասի ողբը, տարակուսանքի եւ տագնապի թափանցող ողբը, ողջ մարդկությանը հավերժական հնչեղությամբ ուղղված մարդկային հոգու հեծկլտոցը: Ժողովրդի ծոցից ելած եւ նրա հետ իր ամենաահավոր ողբերգությունը կիսած Կոմիտասի կերպարը դարձել է հայ ազգի խորհրդանիշը, այն անուններից մեկը, որով նա հպարտացել է եւ միշտ կհպարտանա: Երբ քայլում ես հուշարձանի բաց հարթակով, սալերը թվում են ոչ այնքան մեծ, որքան կան իրականում: Դժվար է որսալ դրանց թեքությունը, շարժումը: Դրանց արանքով անցնելովՙ իջնում ես աստիճաններով եւ դրանք ընկալում որպես թեթեւակի առաջ թեքված խաչքարեր, որպես աղոթող կամ մտասույզ մարդկանց: Իսկ երբ բարձրանում ես աստիճաններով, 40-50 մ բարձրությամբ քարե սայրը վեր է խոյանումՙ սլացքի ու վերելքի գաղափար:
Մեր կյանքը դյուրին չէ, դյուրին չէ նաեւ մեր ճակատագիրը, բայց ես գիտեմ, որ եթե մեզ զրկեն հաց ու ջրից, այրեն մեր տներն ու եկեղեցիները, մենք կրկին ու կրկին կկառուցենք, կապրենք ու կաղոթենք: Ապրիլի 24-ին բոլոր միջօրեականներում ողջերը մոմեր են վառում, ոմանքՙ խորանի առջեւ, ուրիշներըՙ իրենց մերձավորների շիրիմների վրա, երրորդներըՙ իրենց հոգում:
Տխուր է Ծիծեռնակաբերդի սիրտը, խոժոռ եւ հողմահարված է նրա դեմքը, հավերժական ու վշտալի է նրա լռությունը: Հիշողությունը մութ ու սառը թեւով տոգորում է այստեղ մարդու սիրտը: Ես նկատել եմ, թե հուշարձանի մոտ որքան երկար են կանգնում օտարերկրացիները: Եվ նրանք անտարբեր չեն հիշողության այն ցավի հանդեպ, որն ապրում է յուրաքանչյուր հայի սրտում: Մարդիկ գլխահակ հեռանում են հուշարձանից: Հիշելը դյուրին չէ, ահավոր է, բայց մոռանալըՙ նույնպես: Սփյուռքում այդ օրվա համար գտել են յուրատեսակ բառակապակցությունՙ սգո տոն: Տոն, քանի որ, ի հեճուկս Ցեղասպանության եւ դրա նենգ կազմակերպիչների, գոյատեւեց եւ շարունակում է ապրել հայ ժողովուրդը: Պատմական հիշողությունը չկորցրած ժողովուրդը հավերժական է:
Գերմանացի ռեժիսոր, ծագումով թուրք Ֆաթիհ Ակինը 2015 թ. նկարահանեց «Սպի» ֆիլմըՙ ընտրելով Հայոց ցեղասպանության վտանգավոր թեման: Հեղինակն ասում է. «Ես հնարավորություն ստացա վեր հանելու ամբողջ կյանքում ինձ հուզած թեման, որը կարեւոր է նաեւ իմ երկրի համար:
Ես թուրք եմ, իմ երկիրը ոճիր է գործել: Ամեն ազգ ունի հանցագործություն. հարցը այն խոստովանել կարողանալն է եւ արածի համար ներողություն խնդրելը: Թուրքիայում ապրող ծնողներս չեն ժխտում Ցեղասպանության փաստը: Թուրքիայում վերջին հարյուր տարում մարդկանց ուղեղները լվացել են եւ հիմարացրել»: Ֆիլմը ցուցադրվեց Թուրքիայում. բնականաբար, մարդկանց արձագանքը միանշանակ չեղավ:
Փարիզում մի առիթով ես մտա գրախանութ եւ գրադարակի վրա տեսա Ֆ. Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը եւ Մագդա Նեյմանի «Հայերը» գիրքը: Այդ ժամանակ ես մտածեցիՙ արդյոք գնո՞ւմ են դրանք: «Երեւի գնում են,- որոշեցի ես: Բայց ովքե՞ր են նրանք, բարեկամներ, թե՞ չարակամներ: Չարակամը դրանք գնում է ոչնչացնելու, մարդկանցից Ցեղասպանության վկայությունը թաքցնելու նպատակով»: Մուսա լեռը քառասուն օր տոկաց կիսաքաղց վիճակում, առանց հացի ու վառոդի, մարմնավորելով տոկունությունն ու արիությունը: Հեղինակը հանդես եկավ որպես արվեստագետ-մարգարե, տարեգիր, մարդկությանը նախազգուշացնում է մեծագույն սպառնալիքներից: Նա հավատում էր, որ Հայաստանը կվերածնվի. «Արյան այն փոքր մասը, որ դեռ պահպանվել է նրա մեջ, թանկարժեք արյուն է, որից ծնունդ կառնի մի հերոսական սերունդ»: Տարիներ անց Ավստրիայում եւ Ամերիկայում ապրող հայերը, հարգանքի տուրք մատուցելով հեղինակի հիշատակին, բոլոր արգելքներին հակառակ, Ֆ. Վերֆելի աճյունը Կալիֆոռնիայից տեղափոխեցին նրա սիրելի Վիեննա, որտեղ կայացավ երկրորդ թաղումը:
Իմ ծնողները վերապրել են Ցեղասպանության սարսափը: Երկարատեւ դեգերումներից հետո նրանք դեռ մանուկ հասակում հայտնվել են Բաքվում: Տասնամյակներ անցՙ 1990 թ. հունվարին, այդ ջարդերը կրկնվեցին նաեւ այստեղ: Այդ ջարդերը ծանր հարված դարձան իմ քույրերի ու եղբայրների, նրանց ընտանիքների համար: Վերհիշելով անցյալը, հարազատներիս ու մերձավորներիս վիշտն ու հուսահատությունըՙ ես հաճախ մտածում եմՙ Աստված իմ, ինչո՞ւ: Հայրս դեռ պատանի էր, երբ մարտնչում էր Անդրանիկ Օզանյանի զորագնդում: Նա հաճախ պատմում էր, որ կամավորների անվան շուրջը հաճախ լեգենդներ էին հյուսվում նրանց խիզախության ու հերոսության մասին, ովքեր բռնացողների հրից ու թրից փրկել էին տանջահար կանանց, երեխաների եւ ծերունիների: Դեռ իր ծննդավայր Շապին-Գարահիսարում, ապա Սասունում, Անդրանիկը մարտնչում էր որպես շարքային մարտիկ, հայդուկ. ավելի ուշ նա դարձավ հրամանատար: Անդրանիկ Օզանյանի անունը դարձավ խիզախության եւ իր ժողովրդին անմնացորդ նվիրվածության խորհրդանիշ:
Հայոց պատմության մեջ կան աղբյուրներ, որոնք մշտապես սնուցում են հիշողության նվիրվածությունը: Այդ զգացումը վառ արտահայտություն է գտել պատմության մեջ, արվեստում: Դա հպարտ ու ներգործուն զգացում է: Եվ բավական դառը, ինչպես այն երգը, որը թույլ չեն տվել մինչեւ վերջ երգել, բայց այն շարունակում է հնչել երգչի հոգումՙ վերածվելով տնքոցի, աղերսանքի: Իր պատմությունը ճանաչող ու սիրող հայը, որտեղ էլ ապրի, հիշում է լրիվ չերգված այդ երգերը:
Ռուս. թարգմ.ՙ Պ. Ք.