Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ԵՀՀ-Ի ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

Տեղեկատվական բաժանմունք, 03 Մարտի 2016թ.

Եվրոպայի Հայերի Համագումարի նախաձեռնությամբ, սույն թվականի մարտի 4-6-ը Գերմանիայի Դույսբուրգ ավանում, տեղի է ունենալու հայության հիմնահարցերին նվիրված գիտահետազոտական խորհրդաժողովՙ

«ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՎԱՐՏԻՆ»

ընդհանուր խորագրով, ուր քննարկման նյութ են դառնալու, այնպիսի թեմաներ ինչպիսիք են.

– Ցեղասպանություն եւ պահանջատիրություն,

– Հայկական պահանջատիրությունը, Արեւմտյան Հայաստանը եւ միջազգային օրենքը,

– Հայոց ցեղասպանության 100-տարելիցի առիթով, անցյալ մեկ տարվա ընթացքում իրականացված աշխատանքները, նրա քաղաքական գնահատականը եւ ապագա գործունեության հեռանկարները,

– Հայաստանի Հանրապետության իրավիճակը եւ նրա զարգացման հեռանկարները,

– Արցախի հիմնահարցի լուծման ընթացքը եւ հեռանկարները,

– Սփյուռք, սահմանումներ, խնդիրներ, հեռանկար,

– Միջին Արեւելքի հայկական համայնքների դրությունը,

– Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ներկա վիճակը եւ ներդաշնակ գործունեության համար անհրաժեշտ փոփոխությունները,

– Տարածաշրջանային զարգացումները եւ մեր անելիքները,

– Թուրքիան եւ տարածաշրջանային զարգացումները,

– Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքը 21-դարում եւ փոքրամասնությունների հանդեպ վարած նրա քաղաքականությունը,

Յուրաքանչյուր նիստի ավարտին քննարկման են դրվելու ներկայացված հարցերը, եւ եզրափակիչ քննարկումից հետո, լինելու է բանաձեւերի ընդունում:

Խորհրդաժողովի ընթացքում զեկուցումներ են լինելու Գերմանիայի եւ Ռուսաստանի ու նաեւ համառոտ կերպով եվրոպական մյուս երկրների հայկական համայնքների մասին:

Խորհրդաժողովին զեկուցումներով հանդես են գալու Եվրոպայի տարբեր երկրներիցՙ Հայաստանից, Շվեդիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից ու Թուրքիայից այցելած պատվիրակներ: Մի քանի երկրներից կզեկուցեն նաեւ ինտերնետային կապի միջոցով:

Խորհրդաժողովի բացումը կատարվելու է Եվրոպայի Հայերի Համագումարի նախագահ Կարո Հակոբյանի խոսքերով եւ Տենոր Մասիս Առաքելյանի Կոմիտասյան մի քանի երգերով:

Խորհրդաժողովի ընթացքում նախատեսված է ազատ մտքերի փոխանակման հնարավորություն, երկխոսություններ ու նաեւ հանդիպում տեղի հայ համայնքի հետ:

Խորհրդաժողովի առիթով հրապարակվելու է ամենօրյա լրատվություն:

Եւրոպայի Հայերու Համագումար