Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

40-ԱՄՅԱԿ ԵՎ ԱՌ-ՑԱՆՑ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ «ԱՊԱԳԱՅ»Ի

Հ. Ծ.

«Abakanews.org» կայքում հոկտեմբերի 10-ից գործում է կանադահայ համայնքի «Ապագայ» ՌԱԿ պաշտոնաթերթի առ-ցանց տարբերակը, որը մշտապես նորոգվում է կայքի այցելուներին պարգեւելով թարմ լուրեր: Դա ժամանակի պահանջի թելադրանքով ստեղծված նվեր է շաբաթաթերթի հրատարակման 40-ամյակի առթիվ:

Թեքեյան Մշակութային միության հրատարակություն հանդիսացող ազգային, մշակութային եւ հասարակական պարբերականը հիմնադրվել է 1975-ի սեպտեմբերի 13-ին: Հիմնադիրներն են եղել դոկտ. Արշավիր Գյոնճյանը, Երվանդ Ազատյանը, դոկտ. Հարություն Արզումանյանը, Արսեն Նուբար Մամուրյանը, դոկտ. Վահե Քեթլին եւ Վարդուհի Բալյանը: Սկզբում միայն հայերեն լեզվով լույս տեսնելուց հետո 1979-ից անգլերեն եւ ֆրանսերեն բաժիններով է հարստացել: Խմբագիրներն են եղել Արսեն Նուբար Մամուրյանը, Երվանդ Փափազյանը, Վահան Գոչունյանը եւ դոկտ. Հարություն Արզումանյանը: Ներկայիս խմբագիրն է Ավետիս Բակկալյանը:

Քառասունամյակի առթիվ վիլ Սեն-Լորանում (Մոնրեալի արվարձան) կազմակերպված հոկտեմբերի 10-ի միջոցառումը անցել է կանադահայոց առաջնորդ Աբգար եպիսկոպոս Հովակիմյանի եւ Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եկանյանի հովանու ներքո: Հանդիսությունը վարել է Սիլվա Ամատունի-Թոքաթլյանը: Ելույթներով հանդես են եկել դոկտ. Արշավիր Գյոնճյանը եւ Հակոբ Վարդիվառյանը:

Երեկոյի վերջում էկրանի վրա ներկայացվել է «Ապագայ» շաբաթաթերթի անցած ուղին:

Ջերմորեն շնորհավորելով հոբելյանի առթիվ, «ԱԶԳ-ը» հարատեւություն եւ բարգավաճում է մաղթում իր գործընկերոջը: