ՋՈՐՋ ՖՐԻԴՄԱՆ
«Կայսրություն» եզրը կեղտոտ բառ է: Հաշվի առնելով շատ կայսրությունների վարքագիծը, նման բնութագրումը բնական է, խելամիտ ու տրամաբանական: Բայց կայսրությունը նաեւ սոսկ նկարագրությունն է մի վիճակի, դրության, որը շատ անգամ ծրագրավորված չի լինում, եւ հազվադեպ է, որ մտադրված է լինում: Դա մի իրավիճակ է, որը ծնունդ է առնում ուժի հսկայական անհավասարությունից: Իրոք, դիտավորյալ ստեղծված կայսրությունները, ինչպիսիք նապոլեոնական Ֆրանսիան էր եւ նացիստական Գերմանիան, հազվադեպ են երկարատեւ եղել: Կայսրություններից մեծամասնությունը նախօրոք ծրագրված չեն եղել: Նրանք առաջացել են եւ հետո միայն գիտակցել իրենց գոյությունը: Երբեմն նույնիսկ երկար ժամանակ չեն էլ գիտակցել, եւ դա իր հետեւանքներն է ունեցել:
Երկրորդ աշխարհամարտը եւ կայսրության ծնունդը
Միացյալ նահանգները կայսրություն դարձավ 1945-ին: Ճիշտ է, որ իսպանա-ամերիկյան պատերազմում, Մ. Նահանգները դիտավորյալ իր հսկողության տակ վերցրեց Ֆիլիպինները եւ Կուբան: Ճիշտ է նաեւ այն, որ նա սկսեց իրեն համարել կայսրություն, չնայած իրականում այդպիսին չէր: Կուբան եւ Ֆիլիպինները կայսրության պատրանքն էին, որը ցրվեց Առաջին աշխարհամարտի ժամանակ, որին հետեւեց մեկուսացման շրջանը եւ մեծ ճգնաժամը:
Իրական ամերիկյան կայսրությունը, որ դրանից հետո առաջացավ, արդյունք էր ուրիշ կողմնակի դեպքերի: Դավադրության հարց չկար: Որոշ առումներով հանգամանքները նրան ավելի ուժեղ դարձրին:
Երկրորդ աշխարհամարտի դինամիկան առաջ բերեց եվրոպական թերակղզու փլուզումը եւ դրա գրավումը ռուսների եւ ամերիկացիների կողմից: Նույն դինամիկան նաեւ առաջ բերեց Ճապոնիայի գրավումը եւ նրա անմիջական կառավարումը Մ. Նահանգների կողմից, որպես փաստացի գաղութիՙ գնդապետ Դուգլաս ՄակԱրթուրի փոխարքայությամբ:
Մ. Նահանգները իրեն գտավ արտասովոր կայսրության կարգավիճակում, որը նա մտադիր չէր պահպանել: Դա սոսկ քարոզչություն չէր, այլ իսկական ցանկություն: Նախ, Մ. Նահանգները արդի ժամանակների առաջին հակա-իմպերիալիստական «ծրագիրն» էր: Այն սկզբունքորեն դեմ էր կայսրությանը: Իսկ ավելի կարեւոր էր այն, որ այդ կայսրությունը ոչ թե հարստության աղբյուր էր, այլ ամերիկյան ռեսուրսների սպառում: Երկրորդ աշխարհամարտը քայքայել էր Ճապոնիային եւ Արեւմտյան Եվրոպային: Մ. Նահանգները համարյա ոչ մի տնտեսական առավելություն չէր ստացել այդ երկրները իր հսկողության տակ պահելով: Եվ վերջապես, Մ. Նահանգները Երկրորդ աշխարհամարտից դուրս էր եկել հիմնականում անվնաս եւ գուցե նաեւ որոշ առումով դրանից օգուտ քաղած: Փողը, հարստությունը, սակայն, պետք էր դիզել Մ. Նահանգներում եւ ոչ թե կայսրությունում: Զորագնդերն ու գնդապետները ցանկանում էին տուն վերադառնալ:
Բայց ի տարբերություն Առաջին աշխարհամարտի, այս անգամ ամերիկացիները չէին կարող հենց այնպես հեռանալ: Առաջինի պարագայում համարյա բոլոր մասնակիցները խորտակված էին: Ոչ ոք ի վիճակի չէր հեգեմոնի դերը ստանձնել, եւ Մ. Նահանգները կարող էր Եվրոպային թողնել, որ իր դինամիկայով առաջ գնա: Երկրորդ աշխարհամարտի պարագայում ավարտը ամբողջովին տարբեր էր: Ճիշտ է, Խորհրդային Միությունը խորտակված էր, բայց դեռ հզոր էր: Նա հեգեմոն դեր ուներ արեւելքում եւ Մ. Նահանգների բացակայության պայմաններում կարող էր տիրել ամբողջ Եվրոպային: Սա Վաշինգտոնի համար լուրջ խնդիր էր, քանի որ միացյալ Եվրոպան, լիներ այն կամավոր հիմունքներով ֆեդերացիայի տեսքով, թե մեկ երկրի իշխանության ներքո, բավականաչափ ռեսուրսներ կունենար մարտահրավեր նետելու Մ. Նահանգներին:
Այնպես որ, Մ. Նահանգները չէր կարող թողնել, հեռանալ: Նա իրեն կայսրություն չէր համարում, եւ անկասկած թույլ էր տալիս ավելի շատ ներքին քաղաքական ինքնավարություն, քան սովետները իրենց տարածաշրջանում: Բայց պահպանելով հանդերձ զինվորական ներկայությունը, Մ. Նահանգները նաեւ կազմակերպեց եվրոպական տնտեսությունը, եւ ստեղծեց ու մասնակիցը դարձավ եվրոպական պաշտպանական համակարգին: Եթե ինքնուրույնության էությունը պատերազմի գնալ-չգնալու որոշումը կայացնելու մեջ է, ապա պետք է ասել, որ այդ իրավունքը տրված էր ոչ թե Լոնդոնին, Փարիզին կամ Վարշավային, այլ Մոսկվային եւ Վաշինգտոնին:
Ամերիկյան ռազմավարությունը կազմակերպելու սկզբունքի հիմքում ընկած էր զսպումը, սահմանափակումը: Անկարող լինելով նվաճելու Խորհրդային Միությունը, Վաշնիգտոնը պարտավոր էր առնվազն վերահսկել այն: Մ. Նահանգների ազդեցությունը տարածվեց Եվրոպայով մեկ մինչեւ Իրան: Խորհրդային Միության ռազմավարությունն էր ճեղքել ինչքան հնարավոր է սահմանափակման համակարգը, օժանդակելով ապստամբական շարժումներին: Եվրոպական կայսրությունները անկում էին ապրում եւ քայքայվում: Խորհրդային կողմը ցանկանում էր այդ քայքայված մնացորդներից ստեղծել դաշնային մի կառույց, իսկ ամերիկյան կողմը փորձում էր հակադարձել:
Կայսրության էկոնոմիկան
Խորհրդային Միության հետ դաշնակցելու առավելություններից մեկը, հատկապես ապստամբ խմբավորումների համար, առատ զենք ձեռք բերելու հնարավորությունն էր: Որոշ երկրներ, ինչպես օրինակ Հարավային Կորեան, մեծապես օգտվեցին այդ հնարավորությունից: Ուրիշներՙ ոչ: Նիկարագուայի նման երկրների ղեկավարները հասկացան, որ առավել մեծ քաղաքական եւ զինվորական օժանդակություն կարող են ստանալ Խորհրդային Միությունից քան Մ. Նահանգների հետ առեւտուր անելուց:
Մ. Նահանգները աշխարհի հզորագույն տնտեսական իշխանությունն էր, ամբողջապես վերահսկում էր ծովային տարածքները, ուներ (ռազմական) բազաներ աշխարհի տարբեր վայրերում եւ առեւտրի ու ներդրումների դինամիկ մի համակարգ, որից կարող էին օգտվել նաեւ նրան ոչ կողմնակից պետություններ: Ահա այս պահին էր, սառը պատերազմի այդ սկզբնական շրջանում, որ Մ. Նահանգները սկսեց, գուցե ոչ գիտակցաբար, գործել որպես կայսրություն:
Ամերիկյան այդ կայսրության աշխարհագրությունը հիմնված էր մասամբ զինամթերք մատակարարելու, բայց առավելապես նաեւ տնտեսական հարաբերությունների վրա:
Սկզբնական շրջանում այս տնտեսական հարաբերությունները չնչին էին, բայց համակարգի հասունացման հետ աճեցին նաեւ արտահանումների, ներմուծումների եւ աշխատանքային շուկաների արժեքն ու կարեւորությունը: Ինչպես իրականում հաջողակ որեւէ կայսրություն, այն չսկսեց մեծ նախագծերով կամ երազանքներով: Ռազմավարական անհրաժեշտությունը ստեղծեց տնտեսական որոշակի մի իրականություն, որտեղ մի երկիրը մյուսի հետեւից սկսեց արդյունաբերության գլխավոր ճյուղերից մեկով կամ մյուսով կախման մեջ լինել մեկ այլ երկրից կամ երկրներից: Ցայտուն օրինակների թվում կարելի է նշել Սաուդյան Արաբիան եւ Վենեսուելան, որոնց նավթը անհրաժեշտ էր ամերիկյան նավթային ընկերություններին, եւ հետեւաբար նրանք դարձան տնտեսապես կարեւոր երկրներ: Հետագայում նաեւ մարտավարական գործընկերներ:
Կայսրության կայացմանը, հասունացմանը զուգահեռ ավելանում է, մեծանում է նրա տնտեսական արժեքը, հատկապես եթե նա ուրիշներին չի հարկադրում նման համագործակցություն: Հարկադրանքը թանկ հաճույք է եւ նսեմացնում է կայսրության արժեքը: Իդեալական գաղութը այն է, որ բոլորովին էլ նման չէ գաղութի, այլ մի երկիր է, որն օգտվում է ինչպես գերագույն, այնպես էլ կայսրության մնացյալ հատվածի իշխանության տնտեսական հարաբերություններից: Ռազմական հարաբերությունները պետք է կառուցված լինեն կա՛մ փոխադարձ կախվածության, կա՛մ էլ գերագույն իշխանությունից հաճախորդ-երկրի կախվածության հիմքի վրա: Այս միջոցով է, որ Մ. Նահանգները դարձավ կայսրություն: Պայմաններից մեկն այն էր, որ չափազանց հարուստ էր եւ ուժեղ: Երկրորդՙ դիմագրավում էր հավանական մի հակառակորդի, որը մարտահրավեր էր նետում աշխարհի շատ երկրներին: Երրորդՙ որ նա կարողացավ շրջահայաց կերպով օգտագործել իր տնտեսական առավելությունըՙ ստիպելու այդ երկրներին նախ տնտեսական հարաբերություններ հաստատել, այնուհետեւ նաեւ քաղաքական եւ ռազմավարական: Չորրորդՙ այդ երկրները, իրենց հերթին, նշանակալի կարեւորություն ստացան ամերիկյան տնտեսության տարբեր բնագավառների համար:
Ամերիկյան կայսրության կարողության սահմանները
Ամերիկյան կայսրության խնդիրը սառը պատերազմի «ծածկի» գոյությունն էր: Այդ ընթացքում Մ. Նահանգները ակնկալել էր պատերազմի գնալ կոալիցիայի ընկերակցությամբ, բայց կրել հիմնական ծանրությունը: 1991-ին, երբ «Անապատի փոթորիկ» գործողությունը սկիզբ առավ, կոալիցիա կար: Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո, երբ որոշվեց կռվել Աֆղանստանում եւ Իրաքում, դարձյալ կոալիցիա կար, բայց հիմնական ռազմական ուժը ամերիկյան էր: Կառուցվածքային ձեւով հետսեպտեմբեր 11-ի պատերազմները Երկրորդ համաշխարհայինի նման էին: Իրաքյան պատերազմի ծրագրողները քննարկում էին նաեւ Գերմանիայի եւ Ճապոնիայի նվաճումը:
Ոչ մի կայսրություն չի կարող երկար դիմանալ բացարձակապես անմիջական իշխանության շնորհիվ: Նացիստների օրինակը, գուցե, այդ առումով լավագույնն է: Նրանք փորձեցին Լեհաստանը կառավարել անմիջականորեն, գրավեցին խորհրդային տարածքներ, մտան Ֆրանսիա եւ այլն: Բրիտանացիները, ընդհակառակը, Հնդկաստանը կառավարեցին պաշտոնական շատ «բարակ շերտի» եւ մեծ թվով գործարարների առկայությամբ: Եվ նրանքՙ բրիտանացիները ավելի լավ կատարեցին իրենց գործը: Գերմանացիները հյուծեցին իրենք իրենց: Բրիտանացիները կարողացան իրենց կայսրությունը վերածել գլոբալ համակարգի կարեւորագույն մի մասնիկի: Գերմանացիները ջախջախվեցին իրենց նվաճողական քաղաքականության շնորհիվ:
1992-ից հետո Մ. Նահանգները դարձավ գլոբալ առումով միակ հավասարակշռված իշխանությունը: Դա նշանակում է, որ դարձավ միակ երկիրը, որ կարող էր տնտեսական, քաղաքական եւ ռազմական ուժ գործադրել աշխարհում: Մ. Նահանգները շատ ուժեղ էր եւ շարունակում է այդպիսին մնալ: Բայց դա չի նշանակում, որ նա ամենակարող է: Լսելով քաղաքագետներին, ովքեր Ռուսաստանի, Իրանի եւ Եմենի խնդիրներն են քննարկում, տպավորություն է զգացվում, որ Մ. Նահանգների կարողությունը սահմաններ չի ճանաչում: Սահմաններ միշտ էլ կան եւ կայսրությունները կարող են գոյատեւել, եթե գիտակցեն դրանց գոյությունը եւ հարգեն դրանք:
Մ. Նահանգների կայսրության կարողության հիմնական սահմանափակումը նույնն է, ինչ Բրիտանիայի եւ հռոմեական կայսրությունների կարողությունների սահմանափակումները: Դրանք հիմնականում ժողովրդագրական են: Եվրասիայում տեղի բնակչությունը թվով գերազանցում է ամերիկացիներին: Մ. Նահանգների ռազմական ներկայությունը հիմնված է անընդհատ լրացուցիչ զորամիավորումներ ուղարկելու եւ արդիական զենքերի օգտագործման վրա: Նման ռազմավարությունը կարող է հաջողությամբ գործել, բայց ոչ երկար ժամանակ: Թշնամին կարող է շարունակական հարձակումներով թուլացնել համեմատաբար փոքրաթիվ ամերիկյան զորքերին: Այս դասը ամերիկացիները սովորեցին նախ Վիետնամում, հետո Իրաքում եւ Աֆղանստանում: Իրաքը 25 միլիոնանոց երկիր է: Ամերիկացիները այնտեղ էին ուղարկել մոտ 130 հազար զորամիավորում: Պարզ է, որ իրաքցիները թվով գերազանցում էին ամերիկացիներին: Այն առասպելը, թե ամերիկացիները «ախորժակ չունեն» կռվելու, ճիշտ չէ, քանի որ Վիետնամում Մ. Նահանգները կռվեց յոթ տարի, իսկ Իրաքումՙ մոտավորապես նույնքան: Երկրի ժողովուրդը, հասարակությունը կարող է համբերատար լինել, բայց գալիս է մի պահ, երբ հարձակումների շարունակականությունը ավելորդ ու անիմաստ են դարձնում քաղաքական նկատառումները:
Եվրասիայում հիմնավոր զորքի տեղակայումը արդարացված չէ, բացի այն հատուկ դեպքերից, երբ լրացուցիչ զորքեր կարելի է «գնել» եւ ամբողջացնելով մարտունակությունը ավարտին հասցնել մարտերը: Բայց նման իրավիճակները չափազանց հազվադեպ են:
Այլընտրանքը անուղղակի պատերազմ մղելն է, գլխավոր բեռը նրանց վրա բարդելն է, ովքեր պատրաստ են եւ չեն կարող խուսափել դրանից: Երկրորդ աշխարհամարտի առաջին տարիներին այս անուղղակի պատերազմի մարտավարությունը օգտագործվեց պաշտպանելու համար Մեծն Բրիտանիային եւ Խորհրդային Միությանը Գերմանիայից:
Անուղղակի պատերազմ մղելու երկու տարբերակ կա: Առաջինը միեւնույն շահերը հետապնդող տեղական ուժերին նեցուկ կանգնելն է: Սա կիրառվեց Աֆղանստանի պատերազմի առաջին փուլում: Երկրորդըՙ պետությունների միջեւ ուժի հավասարակշռությունը պահպանելն է: Մենք սրան ականատես ենք լինում այժմ Մերձավոր Արեւելքում, որտեղ Մ. Նահանգները փորձում է ուժերի հավասարակշռությունը պահպանել տարածաշրջանի չորս գլխավոր երկրներիՙ Իրանի, Սաուդյան Արաբիայի, Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ: Իրաքում Իրանի համագործակցությամբ օդային հարձակումներ է իրագործում Մ. Նահանգները, Եմենումՙ սաուդցիների հետ պայքարում է Հութիների դեմ:
Սա է կայսրության էությունը: Բրիտանացիները ասում էին, որ հավերժական բարեկամներ կամ հավերժական թշնամիներ չկան, կան միայն հավերժական շահեր: Այս շաբլոն դարձվածքըՙ կլիշեն, ինչպես շատ ուրիշներ, ճիշտ է: Մ. Նահանգները այս դասը սովորելու գործընթացում է այժմ: Իրականում Մ. Նահանգները շատ ավելի հմայիչ էր, երբ հստակորեն բնութագրում էր իր բարեկամներին եւ թշնամիներին: Բայց դա մի հաճույք է, որ կայսրությունները չեն կարող հանդուրժել:
Հավասարակշռության համակարգի կառուցումը
Մենք այժմ տեսնում ենք, թե ինչպես սովորելով հավասարակշռելՙ Մ. Նահանգները վերահավասարակշռում է իր մարտավարությունը: Համաշխարհային նշանակության մի իշխանություն չի կարող իրեն թույլ տալ անմիջական ներգրավվածություն ունենալ աշխարհում տեղի ունեցող հակամարտություններում: Այն շատ արագորեն կհյուծվի: Օգտագործելով տարբեր մեխանիզմներ, այն պետք է ստեղծի տարածաշրջանային եւ գլոբալ հավասարակշռության կենտրոններՙ առանց խախտելու նրանց ներքին ինքնիշխանությունները, այսինքն առաջացնել իրավիճակներ, որոնցում այդ երկրները ցանկանան գործել հօգուտ Մ. Նահանգների:
Դժվար խնդիր է: Առաջին քայլը տնտեսական դրդապատճառների օգտագործումն է, որպեսզի ձեւավորվեն այդ երկրների վարքագիծը: Դա Մ. Նահանգների Առեւտրի պալատի գործը չէ, այլ գործարարների: Երկրորդըՙ տնտեսական օժանդակություն ցուցաբերելն է երերուն երկրներին: Երրորդըՙ ռազմական օժանդակություն ցուցաբերելն է: Չորրորդըՙ խորհրդատուներ ուղարկելը: Հինգերորդըՙ ազդեցիկ ճնշիչ ուժեր ուղարկելը: Չորրորդից հինգերորդ մակարդակի անցնելը ամենադժվարն է: Ճնշիչ ուժերը պետք է երբեք չօգտագործվեն, բայց երբ խորհրդատուներն ու օժանդակությունը չկարողանան լուծել խնդիրը, ապա այդ ուժերի օգտագործումը դառնում է անհրաժեշտություն:
Կայսրության պատասխանատվությունները
Ես դիտավորյալ եմ խոսում Մ. Նահանգների մասին որպես մի կայսրության, քաջ գիտակցելով, որ այդ եզրը տհաճություն կարող է պատճառել: Նրանք, ովքեր կայսրություն են անվանում Մ. Նահանգներին, սովորաբար նկատի ունեն այն, որ այդ երկիրը չար է, աղետաբեր: Ուրիշներ այլ անուններով են կոչում նրան: Բայց իրականությունն իմանալը օգտակար է: Օգտակար է ազնիվ լինելը, հատկապես ինքդ քո հանդեպ: Բայց ավելի կարեւոր է այն, որ եթե Մ. Նահանգները սկսի իրեն կայսրություն համարել, ապա նշանակում է, որ նա սկսելու է սովորել կայսերական իշխանության դասերը: Ոչինչ այնքան վնասակար չէ, քան մի կայսրություն, որն իր իշխանությունը ապաշնորհ կերպով է տնօրինում:
Ճիշտ է, որ Մ. Նահանգները մտադիր չէր դառնալ կայսրություն: Ճիշտ է նաեւ այն, որ նրա այս կամ այն մտադրությունները այնքան էլ կարեւոր չեն: Պատմական եւ աշխարհաքաղաքական հանգամանքները ստեղծել են մի ամբողջություն, որ եթե նույնիսկ կայսրություն չէ, ապա շատ նման է դրան: Կայսրությունները կարող են ճնշող չլինել: Պարսիկները բավական լիբերալ էին իրենց տեսակետներով: Ամերիկյան գաղափարախոսությունն ու ամերիկյան իրականությունը անհամատեղելի չեն: Բայց երկու հանգամանք պետք է նկատի առնել: Առաջին, Մ. Նահանգները չի կարող հրաժարվել իր ունեցած իշխանությունից: Նման բան անելու գործնական ձեւ գոյություն չունի: Երկրորդ, հաշվի առնելով իշխանության հզորությունը, Մ. Նահանգները կամա թե ակամա ստիպված է լինելու ներգրավվել հակամարտությունների մեջ: Կայսրություններից հաճախ վախենում են, երբեմն նրանց հարգում են, բայց երբեք չեն սիրում: Սակայն ձեւացնելով, որ կայսրություն չես, դու չես կարող խաբել որեւէ մեկին:
Հավասարակշռման ներկա գործողությունները Մերձավոր Արեւելքում ներկայացնում են ամերիկյան ռազմավարության արմատական վերափոխումը: Այն դեռեւս անշնորհք վիճակում է, բայց ընթացքի մեջ է: Աշխարհը ընտելանալու է դրան եւ «ամերիկացիներն են գալիս» հոգեվիճակը հաղթահարվելու է: Մ. Նահանգները չի միջամտելու: Այն վերահսկելու է իրավիճակը երբեմն մի երկրի, երբեմն էլ մեկ ուրիշ երկրի օգտին:
Geopolitical Weekly, Stratfor G.I., Թարգմ. Հ.Ծ