Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

«ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՋԱՎԱԽՔՅԱՆ ՍՓՅՈՒՌՔ» ՀԿ-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ-ԿՈՉԸ

«Ռուսաստանի Ջավախքյան Սփյուռք» հասարակական կազմակերպության վարչություն

Արդեն մեկ շաբաթ է, որ ամբողջ հայության ուշադրությունը սեւեռվել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վրա:

Մենքՙ «Ռուսաստանի Ջավախքյան Սփյուռք» հասարակական կազմակերպությունը, կոչ ենք անում ինչպես ՀՀ իշխանություններին, այնպես էլ «Սասնա Ծռեր» խմբին, ինչքան հնարավոր է շուտ անցնել բանակցություններիՙ խուսափելով իրադրության սրումից եւ արյունահեղությունից:

Մենք հարգում ու խոնարհվում ենք Պավլիկի ու նրա ընկերների առջեւ, քանի որ նրանք ժամանակին կռվել են մեզ համար:

Այսօր երկիրը բաժանված է երկու մասի: Մեր ամենամեծ ձեռքբերումն այն է, որ Հայաստանում բարձրացավ հայրենասեր, ուժեղ, հպարտ ու խելացի սերունդ: Այս սերունդը պաշտպանեց Արցախի սահմանները քառօրյա պատերազմի ժամանակ: Եվ ինչպես Մոնթեն է ասել. «Սերունդը պետք է դաստիարակել գաղափարներով, այլ ոչ թե բռնարարքներով:

Ստեղծված իրավիճակը պետք է հաղթահարել ինտելեկտի, արդարության եւ զգոնության միջոցով: Այսօր պետք է հաղթի խոհեմությունը:

Ստեղծված իրավիճակին պետք է լուծում տրվի միմիայն խաղաղ ճանապարհով: Թշնամիներ չկան իրար դեմ կանգնածՙ բոլորս էլ հայեր ենք:

Այս պահին պահանջում ենք, խնդրում, հորդորում երկրի իշխանություններին հանգուցալուծում գտնել առանց բռնության եւ մարդկային կորուստների: Հանգուցալուծել պետականությանը չվնասող զիջումներով: