Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն այս աշնան սկզբներին քաղաքական մի այնպիսի փոթորիկ առաջացրեց իր երկրում եւ ընդհանրապես տարածաշրջանում, որ շատերի կարծիքով կարող էր երկրում իրավիճակը հսկողությունից դուրս գալ եւ համընդհանուր քաղաքացիական պատերազմի վերածվել: Բայց նոյեմբերի 1-ին կայացած ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ նա վստահորեն առաջ է շարժվում ստեղծելու, ինչպես Ժողովրդադեմոկրատական կուսակցության (HDP) առաջնորդ Սելահատտին Դեմիրթաշն է բնորոշել, իր «սահմանադրական բռնապետությունը»:
Քանի որ հունիսին կայացած խորհրդարանական ընտրությունները վճռորոշ չդարձան, որպեսզի Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը (AK) կարողանար միահեծան կառավարություն ձեւավորել եւ իրականացնել սահմանադրական բարեփոխումներ, որոնք կընդլայնեին իրՙ որպես պետության ղեկավարի դերը եւ իշխանությունը ամբողջ տարածաշրջանում, նա որոշեց նոյեմբերի 1-ին անցկացնել նոր ընտրություններ: Ի տարբերություն Մ. Նահանգների, Թուրքիայում իշխանության գործադիր մարմինները չեն վերահսկվում օրենսդիր եւ դատաիրավական մարմինների կողմից: Շատ վերլուծաբանների կարծիքով Էրդողանը պատրաստվում է դառնալ Թուրքիայի ամենահզոր ղեկավարը Աթաթուրքից հետո:
Այս երկրորդ ընտրությունների հետեւանքում շուկան վերստին աճ է արձանագրել երկրում եւ թուրքական լիրան արժեւորվել է, ինչը խոսում է այն մասին, որ երկրի կայունությունը մոտալուտ է:
Այս բոլորը ցույց է տալիս, որ Էրդողանը բծախնդրորեն մշակել էր եւ ապահովել իր հաջողությունը: Նա ամբողջ երկրով մեկ վախի մթնոլորտ էր ստեղծել միակողմանիորեն հրաժարվելով քրդերի հետ խաղաղ բանակցություններից, որոնք 2013-ից սկսած որոշ դրական արդյունքներ էին տալիս: Սուրուջ ոչ մեծ քաղաքում եւ Անկարայում քրդերի դեմ Էրդողանի վարչակազմի նախաձեռնած, բայց «Իսլամական պետության» կողմից իրականացված ահաբեկչական հարձակումները ծառայեցին իրենց նպատակին:
Ինչպես Ռոջեր Կոհենն է նշում «Նյու Յորք Թայմսում» տպագրված իր «Թուրքիայի վտանգավոր բեւեռացումը» խորագրով հոդվածում, մարդասպան ջիհադիստները ազատորեն շրջագայում են երկրում, եւ ոստիկանները ձեւացնում են, թե չեն նկատում նրանց: Վարչապետ Ահմեթ Դավութօղլուն մի կողմից բացատրում է, որ չեն կարող կալանավորել նրանց, քանի դեռ հանցանքի վայրում չեն բռնվել, մինչդեռ մյուս կողմից բազմաթիվ քրդեր սպանվում են կամ բանտարկվում սարքովիՙ առանց հանցանքի վայրում բռնվելու մեղադրանքներով:
«Ի՞նչ է Էրդողանը, ով տեսականորեն Ամերիկայի գլխավոր դաշնակիցն է ՆԱՏՕ-ում, տեսնում «Իսլամական պետության» դաշունահարող ջիհադիստների մեջ: Նրանք օգտակար են Թուրքիային ազատվելու իր վաղուցվա «գլխացավից»ՙ քրդերից, ովքեր տիրացել են Հյուսիսային Սիրիայի լայն տարածքներին եւ արդեն ինքնիշխանություն հաստատել Ռոջովա կոչվող շրջանում: Դա իր հերթին մեծացնում է Թուրքիայի սահմանամերձ տարածքներում Քուրդիստանի ստեղծման հնարավորությունը, ինչը մղձավանջային իրավիճակ է Թուրքիայի համար:
Քրդերը բավականին տարօրինակ «կարգավիճակ» ունեն Վաշինգտոնի քաղաքական ներկապնակում: Նրանց «ահաբեկիչներ» են անվանում Թուրքիայում, բայց «օգտակար դաշնակիցներ»ՙ Սիրիայում եւ Իրաքում: Դա հավանաբար այսպես կոչված ամերիկյան մարտավարություն է, եւ դաշնակցային այդ կապը որեւէ ժամանակ կարող է կտրվել:
Քրդերն, իրենց հերթին, պետք է որ բավականաչափ փորձ ձեռք բերած լինեն, քանի որ իրենց պատմության ընթացքում միշտ էլ օգտագործվել են, շահագործվել են եւ վերջում լքվել տարածաշրջանի բոլոր ուժերի կողմից:
Էրդողանը երկար ժամանակ խնդրում եւ պահանջում էր Վաշինգտոնից ստեղծել Սիրիայում ոչ-թռիչքային մի գոտիՙ փախստականներին պաշտպանելու քողի ներքո, բայց Վաշինգտոնը այդ գաղափարին շատ կարեւորություն չէր տալիս: Հետո Էրդողանը առաջարկեց ամերիկյան օդուժին Ինջիրլիքի ավիաբազայից օգտվելու թույլտվություն ընձեռելու փոխարեն հնարավորություն ունենալ ազատ գործելու եւ ռմբակոծելու քրդերին Սիրիայում եւ Իրաքում:
Այժմ երբ առավելապես Ռուսաստանի միջամտության հետեւանքում ձախողվել է Սիրիայի տարածքում քրդական ինքնավար շրջանները ոչնչացնելու թուրքական ծրագիրը, վարչապետ Դավութօղլուն հայտարարում է, որ Թուրքիան ցանկանում է ցամաքային ուժեր տեղակայել Սիրիայում, ինչը կարող է է՛լ ավելի բարդացնել իրավիճակը այնտեղ: Հետընտրական իր ելույթում Էրդողանը նշեց, որ շարունակելու է պայքարել Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) դեմ մինչեւ «նրա մարտիկները ցած դնեն իրենց զենքերը»:
Նոյեմբերի 1-ի ընտրությունների արդյունքներով Էրդողանի AK կուսակցությունը կարողացավ մեծամասնություն կազմել խորհրդարանում, ձեռք բերելով 550 պատգամավորական տեղերից 317-ը, այսինքնՙ 49 տոկոսը, որն ընդամենը 13 տեղով է պակաս սահմանադրական բարեփոխումների համար հանրաքվե անցկացնելու անհրաժեշտ ընդհանուր թվից: Վախի մթնոլորտի ստեղծման մարտավարությունը փաստորեն իր դրական արդյունքը տվեց կուսակցությանը, խորհրդանշելով վերջինիս դերը երկրի կայունության գործում: Մոտ մեկ միլիոն քուրդ եւ ձախակողմյան քվեարկողներ քրդամետ HDP կուսակցությունից անցան AK-ի կողմը, իսկ HDP-ն հազիվ կարողացավ հասնել ձայների 10 տոկոս նվազագույն շեմին եւ ապահովեց 59 տեղՙ 21-ով պակաս հունիսին ձեռք բերած իր հաջողությունից:
Փորձագետների կարծիքով այդ 10 տոկոսի հասնելու հնարավորությունն էլ հաշվարկված քայլ էր Էրդողանի կողմից, որովհետեւ դրանից պակաս արդյունքի պարագայում քրդերը կարող էին ընդհատակ անցնել եւ բարդացնել իր ծրագրերը: Երեք տարբեր կուսակցութուններից երեք հայ թեկնածուները պահպանեցին իրենց տեղերը խորհրդարանում ցույց տալու համար Եվրոմիությանը, որ Թուրքիան հավատարիմ է ժողովրդավարական սկզբունքներին եւ խորհրդարանում ներկայացված են քրդեր, ասորիներ եւ հայեր:
Դեմիրթաշը հավատացած է, որ վաղ թե ուշ Էրդողանի կառավարությունը վերսկսելու է բանակցությունները քրդերի հետ, բայց մերժում է պաշտպանել սահմանադրական փոփոխությունների Էրդողանի ծրագիրը, որն ավելի ընդլայնում է նախագահի լիազորությունները:
«Մենք պետք է խելքներս կորցրած լինեինք, որ պաշտպանեինք այդ ծրագիրը, որը ճանապարհ է հարթում դեպի «սահմանադրական բռնապետություն», մի մարդու ձեռքում կենտրոնացնելով ամբողջ իշխանությունը», ասել էր նա մի հարցազրույցի ժամանակ:
Բայց հակառակ կտրուկ դեմ լինելուն, Դեմիրթաշը հավանաբար ի վերջո տեղի տա եւ հավանության արժանացնի բարեփոխումները, նախ որովհետեւ Էրդողանը սպառնում է «դիմել ժողովուրդին»ՙ ստանալու նրա աջակցությունը եւ, երկրորդ, որովհետեւ Դեմիրթաշը քանիցս իր կարիերայի ընթացքում ապացուցել է, որ ռեալիստ քաղաքական գործիչ է եւ հավատացած է, որ դիվանագիտությունը «հնարավորությունների արվեստ է»: Մինչ ժողովրդադեմոկրատական կուսակցությունը (PKK) ծայրահեղական դիրքորոշումով միայն անկախության է ձգտում, Դեմիրթաշը առավել համեստ, չափավոր նպատակ է հետապնդում, բավարարվելով ձեռք բերել համակարգի ներսում որոշակի մակարդակի ինքնավարություն քրդերի համար: Երբ կառավարությունը ձեռնամուխ եղավ բանակցություններ վարելու, նույնիսկ բանտարկված Աբդուլլահ Օջալանը համաձայնել էր ամբողջական անկախության փոխարեն ընդունել ինքնավարության տարբերակը: Եթե այդ նպատակը իրականություն դառնա, Էրդողանը շոշափելի արդյունքներ կունենա ցույց տալու Արեւմուտքին: Ներկայի խառնաշփոթ իրարանցումների մեջ նա, այդուհանդերձ, կարողացավ ապացուցել, որ «տեֆլոնային» քաղաքագետ է, ով հունիսյան ընտրությունների համեմատ հինգ միլիոն ավելի քվեներ ստացավ նոյեմբերին:
Կողմնակի նշենք, որ մինչ Թուրքիան խորհրդարանականից անցում է կատարում դեպի նախագահական կառավարման համակարգ, Հայաստանը շարժվում է ճիշտ հակառակ ուղղությամբ:
Էրդողանի դիրքորոշումը եւ հաջողութունը պայմանավորված էր նաեւ արտաքին գործոններով: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Անկարա այցելեց ընտրությունների նախօրյակինՙ զորակցելու նրան եւ իր վերաբերմունքն արտահայտելու Եվրոմիությանը Թուրքիայի անդամակցության վերաբերյալ: Մ. Նահանգները աչք փակեց «Իսլամական պետությանը» հարվածելու քողի ներքո Թուրքիայի կողմից քրդերի դեմ իրականացված ռմբակոծություններին: Նույնիսկ ռուս-թուրքական հարաբերութունները չխաթարվեցին, երբ թուրքական օդային սահմանը խախտող ռուսական ինքնաթիռի միջադեպից հետո Էրդողանը սպառնաց խզել դրանք: Եվ վերջապես արտակարգ լռություն տիրեց իսրայելա-թուրքական ճակատում, որտեղ Իսրայելը փորձում է պահպանել իր հեգեմոնիան տարածաշրջանումՙ համագործակցելով Անկարայի եւ Ռիադի հետ:
Միջազգային հանդուրժողականությունը Էրդողանի առաջխաղացման նկատմամբ կարելի է ասել, արդեն իսկ ձեւավորված է: Մնում է, որ Էրդողանը իրագործի իր սահմանադրական բարեփոխումները, ամրապնդելու համար իր դիրքերը երկրի ներսում: Այդ ժամանակ աշխարհը պատրաստ կլինի գործ ունենալու Սուլթան Էրդողանի հետ:
Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ.Ծ.