Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՀԱՅ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԵՎ ԲԺԻՇԿՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հ. Ծ.

«Ամերիկահայ փաստաբանների ասոցիացիայի» (ABA) եւ «Առողջապահության մասնագետների կազմակերպության» (AAHPO) ավելի քան 150 անդամներ նոյեմբերի 4-ին ներկա են գտնվել Նյու Յորքի «Էյլ ակումբի» շքեղ դահլիճում կազմակերպված գալա-ընդունելությանը, որին որպես բանախոս հրավիրված է եղել ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Զոհրապ Մնացականյանը :

Ֆլորենս Ավագյանի հաղորդմամբ նպատակը եղել է երկու բնագավառների նվիրյալ մասնագետների համախմբումը Հայաստանին եւ Արցախին օգնելու համար:

Դեսպան Մնացականյանն իր խոսքում շեշտել է անվտանգության կարեւորությունը կովկասյան տարածաշրջանում, հատկապես մեր երկու պետությունների համար: «Մենք խաղաղության եւ անվտանգության հաստատման կարիքն ունենք», ասել է նա շնորհակալություն հայտնելով սփյուռքահայության աջակցությանը:

Միջոցառումը, որը 3-րդն է եղել վերջին 5 տարիների ընթացքում, նախագահել են դոկտ. Լերի Նաճարյանը, Դենիս Տարմանյանը եւ Գերի Մոմճյանը:

Արձանագրելով Հայաստանի եւ Արցախի հաջողություններն անցյալ 25 տարիների ընթացքում, հավաքի մասնակիցները հույս են հայտնել շարունակելու իրենց միասնական ջանքերը ի փառս մեր զույգ հանրապետությունների խաղաղությանն ու անվտանգությանը: