Կիրակի, 9 Օգոստոս, 2026

Թրամփն Ալիևին հրավիրել է, իսկ Փաշինյանին՝ ո՞չ

ԱՄՆ նախագահ Թրամփը օգոստոսի 8–ին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ։ Միանգամից նկատելի է մի տարբերություն։ Ադրբեջանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ալիեւը Թրամփին շնորհակալություն է հայտնել «Մեծ Քսանի» ամերիկյան գագաթնաժողովին մասնակցելու հրավերի համար։

Հայաստանի վարչապետի հետ հեռախոսազրույցի վերաբերյալ Երևանի տարածած հաղորդագրության մեջ չկա այդպիսի հիշատակում։ Դա ի՞նչ է նշանակում՝ Թրամփն Ալիևին հրավիրել է, իսկ Փաշինյանին՝ ո՞չ։

Նշեմ, որ G20–ի գագաթնաժողովը 2026 թվականի դեկտեմբերի 14–15–ին կայանալու է ԱՄՆ Մայամի քաղաքում՝ Ֆլորիդա նահանգում։

Համենայն դեպս, եթե Ալիևը ստանում է հրավեր, իսկ Փաշինյանը՝ ոչ, դա կարող է բավականին խոսուն վկայություն լինել իրերի, այսպես ասած, բուն դրության մասին, մասնավորապես այն մասին, որ Հայաստանն այս ամենում ընդամենը միջոցն է՝ Ադրբեջանի հետ ԱՄՆ համաձայնությունների համար։ Այն, ինչի մասին նշել եմ բազմիցս։

Իհարկե, այնպես չէ, որ Փաշինյանին էլ հրավեր ուղարկելու դեպքում իրավիճակը ստանում էր այլ տրամաբանություն։ Պարզապես այս պարագայում, եթե մեկն ունի հրավեր, իսկ մյուսը՝ ոչ, ըստ էության ստացվում է, որ ԱՄՆ այլևս չի էլ փորձում պահպանել գոնե ձևական հավասարակշռություն։ Թեև, գուցե համարում են, որ հավասարակշռության համար բավական է և այն, որ Թրամփը զանգահարել է նաև Փաշինյանին։

Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան