Ավելի ապագաղափարական ընտրություն, քան սպասվողն է, մեր կարծիքով մինչեւ այժմ չի եղել: Սա այն պարագայում, երբ անցել ենք իբր 100 տոկոս համամասնական կարգի, որով պիտի հենց գաղափարների մրցակցության հարց լուծվեր: Քանի որ գաղափարների շուկա-խորհրդարանի դերն է մեծացված օրենսդրորեն, որն իր ուսերին պետք է վերցնի վարչապետի առաջադրման ու հաստատման, Հայաստանի նախագահի ընտրության ծանր գործը: Մինչդեռ դաշինքների ու նրանց համամասնական եւ ռեյթինգային ցուցակների կազմման ողջ տուրեւառը ոչ միայն հիասթափեցնող էր ընտրողի համար, այլեւ, կարելի է ասել անգամՙ տխուր-զվարճալի: Այս վերջին ամիսը մի լրացուցիչ անգամ բացահայտեց Հայոց կուսակցությունների անձնակենտրոն ու ապագաղափարական էությունը, մանդատների շուրջ նրանց վարած մեծամանրածախ առետրի ողջ «փայլն ու թշվառությունը»: Դա հատկապես լավ երեւում էր դաշտի հիմնական գործող ուժերի դաշինքացուցակային խառնաշփոթում:
Ապագաղափարականի մարմնավորումն ամեն ինչի մեջ էր, ընթացքին բոլորն են հետեւել, մի երկու դիտարկում միայն:
Նույնիսկ այն պարագայում, երբ ՀՀԿ-ն խաբս տվեց ու իր ցուցափեղկային առաջին տասնյակում ընդգրկեց համեմատաբար երիտասարդ ու համեմատաբար չվարկաբեկված դեմքերիՙ ապագաղափարականի էությունը չծածկվեց ամբողջովին, որքան էլ տողերիս հեղինակը համակրի այդ տասնյակում ընդգրկված որոշ անունների: Որովհետեւ, խոստովանենք, հարցն ամենեւին էլ միայն այն չէ, թե ցուցակը չվարկաբեկված անձ է գլխավորում, թե ոչ, այլ այն, որ տվյալ կուսակցության մեջ չի գտնվում գոնե մի տասն տարի այդ կուսակցության անդամ եղած ու չվարկաբեկված անձ, որը ՀՀԿ գաղափարակիր կհամարվեր ու այդ առումով հարցեր չէր առաջացնի: Մինչդեռ Վիգեն Սարգսյանը, իր անձնական բարձր որակներով հանդերձ, ընդամենը նորագիր է ՀՀԿ-ում: Մանավանդՙ ՀՀԿ մյուս տասնյակի անցողիկ համարվող տեղերում են այն հները, ում հանդեպ հանրությունը արդարացված կամ երկրի վատ վիճակի անդրադարձ-իներցիայով (այս պարագայում շարժառիթն այնքան էլ կարեւոր չէ), բացասական վերաբերմունք ունի: Այսպես ասենքՙ ՀՀԿ-ի բարեփոխված ցուցակն ընդամենը հանրության մոտ ներումն հայցելու փորձ է, ստացված, թե չստացվածՙ դեռ կերեւա ընտրությունների քարոզարշավի ընթացքում: Մանավանդՙ այստեղ ավելի շատ ներառված են ոչ թե օրենսդրական աշխատանքով, այլ ավելի շատ հռետորաբանությամբ փայլած մարդիկ, իսկ առաջին եռյակըՙ Վիգեն Սարգսյան, Տարոն Մարգարյան, Արփինե Հովհաննիսյանՙ ավելի շուտ իշխանության տարբեր թեւերիՙ հավասարությամբ ներկայության մասին է հուշում, ընգծելով վարչապետական թեւի բացակայությունը:
Այո, այն արտահոսքերը, թե ՀՀԿ ցուցակը կազմվում է իշխանության երեք ծանրության կենտրոններիՙ մեծահարուստների (ռեյթինգային ցուցակներ), նախագահ Սարգսյանի եւ վարչապետ Կարեն Կարապետյանի եռամասնական ներկայացվածությամբ, այս ցուցակով այնքան էլ չարդարացավ, քանի որ վարչապետի խորհրդական Շուշան Սարդարյանի` 20-րդ տեղում եւ մեկ այլ թիմակցիՙ միայն երրորդ տասնյակում ներկայացվածության պարագայում ա՛յդ կարող ենք մտածել: Սա հեռուն գնացող հետեւությունների է հանգեցնում, ապացուցում, որ ոչ թե ըստ կուսակցության գաղափարների դրոշակակիրներից է կազմված ցուցակը, այլՙ ըստ կազմողի պրագմատիզմի: Դե իսկ երկրորդ տասնյակում ներկա են բոլոր նրանք, որոնք բոլորն էլ միշտ ներկա էին ու ղեկի մոտ, իսկ երրորդ տասնյակը մի փոքր կոմպրոմիսային է:
ՀՀԿ նախագահ եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ՀՀԿ համամասնական ցուցակը չգլխավորելը ավելի շատ է այլ տողատակեր փնտրելու հնարավորություն է տալիս, քան առաջին հայացքից թվում է: ՀՀԿ նախընտրական շտաբը ոչ ոք չի գլխավորելուՙ շտաբի աշխատանքներում ներգրավված են Գործադիր մարմնի բոլոր անդամները, բայց բոլորին էլ պարզ է, որ իրականում գլխավորելու է ՀՀԿ նախագահ եւ Գործադիր մամնի ղեկավար Սերժ Սարգսյանը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը չկա ցուցակում, նրան 4 տարվա անընդմեջ բնակության տեղեկանքը չեն տրամադրել, չնայածՙ Էդուարդ Շարմազանովն ասում էր, թե, միեւնույն է, նա լինելու է վարչապետի ՀՀԿ թեկնածուն: Բայց ե՞րբ, մինչեւ 2018 թվակա՞նն ընդամենը:
Այսինքնՙ ի՞նչ է դուրս գալիս. Սերժ Սարգսյանն, իրոք, գոնե սկզբի համար ոչ Ազգային ժողովի նախագահի, ոչ վարչապետի հավակնություն չունի փաստորեն (պատգամավոր պիտի ընտրվես, որ ԱԺ նախագահ դառնաս, վարչապետին էլ ընտրում է Ազգային ժողովը): Ի՞նչ է մնումՙ Հայաստանի նախագահիՙ սիմվոլիկ պաշտո՞նը, սա էլ միգուցե առանձնապես ցանկալի հեռանկար չէ:
Հավանաբար, եթե ՀՀԿ-ն նորից մեծամասնություն լինի, կամ ներշնչող թիվ ապահովի նոր Ազգային ժողովում, ՀՀԿ կուսակցության նախագահ լինելն ավելի բարձր պաշտոն է լինելու Հայաստանում: Իսկ ավելի հավանական է, որ նախապես ամեն ինչ մտածված է այնպես, որ ժամանակավորի ռեժիմն է միանալու ե՛ւ Ազգային ժողովի, ե՛ւ կառավարության համար: Չէ՞ որ գործող նախագահը 2018 թվականին, երբ կարձակվի կառավարությունը, ՀՀԿ մեծամասնություն լինելու պարագայում հանգիստ կարող է վարչապետ առաջադրվել, այդ է վկայում նաեւ այն հանգամանքը, որ ներկա վարչապետի թիմակիցներից շատ քիչ մարդ է լինելու նոր Ազգային ժողովում: Միգուցե պատահական չէ, որ ՀՀԿ համամասնական ցուցակը ղեկավարում է Վիգեն Սարգսյանը, եւ սցենարներից մեկով նա եւս կարող է վարչապետ դառնալ: Համենայնդեպսՙ անցած տարվա նոյեմբերի 28-ին, «Ում է փոխանցվելու իշխանությունը» մեր հրապարակման մեջ, իշխանության անցնցում փոխանցման սցենարներից մեկը հենց այդ էինք համարելՙ գրելով. «…որ անցնցում իրականացվի նաեւ իշխանության հանձնումը այն միակ ժառանգորդին, որը կհայտածվի միայն 2018 թվականին: Դա կարող է լինել Վիգեն Սարգսյանը, Միքայել Մինասյանը, ինչու չէ` նաեւ Կարեն Կարապետյանը, նայած, թե ով կհաղթի ձեռնամարտում»: Այսինքնՙ սցենարները գրվում են հենց նրա համար, որ հետո գաղափարները կամ ընտրությունները հարմարեցվեն դրանց: Բայց ո՞վ է բացառում, որ 2018 թվականի նոր կառավարության վարչապետը Սերժ Սարգսյանը լինի:
Է, այս նախապես գծվածի մեջ ի՞նչը կարող է գաղափարական լինել, էլ ուր մնաց մրցակցային, մանավանդ ՀՀԿ տեղական կամ ռեյթինգային ցուցակներում մականունավորների եւ բացասական կերպարով մարդկանց ստվարությունը քվե են ապահովելու խողովակներից մեկն է լինելու` միջոցների առջեւ խտրականություն չդնելով:
Մյուս ուժերի ցուցակաբանակցային գործընթացը եւս գաղափարական ոչինչ չուներ իր մեջ: «Ծառուկյան դաշինքի» հետ բանակցող անհատներից շատերը զուգահեռ բանակցել են մյուս ուժերի, եւ անգամՙ ՀՀԿ-ի հետ, ինչպես եւ ՀՀԿ-ականներից ոմանքՙ «Ծառուկյան դաշինքի» հետ: Իսկ, օրինակ, Ստեփան Դեմիրճյանը, որն հիմա ՀԱԿ-ՀԺԿ միացյալ դաշինքի համամասնական ցուցակի երկրորդ համարն է, նախ ուզում էր ընդգրկվել «Ծառուկյան դաշինքում»: Կամ ինչ արժե ազատական ուժ ներկայացնող ՀՀՇ ղեկավար Արարատ Զուրաբյանի հայտնվելը «Ծառուկյան-դաշինքում», որը դաշինք է միայն այն պատճառով, որ համաձայնագիր է ստորագրել «ԲարգավաՃ Հայաստան» կուսակցությունից պոկված միավորիՙ «Ալյանսի» հետ:
Կամՙ Պարույր Հայրիկյանը, որ նախապես Օհանյան-Օսկանյան առանցքին էր մերձ, մեկ օր առաջ «Ելքին» առաջարկել էՙ իրեն ընդգրկել, սա, ինչպես ասում են, վերջն է: «Ելքը», իր նորարարական մոտեցմամբ շնորհանդեսով հանդերձ, հազիվ թե ընդդիմության եւ այլընտրանքի լոկոմոտիվ դառնա, չնայած արեւմտյան արժեքներին հավատարիմ գործիչների առկայությանը եւ միգուցեՙ գաղափարական ընդհանրությանը: ՀԱԿ-ը, որ անհանդուժող է «Ելքի» ու Նիկոլ Փաշինյանի հանդեպ, նույնպես հազիվ թե շահիՙ նրանք ընդհանուր ընտրող ունեն եւ միմյանցից են ձայն փախցնելու, այս առումով եւս ոչ թե գաղափարները, այլ այս ուժերը ղեկավարող անձերը դեր ունեն միայն, իսկ «Ելքի» ղեկավարը ոչ թե Նիկոլ Փաշինյանն է, որի անունն է ինչ-որ բան ասում ընտրողին, այլ Էդմոն Մարուքյանը: Այսինքնՙ էլի գաղափարը հազիվ թե դեր ունենա, այլ անձը:
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը հենց դասագրքային օրինակ կարող է դառնալ, թե ինչպես չպետք է կազմվի դաշինքը, եթե այն դույզն ինչ կապ ունի քաղաքականության ու քաղաքագիտության հետՙ այնտեղ մարդիկ են, որոնք իրենց շուրջ ստեղծել են կրկին իշխանության ձգտող մարդկանց խմբավորում, որոնց ցուցակները կազմում են ոչ թե իրենք, այլ մի այլ կենտրոն: Դաշինք, որի ղեկավարներից մեկը նոր է թողել իշանությունում առանցքային պաշտոնը, մյուսնՙ ավելի վաղ, բայց երկուսն էլ չեն ապաշխարել: Այս իմաստով ափսոսում ենք «Ժառանգության» վերջնական փլուզումը, քանի որ այս կուսակցության ներքին տարաձայնությունները հանգեցրին ի վերջո նրան, որ նրա անդամների մի մասը հայտնվեցին «Ազատ դմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակում, Րաֆֆին ու Արմեն Մարտիրոսյանըՙ ՕՐՕ (կարող էր ՕՀՕ լինել, եթե Րաֆֆի Հովհաննիսյանի ազգանունը վերցնեին հապաման մեջ, դա ավելի կհամապատասխաներ այս դաշինքի բովանդակությանը) դաշինքում, իսկ Զարուհի Փոստանջյանը` ոչ մի ցուցակում…
Բա լավ, չափսոսացի՞ք «Ժառանգությունը»:
Իսկ ՕՐՕ դաշինքի ողջ էությունը ավելի լավ կարելի ներկայացնել դաշինքի անդամ կուսակցություններից մեկիՙ «Համախմբման» անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Վահե Հովհաննիսյանի այն հայտարարությամբ, որը նա տարածել է ընտրություններին չմասնակցելու իր որոշման առիթով. «Կորել է իրականության եւ քաղաքական դաշտի կապը… Ես իմ մեջ չունեմՙ «ո՞ւր է գնում երկիրը» հարցի պատասխանը: Փողով կարելի է Ազգային ժողով ձեւավորել, բայց փողով նոր պետական վերնախավ ձեւավորելը բացառված է: Պետությանն այսօր նոր պետական վերնախավ է պետք, որը նոր օրակարգ կդնի, նոր մոտեցումներ, նոր խնդիրներ: Հակառակ դեպքում մենք, ընտրացուցակային մանր առեւտրով տարված, ծանրագույն խնդիրների առաջ ենք կանգնելու: Նոր վերանախավի պատմական անհրաժեշտությունն ապացուցում է նաեւ այն փաստը, որ բոլոր քաղաքական ուժերում կան լուրջ մարդիկ, իշխանության մեջ եւ իշխանությունից դուրս կան գրագետ ու պարկեշտ մարդիկ, բայց չկա մեխանիզմ, որով նրանք կարողանան օգտակար լինել երկրին, փոխեն ընթացքը»: Հազիվ թե ՕՀՕ կամ ՕՐՕ դաշինքը, ինչպես նաեւ քաղաքական դաշտի բոլոր մյուս միավորները պատասխան ունեն այս հարցադրմանը:
Ավելացնեմ, որ այս օրերին, երբ ցուցակներում տեղ ունենալն էր հրատապ քաղաքականությունը իրենց բարեկեցիկ ապրելու միակ միջոցը դարձրած մեր քաղաքականների համար, ինչպես մեր գործընկերներից մեկն էր գրել սոցիալական ցանցում, ողջ հայ ժողովուրդն ուրիշ ակտուալ ցուցակ ունի կազմած, որի առաջին հնգյակում են լույսի, ջրի, գազի, հեռախոսի, ինտերնետի վարձերը:
Ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 9 կուսակցություն ու դաշինք
Երեկ երեկոյան ավարտվեց խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար ընտրական ցուցակներն ու փաստաթղթերը ԿԸՀ ներկայացնելու ժամկետը: Ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել 9 կուսակցություն ու դաշինքՙ «Ազատ դեմոկրատները», «Ելքը», «Ծառուկյան դաշինքը», Կոմունիստական կուսակցությունը, ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը, ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Հայկական վերածնունդը», «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» կուսակցություններն ու դաշինքները: