Կիրակի, 9 Օգոստոս, 2026

ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՆՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔԸ ՊԱՏՐԱՍՏ ԿԼԻՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

Ա. Մ.

Երեւանի Վազգեն Սարգսյան փողոց 3 հասցեում կառուցվող կառավարական շենքային համալիրի կահավորման նպատակով կառավարությունը հատկացրել է 985 մլն դրամ: Ինչպես հայտնեց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, կառավարական նոր համալիրը պատրաստ կլինի սեպտեմբերին, իսկ նախարարությունները կարող են այնտեղ տեղափոխվել հոկտեմբերի վերջից:

1,5 մլրդ դրամ Վարդենիս-Մարտակերտ մայրուղու շինարարությանը

Կառավարության երեկվա որոշմամբ 1 մլրդ 540 մլն դրամ է հատկացվել Վարդենիս-Մարտակերտ մայրուղու Վարդենիսի հատվածի առաջին փուլի հիմնանորոգման իրականացման նպատակով:

Մեղրիի հրդեհից տուծաժ եւ երիտասարդ ընտանիքներին բնակարաններ կտրամադրվեն

Մեղրի քաղաքի Մ. Օհանջանյան 92/1 հասցեում գտնվող Մեղրիի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն մասնաշենքը եւ դրա օգտագործման ու սպասարկման համար առանձնացված հողամասը կառավարության երեկվա որոշմամբ անհատույց, սեփականության իրավունքով նվիրաբերվել է հունիսի 13-ին Մեղրիի Զորավար Անդրանիկի փողոցի թ.7 բնակելի շենքում բռնկած հրդեհից տուժած ընտանիքներին եւ քաղաքապետարանում հաշվառված ու բնակարանի կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին` որպես բնակելի շենք վերակառուցելու նպատակով:

Ռուսլան Կորյանը, Արազ Օզբիլիսն ու Գաել Անտոնյանը կազատվեն զինծառայությունից

Ֆուտբոլի ՀՀ հավաքական թիմի խաղացող Ռուսլան Կորյանին կառավարությունն երեկ ազատեց պարտադիր զինվորական ծառայությունից: Մեկ այլ որոշմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչեւ 2017թ. ամառային զորակոչը տարկետում է տրվել ֆուտբոլի ՀՀ հավաքական թիմի անդամներ Արազ (Դանիել) Օզբիլիզին եւ Գաել Անտոնյանին: