«Զամանին սպանեցին ուրբաթ օրը, բայց թերթը վերակենդանացավ կիրակի օրը որպես կառավարամետ զոմբի», գրում է լրագրող Պյոտր Զալեվսկին:
Բայց Զամանի «սպանությունը» մարտի 4-ին տեղի չունեցավ խաղաղ մթնոլորտում, առանց միջադեպերի: Նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի կառավարությունն իր հլու հնազանդ դատավորական կորպորացիայից ձեռք բերելով համապատասխան դատական որոշում, շուրջկալեց խմբագրության գրասենյակները եւ ցրեց ցուցարարներին արցունքաբեր գազ եւ ջրային շիթեր օգտագործելով: Այժմ «Զամանը» գտնվում է կառավարության վերահսկողության կամ ճիշտ կլինի ասել «կալանքի տակ»ՙ պատրաստ գովաբանելու բոլորին արհամարհող նախագահի «սխրագործությունները»:
Ազատ լրատվամիջոցի վրա նման կատաղի հարձակումը իրենց գրասենյակներից դուրս քշված խմբագիրները որակել են երկրի պատմության «մռայլ ժամանակների» վերադարձ:
«Զամանը» եւ նրա քույր հրատարակություն «Թուդեյզ Զամանը» օրական 650 հազար օրինակ էր տպագրվում եւ համարվում էր երկրում ամենամեծ տարածումը ունեցող թերթերից մեկը: Նախքան նրա զավթումը կառավարության կողմից, թերթը պատկանում էր Գյուլենիստ շարժմանը, որին ղեկավարում է արտաքսված հոգեւորական Ֆեթուլլահ Գյուլենը: Ժամանակին Գյուլենն ու Էրդողանը դաշնակիցներ էին, համագործակցում էին ստեղծելու համար իսլամիստական AK կուսակցությունը, որ իշխանության ղեկը ստանձնեց: Բայց երբ Էրդողանը իրեն հռչակեց Թուրքիայի բռնապետ, նա հրաժեշտ տվեց իր նախկին դաշնակցին, ով շարունակեց մեծ հեղինակություն վայելել ինչպես զինված ուժերի, այնպես էլ ոստիկանության եւ դատավորական կորպուսի շրջանակներում:
Էրդողանը, «խորքային պետության» դեմ պայքարելու քողի ներքո կարողացավ «մաքրազերծել» այդ կառույցները: Ազատ մամուլն ու դրա ամենավառ ներկայացուցիչը հանդիսացող «Զամանը» Թուրքիայում վերջին պատվարներն էին, որոնք գյուլենիստական քաղաքականություն էին շարունակում վարել եւ համարձակորեն քննադատել կառավարության ծայրահեղական ոտնձգությունները: Էրդողանը երդվել էր դրանց «հախից գալ», որպեսզի վերջ տար երկրում բոլոր տեսակի քննադատություններին: Այնպես որ, ներկայիս թուրքական ազատ լրատվամիջոցները կապանքների մեջ են:
«Լրագրողների եվրոպական դաշնությունը» (EFJ) եւ «Լրագրողների միջազգային դաշնությունը» (IFJ) հայտարարել են, որ խոր մտահոգությամբ են հետեւում Թուրքիայում կատարվող այս իրադարձություններին:
«Եվրոմիությունը լուռ չի կարող մնալ «Զամանի», «Թուդեյզ Զամանի» եւ «Ջիհան» լրատվական գործակալության դեմ գործադրված քաղաքական այս բռնարարքների վերաբերյալ», ասված է նրանց հայտարարության մեջ:
«EFJ-ն» եւ «IFJ-ն» դիմելու են Եվրոխորհուրդ լրագրողների պաշտպանության եւ ավտանգության, ինչպես նաեւ «Ազատ լրատվամիջոց ձեւավորելու» մարմիններինՙ ներկայացնելու համար Թուրքիայում խոսքի ազատության խախտումների այս նոր օրինակները: Եվրոպայում «Զամանի» դեմ կատարվածը ընկալում են որպես Էրդողանի անցումը ինքնակամ բռնակալությունից դեպի ամբողջական դեսպոտիզմ:
Սակայն «Զամանի» առգրավումը սառցաբեկորի միայն երեւացող հատվածն է: Դա այլախոհության, տարակարծության դեմ ուղղված ավելի խորը եւ ընդգրկուն մի ծրագրի ընդամենը մի փոքրիկ մասն է: Անցյալ հունվարին Թուրքիայի հետախուզական կառույցները ավելի քան 1000 գիտնականների հետաքննության ենթարկեցին երկրի հարավարեւելյան մասում կառավարության ձեռնարկած ռազմական գործողությունների դեմ բողոքելու համար: Այդ գործողությունները, ինչպես հայտնի է, նպատակ ունեն ոչնչացնելու տեղի քրդական փոքրամասնությանը: Ահաբեկիչների դեմ պայքարելու քողի ներքո, Դիարբեքիրն, օրինակ, այսօր իսկական պատերազմական գոտու է վերածվել: Բացի նշվածից, 2014-ից ի վեր 1845 դատական գործեր են հարուցված սովորական քաղաքացիների դեմ, ովքեր այս կամ այն ձեւով «վիրավորել» են նախագահին:
«Զամանի» սկանդալին նախորդել էր, երեք ամիս առաջ, լրագրողներ Չան Դունվարի եւ Էրդեմ Գյուլի ձերբակալությունըՙ լրտեսության մեղադրանքով: Իրականում նրանք պարզապես իրենց թերթումՙ «Ջումհուրիեթում» գրել էին, որ կառավարությունը զենք է մատակարարում Սիրիայի ահաբեկչական կազմակերպություններին: Նրանք նույնիսկ իրենց գրածը հաստատող լուսանկարներ էին ներկայացրել թերթում:
Կառավարությունը նրանց մեղադրեց պետական գաղտնիքներ հրապարակելու մեջ, եւ Էրդողանը երդվեց, որ նրանք շատ թանկ կվճարեն դրա համար: Երբ Սահմանադրական դատարանը նրանց ազատեց բանտարկությունից, Էրդողանը զայրույթով հակադարձեց. «Ես չեմ պատրաստվում կատարել կամ հարգել այդ որոշումը»: Լրագրողներին դեռեւս սպառնում են վարույթում գտնվող հայցերը, որոնց հետեւանքում նրանք կարող են ցմահ բանտարկության ենթարկվել: «Նորմալ երկրներում նախագահն է, որ ժողովրդից պահանջում է հարգել օրենքներն ու ենթարկվել դրանց, բայց Թուրքիայում ժողովուրդն է, որ նախագահից պահանջում է այդ անել», ասում է Դունդարը:
«Ջումհուրիեթն» ու «Զամանը» միակ լրատվամիջոցները չեն, որ հարձակման ենթարկվեցին տասնհինգ օր առաջ: Ոստիկանությունը նաեւ «Կոզա իփեք» խմբի Ստամբուլի գրասենյակներն էր ներխուժել եւ փակել եթեր գնացող հեռուստատեսային հաղորդումները: Իսկ դրանից առաջ նման ճակատագրի էին արժանացել «Բենչյուտուր» եւ «IMC» հեռուստաընկերությունները, որոնց դուրս են թողել «Թուրքսատ» պետական արբանյակային հաղորդակցության ոլորտից:
Էրդողանի իշխանության օրոք, Թուրքիան դարձել է ամենաշատ բանտարկված լրագրողներ ունեցող երկրներից մեկը, եւ այժմ 180 երկրների մեջ զբաղեցնում է 149-րդ հորիզոնականը «Լրագրողներ առանց սահմանի» կազմակերպության կազմած «Մամուլի համաշխարհային ազատություն» ցուցակում:
Ֆրանսիան, Գերմանիան եւ Եվրոմիության բարձրաստիճան պաշտոնյաները դատապարտել են «Զաման» թերթի վրա կատարված հարձակումը: Գերմանիայի կառավարության մի խոսնակ հայտարարել է, որ կանցլեր Անգելա Մերկելը մամուլի ազատության հարցը քննարկել է Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլու հետ Բրյուսելում: Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Մարկ Այրոն նույնպես իր մտահոգությունն է արտահայտել եւ ասել, որ նման քայլը հակասում է եվրոպական արժեքներին: «Դա ընդունելի չէ: Չի կարելի ցանկանալ մերձենալ եվրոպական չափանիշներին եւ չհարգել մամուլի բազմակարծությունը: Մենք այս մասին քանիցս շատ հստակ ասել ենք թուրքերին», նշել է նա:
Իր հերթին, Եվրոխորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը ասել է, որ ինքը Դավութօղլուի հետ խոսել է եւ բացատրել, որ ազատ մամուլի գոյությունը «Եվրոպական հասկացության մեջ բանակցային հարց չէ»:
«Նա, ով ցանկանում է անդամակցել Եվրոմիությանը պետք է պաշտպանի խոսքի, արտահայտվելու ազատությունը, մամուլի ազատությունը եւ պետք է հանդուրժի քննադատությունը», նկատել է Գերմանիայում ծնված թուրք, գերմանական Կանաչների կուսակցության առաջնորդ Ջեմ Օզդեմիրը, ով գերմանական Բունդեսթագում առաջ է տանում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը:
Ի դեպ, նախքան «զոմբի» դառնալը, «Թուդեյզ Զամանը» տեղեկացրել էր, որ թուրքական խորհրդարանում հայազգի պատգամավոր եւ HDP ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ Կարո Փայլանը վերջերս ելույթ ունենալով խորհրդարանում «գրաֆիթի» նկարներ էր ցույց տվել «Հայ ապօրինածինները» վերտառությամբ, որոնց նա տվել էր «ռասիզմի տիպիկ օրինակներ» բնութագրումը: «Այս հանցագործությունը կատարել են ոչ միայն անվտանգության մարմինները, այլեւ վարչապետը ինքը», ավելացրել էր նա:
Եվ իրոք, վերջերս Բինգյոլ այցելության ժամանակ վարչապետ Դավութօղլուն ասել էր, որ Առաջին համաշխարհայինի ժամանակ հայկական հրոսակախմբերը համագործակցել էին ռուսների հետ: «Ինչպիսի՞ ռասիզմ է սա: Ինձ թույլատրվա՞ծ է արտասանել «Թուրքական հրոսախմբեր» արտահայտությունը», նշել էր Փայլանը:
Սակայն, թուրք կառավարության այս բոլոր հանցագործություններն ու ոտնձգությունները տեսնելով հանդերձ, Եվրոպան եւ Մ. Նահանգները հատկապես, լավագույն դեպքում մի թեթեւ «ապտակում» են Թուրքիային եւ շարունակում համագործակցել Էրդողանի վարչակարգի հետ:
«Գարդիան» անգլիական թերթում տպագրած իր հոդվածը Ռոյ Գրինսլեյդը վերնագրել էր այսպես. «Մամուլի ազատության թշնամի Էրդողանը նորից է նվաստացնելու Եվրոմիությունը»: Դրանում նա մեջբերելով «RSF-ի» գլխավոր քարտուղար Քրիստոֆ Դելուարի խոսքերը առ այն, որ «Եվրոմիությունը պարտավոր է գործի դնել իր բոլոր հնարավոր լծակները: …Խոսք չի կարող լինել վերսկսելու Եվրոմիությանը անդամակցելու բանակցությունը, քանի դեռ Անկարան ակնհայտորեն ոտնահարում է եվրոպական արժեքները», շարունակել էր իր մեկնաբանությունները գրելով. «Այնուամենայնիվ ցարդ Եվրոմիությունը հանցավոր մեղավորություն է ցուցաբերել մամուլի դեմ նախագահ Էրդողանի հարձակումներին ի պատասխան»: Հոդվածի վերջում նա հարցրել էր. «Մի՞թե Եվրոմիությունը որոշել է թույլ տալ նման նվաստացում», եւ ինքն էլ պատասխանել. «պարզ է, որ այո»:
Հոռետեսական այս եզրակացությունն անշուշտ իր օբյեկտիվ պատճառաբանությունն ունի: Հունաստանից եւ այլ վայրերից փախստականներ ընդունելու համար հավելյալ 3,5 միլիարդ դոլար կորզելու մտադրությամբ Բրյուսել ժամանած Դավութօղլուն հասավ իր նպատակին: Բանակցությունների ամբողջ ընթացքում, ամեն տեսակի քննադատություններ լսելուց նա ամենայն հավանականությամբ ցինիկաբար մտածում էր, որ «մուրացկանները չեն կարող ընտրություն կատարել: Եթե ցանկանում եք, որ Թուրքիան օգնի ձեզ փախստականների հարցում, ապա պետք է լայն բացեք ձեր քսակները եւ ձեր գործով զբաղվեք միայն, մի խառնվեք ուրիշի գործերին: Դուք ոչ մի լծակ չունեք միջամտելու, թե մենք ինչպես ենք վերաբերվում լրագրողներին մեր երկրում»:
Սա է էրդողանի կառավարության ամբարտավանության էությունը: Եվրոմիության եւ ոչ մի առաջնորդ ցարդ հանդգնությունը չի ունեցել արհամարհանքով մատնացույց անելու Թուրքիային եւ մեղադրելու նրան ստեղծված քաոսի հիմնական պատճառը լինելու համար: Թուրքիայի ագրեսիան ընդդեմ կայուն ու ամրակուռ Սիրիայի սրեց ամբողջ իրադրությունը, ստիպելով խաղաղ բնակչությանը ցիրուցան լինել, հասնել Էգեյան ծովի մատույցները եւ այլ հեռավոր վայրեր: Եվ Թուրքիայի փոխարեն այժմ Եվրոպան է, որ պետք է վճարի մարդկային այս էպիկական ողբերգության համար:
Թուրքիան ոտնահարում է եվրոպական արժեքները եւ ջրից չոր է դուրս գալիս: Ոչ ոք նրան չի մեղադրում գործած հանցագործության համար: Էրդողանի զինվորները մոլեգին սպանդ են իրականացնում քուրդ բնակչության դեմ, իսկ Եվրոմիությունն ու Մ. Նահանգները հանգիստ դիտում են այդ բոլորը: Նրանց խիղճը մաքուր է, քանի որ իրենք են PKK-ին դասել ահաբեկիչ կազմակերպությունների շարքին:
Թուրքիան Ռուսաստանի հետ սառը հարաբերությունների մեջ է այժմ: Ցնցված է ՆԱՏՕ-ի դաշնության ամբողջ կառույցը, բայց Օբաման հոխորտում է, որ «Թուրքիան իրավունք ունի պաշտպանելու ինքն իրեն»:
Սառը պատերազմի սկզբնավորման օրերից, Թուրքիան իր վրա է վերցրել Մերձավոր Արեւելքում Արեւմուտքի կեղտոտ գործերը առաջ տանելու փոխանորդի դերը: Ինքն է, որ զինում եւ մարզում է Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին, իսկ Արեւմուտքը աչք է փակում, ձեւացնում է չտեսնելու տալ:
«Գարդիանի» հոդվածագիրը ճիշտ է իր մեկնաբանություններում. «Մի ակնկալեք այլ բան: Էրդողանին պատասխանատվության չեն կանչելու իր ներքին խնդիրների եւ արտաքին, միջազգային անզգույշ քայլերի կամ կոպիտ սխալների համար, որովհետեւ նա դարձել է նրանց համար անհրաժեշտ մի չարիք»:
Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ.Ծ.