Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԱՐՑԱԽ. ԻՆՉՈ՞Ւ ՄՈՍԿՎԱՆ ՉԻ ԳԺՏՎՈՒՄ ԲԱՔՎԻ ՀԵՏ

08/04/2016
- 08 Ապրիլի, 2016, ԱԶԳ շաբաթաթերթ

Պատրաստեց Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ

Ընդհանուր սահման, Մեծ Մերձավոր Արեւելք, Վրաստան

Այժմ ակնհայտ է, որ ապրիլի լույս 2-ի գիշերը սկսված առճակատումը ամենածավալունն է 1994 թ. մայիսի 12-ի ղարաբաղյան անժամկետ հրադադարի համաձայնագրի կիրարկումից ի վեր: Եթե բախումները մոտ ժամանակներս չկանգնեցվեն, ապա կարող է տեղի ունենալ հին էթնոքաղաքական հակամարտության եւս մեկ «ապասառեցում», գրում է ամերիկյան «Forbes» պարբերականի ռուսական հրատարակությունը:

Լեռնային Ղարաբաղից ստացվող տագնապահարույց հաղորդումների պայմաններում Մոսկվայի պաշտոնական դիրքավորումը առնվազն զգուշավոր զսպվածության տպավորություն է թողնում: Նախագահ Վլադիմիր Պուտինը կողմերին կոչ արեց դադարեցնել կրակը, դիվանագիտական եւ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները խոսեցին իրենց հայ եւ ադրբեջանցի պաշտոնակիցների հետ: Մոսկվան Մինսկի խմբի համանախագահներից մեկն է Վաշինգտոնի եւ Փարիզի հետ: Մոսկվան նույնիսկ չփորձեց փութացնել Մինսկի խմբիՙ ապրիլի 5-ին նախատեսված հանդիպման անցկացումը:

Ո՞րն է նման դիրքորոշման պատճառը: Ինչ-որ արմատական որոշում ընդունելուց առաջ դադա՞ր է տվել, թեեւ զգուշավորությամբ արտաքին քաղաքական գիծ է ընտրվում: Այստեղ դժվար է համեմատություն չանել հետխորհրդային հակամարտությունների հետ: 2008 թ. վրաց-օսական բախումների ժամանակ Մոսկվան Հարավային Օսիային պաշտպանեց ոչ միայն ռազմական ուժով, այլեւ նրա անկախության ճանաչմամբ: Ճանաչվեց նաեւ Աբխազիան, որտեղ «հնգօրյա պատերազմի» նախնական փուլում լարվածությունը չէր հասել Հվ. Օսիայի մակարդակին: Ռուսաստանը մինչեւ օրս չի ճանաչել Մերձդնեստրը, բայց դիվանագիտական ջանքերն ուղղում է ընդդեմ նրա մեկուսացման եւ ուզում է այդ չճանաչված կազմավորումը դարձնել բանակցությունների մասնակից: Դոնբասը նույնպես ճանաչված չէ, սակայն Մոսկվան Մինսկի համաձայնությունների կայացումը համարում է Կիեւի եւ երկու «ժողովրդական հանրապետությունների» երկխոսության արգասիք:

ՌԴ արտաքին քաղաքականության հայեցակարգում եւ մյուս պաշտոնական փաստաթղթերում ԼՂՀ-ն առհասարակ չի հիշատակվում, շարունակում է «Ֆորբսը»: Մոսկվան չի ճանաչել այնտեղ անցկացված ընտրությունները: Այսօր եւս ԼՂՀ ճանաչման հարց օրակարգում չկա: Կարելի է ասել, որ Մոսկվան չունի էթնոքաղաքական հակամարտություններին արձագանքելու համապիտանի բանաձեւեր եւ գործում էՙ ելնելով Արեւմուտքի կամ չճանաչված նոր կազմավորումներն ընդգրկող «մայր պետությունների» հետ իր հարաբերություններից:

Սակայն հայ-ադրբեջանական հակամարտությունը բարձրացնում է լրացուցիչ հարցեր:

Առաջին, Հայաստանը ոչ թե սոսկ Անդրկովկասի երկիր է, այլ տարածաշրջանում Ռուսաստանի միակ ռազմաքաղաքական դաշնակիցն է: Հայաստանը եվրասիական ինտեգրացիոն երկու նախագծերի մասնակից է, եւ նրա տարածքում է գտնվում ռուսական 102-րդ ռազմակայանը (Գյումրի): Պաշտոնական Երեւանը ռուս-թուրքական հակամարտության ընթացքում Մոսկվային պաշտպանած սակավաթիվ դաշնակիցներից մեկն է: Նախագահ Սերժ Սարգսյանը 2015 թ. դեկտեմբերի 21-ին ՀԱՊԿ գագաթաժողովում ռուսական «Սու-24»-ի ոչնչացման առնչությամբ հայտարարեց. «Թուրքիայի տվյալ քայլը բնավ չի նպաստում ահաբեկչության հակազդմանը, Սիրիայի իրադրության կարգավորմանը եւ տարածաշրջանի խաղաղության վերականգնմանն ուղղված միջազգային ջանքերի միավորմանը»: «Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Նուրսուլթան Նազարբաեւի շատ ավելի զուսպ ու զգուշավոր մեկնաբանությունների ֆոնի վրա նման քայլի նշանակությունն անկարելի է թերագնահատել, մանավանդՙ եթե նկատի ունենանք Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը եւ Անկարայի կողմից Ադրբեջանի դիրքորոշումների լիակատար պաշտպանությունը», գրում է պարբերականը:

Երկրորդ, Հայաստանի աշխարհաքաղաքական ընդդիմախոս Ադրբեջանը Թուրքիայի բազմամյա ու հետեւողական ռազմավարական դաշնակիցն է: Անկարայում գործող Ռազմավարական հետազոտությունների միջազգային կազմակերպության փորձագետ Քերիմ Խասի խոսքերով, «Ադրբեջանի աշխարհաքաղաքական դիրքը Թուրքիայի համար մատչելի դարձրեց Կասպից ծովի ափը եւ թույլ տվեց վերականգնել ու զարգացնել վաղեմի հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ, ընդլայնելով փոխգործողությունը ամենատարբեր ոլորտներում»: Դեռ 1993-ի ապրիլին Թուրքիայի իշխանությունները փակեցին Հայաստանի հետ ցամաքային սահմանը, իսկ հետո նախաձեռնեցին մի շարք ենթակառուցվածքային նախագծեր, որոնց ընդհանուր նպատակը այդ երկրի տարածաշրջանային մեկուսացման ուժեղացումն է: Այս կապակցությամբ ապրիլի սկզբին ԼՂՀ-ի դեմ ռազմագործողությունների ծավալումից հետո Ադրբեջանի հետ նախագահ Էրդողանի դրսեւորած համերաշխությունը օրինաչափական է:

Նման պայմաններում առավել քան տարօրինակ է թվում Ռուսաստանի չափավորական դիրքորոշումը: Կարելի է կարծել, թե Ադրբեջանի հետ մեկտեղ Հայաստանի շահերի դեմ գործող Թուրքիան վնասում է նաեւ Ռուսաստանին: Վերջինս մի՞թե կարող է երկար-բարակ խորհրդածելու պատճառներ ունենալ: Սակայն, պարզվում է, որ պատճառներ կան, եւ դրանք ավելի քան ծանրակշիռ են:

Իրոք, Հայաստանը եւ Ադրբեջանը աշխարհաքաղաքական ընդդիմախոսներ են, իսկ ներկա պայմաններումՙ նույնիսկ հակառակորդներ: Սիրիայում նոյեմբերին պատահած միջադեպից հետո նույնը կարելի է ասել նաեւ ռուս-թուրքական հարաբերությունների մասին: Սակայն կովկասյան քաղաքականությունն ունի բազմաթիվ նրբերանգներ, որոնք չեն տեղավորվում երկգույն գամմայի մեջ: Ռուս-ադրբեջանական հարաբերությունները, չնայած երկու երկրների միջեւ ծագած խնդիրներին, չեն եղել թշնամական: Ճիշտ է, Բաքուն կասկածանքով է վերաբերվել ԵԱՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին միանալուն, բայց դեպի ՆԱՏՕ ու ԵՄ էլ չի ձգտել, ի տարբերություն Վրաստանի: Ռուսաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի ընդհանուրՙ դաղստանյան տեղամասը չափազանց կարեւոր է նրանց ազգային անվտանգության տեսակետից (մանավանդՙ «Իսլամական պետության» բջիջների հայտնվելու պատճառով): Առաջընթացին նպաստող ամերիկա-ադրբեջանական հիմնադրամի գլխավոր փորձագետ Ալեքսեյ Սինիցինի կարծիքով, «Մոսկվան եւ Բաքուն իրական ընդհանուր համաձայնության են հասել առնվազն Մեծ Մերձավոր Արեւելքի հիմնահարցի առնչությամբ»: Ի դեպ, Թուրքիայի եւ Ադրբեջանի դիրքորոշումներում կան տարընթերցվածքներ, թեեւ վերջինիս դիվանագետները դրանք առանձնապես չեն ցուցադրում: Ռուս-թուրքական առճակատման ծագումից հետո Բաքուն ընդգծված զուսպ դիրք բռնեց: Ադրբեջանի պաշտոնական անձինք քանիցս հայտարարեցին, թե հավասարապես գնահատում են իրենց հարաբերությունները թե՛ Մոսկվայի եւ թե՛ Անկարայի հետ:

Պատճառների շարքում վերջինն այն է, որ Մոսկվան Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ճանաչումից հետո Վրաստանի վրա ազդելու բազմաթիվ լծակներ կորցնելովՙ չի ուզում թշնամանալ Ադրբեջանի հետ, ինչից անպայման կօգտվեն նաեւ թուրք քաղաքական գործիչները:

Հակառակ դեպքում Ռուսաստանը Դաղստանում կարող է ունենալ անկայունության նոր օջախներՙ ի հավելումն արդեն գոյություն ունեցողների (միայն 2015 թ. դեկտեմբերի սկզբից Դաղստանի տարածքում «Իսլամական պետության» դրոշի ներքո տեղի է ունեցել չորս ահաբեկչություն): Ավելին, Ադրբեջանը բացահայտ թշնամական պետություն դարձնելը կավարտի հակառուսական Անկարա-Թբիլիսի-Բաքու դաշինքի ձեւավորումը, որտեղ առայժմ կան ներքին տարաձայնություններ:

Ըստ որում, հարկավոր է հիշել Մոսկվայի յուրահատուկ տրամաբանության մասին: Էթնոքաղաքական հակամարտությունների ընթացքում Ռուսաստանը նախընտրում է ստատուս-քվոն եւ սկսում է դա ակտիվորեն կոտրել լոկ այն ժամանակ, երբ ուրիշներն արդեն կատարած են լինում նախնական բեկում: Այդպես պատահեց նաեւ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի դեպքում, երբ Ռուսաստանը տարիներ շարունակ անտեսում էր ճանաչելու խնդրանքները, հանրաքվեները եւ Կրեմլին ուղղված մյուս նախաձեռնությունները: 1996 թվականից մինչեւ 2000-ականների սկիզբը Մոսկվան Թբիլիսիի հետ նույնիսկ մասնակցում էր չճանաչված Աբխազիայի շրջափակմանը եւ փորձում էր «հակամարտ կողմերին» պարտադրել «ընդհանուր պետության» գաղափարը: Պարզապես Լեռնային Ղարաբաղի դեպքում ուժերի նախկին զուգակշռության բեկումը տեղի է ունենում ուշացումով:

«Աբխազիայի եւ Հարավային Օսիայի դեպքում առաջին հետխորհրդային ստատուս-քվոն բեկվեց 2008 թ. օգոստոսին, իսկ Լեռնային Ղարաբաղում դա տեղի է ունենում մեր աչքերի առջեւ», հավաստում է «Ֆորբսը»:

Իրոք, նույնիսկ ներկայումս ծավալված մարտերի դադարեցման դեպքում չլուծված կմնան կարգավիճակի հարցը, փախստականների խնդիրները եւ շատ այլ բաներ: Բոլոր դեպքերում 1994 թ. մայիսի 12-ի հրադադարի համաձայնագիրը կարժեզրկվիՙ չնայած այն անխաթար պահելու ջանքերին: Եթե դա ճիշտ է, ուրեմն Ռուսաստանի գործողությունները կարող են դառնալ ավելի կոշտ: Սակայն Մոսկվան որոշ ժամանակ սեփական քայլերով չի նեղացնի մանեւրելու տարածքը (այլ բան է, եթե դա անի Թուրքիան): Ի տարբերություն մյուս հակամարտությունների, Արցախում Ռուսաստանի շահերը կտրուկ չեն հակասում ԱՄՆ-ի ու Եվրոմիության մոտեցումներին: Եվ տվյալ հանգամանքը եւս ռուս դիվանագետներին ստիպում է զուսպ լինել, քանզի Կրեմլի միջնորդական գործունեությունը մինչեւ օրս դժգոհության առիթ չի տվել Վաշինգտոնին:

«Ֆորբսի» հրապարակման մեջ այն կարծիքն է արտահայտվում նաեւ, թե Ռուսաստանը կգնա ստատուս-քվոյի պահպանման ծանոթ ճանապարհով, իսկ եթե դա անհնար դառնա, ապա կջանա իրավիճակից դուրս գալՙ կորուստներ չկրելով երկու հակամարտ երկրների հետ իր հարաբերություններում: Բայց եթե դա նույնպես չհաջողվի, ապա հարկ կլինի դիմել հանպատրաստից քայլերի: Ներկայիս ընդհանուր իրավիճակում (տնտեսական դժվարություններ, դաշնակիցների պակաս) պայմանականորեն «հարավօսական» անվանակոչված տարբերակը կօգտագործվի որպես վերջին հնարավորություն:

Նախորդ գրառումը

ՈՎՙ ԻՆՉԻՆ Է ՄՈՏ

Հաջորդ գրառումը

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԲԵՆ ԲԱՂԴԻԿՅԱՆԸ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է ԲԵՆ ԲԱՂԴԻԿՅԱՆԸ

Լրահոս

Խաչիկ Գալստյանի ուղերձը տնային կալանքից

22/07/2026

Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է. Քաղբանտարկյալ, իմ ընկեր Խաչիկ Գալստյանի ուղերձը տնային կալանքից «Սիրելի հայրենակիցներ, Շուրջ յոթ ամիս է անազատության...

Երբ էկոնոմիկայի նախարարը հպարտանում է կուլակաթափությամբ. Սուրեն Սուրենյանց

22/07/2026

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ և Գլխավոր դատախազության միջնորդությամբ «Արարատցեմենտը» հանձնվել...

Փաշինյանը կանգ չի առնելու․ վախեցած իշխանությունը պատրաստ է գնալ ցանկացած ապօրինության. Ռոբերտ Ամստերդամ

22/07/2026

Նարեկ Կարապետյանի շուրջ կատարվողի մասին կարդալիս ակամա Կաֆկային ես հիշում․ նրա վեպերում էլ էր ամենասարսափելին այն, թե ինչպես էր բացահայտ...

Բանակում մահվան դեպքերը լրջագույն խնդիր են, և այսքան տարիների ընթացքում այս ասպարեզում բարեփոխումներ չեն եղել. իրավապաշտպան

22/07/2026

Բանակում շարունակում են մահվան դեպքեր գրանցվել, սակայն դրանք հստակորեն չեն դիտարկվում որպես համակարգային խնդիր։ Հենց մահվան դեպքերը կանխելով, այդ դեպքերի...

ՊՆ-ն ցավակցություն անգամ չի հայտնում, բացատրություն չի տալիս՝ ինչու է զինվորը հասել մահվան դուռը, իսկ ՔԿ-ն անանուն, խղճուկ հաղորդագրություն է տարածում. իրավապաշտպան

22/07/2026

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը խիստ բացասական է գնահատում նախօրեին բանակում մահվան հերթական դեպքի առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարության անհաղորդ կեցվածքը։ Հիշեցնենք՝ ժամկետային...

108 տարի առաջ ճիշտ այս օրը Արցախի հայությունը իրացրել է ազգերի ինքնորոշման իր իրավունքը. Ստեփան Հասան-Ջալալյան

22/07/2026

1804-1813թթ. ռուս-պարսկական պատերազմի ավարտին՝ 1813թ. հոկտեմբերի 12-ին, Արցախի Գյուլիստան գավառում գտնվող Գյուլիստանի բերդում կնքված ռուս-պարսկական պայմանագրով Արցախն ընդգրկվել է ռուսական...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական