Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Charlie Hebdo-Ն ԱԶՆԻՎ ԽՈՍՔ Է ՏԱԼԻՍ

Պատրաստեց` ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆԸ

Մահմեդականների սուրբ Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարները հրապարակելով հայտնի դարձած փարիզյան Charlie Hebdo պարբերականի գլխավոր ծաղրանկարիչ Ռենալդ Լուզիեն հայտարարել է, որ իրենք խոսք են տալիս այլեւս երբեք Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները չհրապարակելու:

Մահմեդական ծայրահեղական խմբավորումներն իրենց հերթին դեռ չեն հայտարարել, որ խոսք են տալիս այլեւս երբեք չհարձակվել Charlie Hebdo-ի խմբագրության վրա: Չի բացառվում, որ սպասում են պարբերականի հաջորդ համարին` համոզվելու:

Փաստորեն մարտի 18-ին

Քուվեյթ մեկնելուց առաջ Թուրքիայի նախագահ Էրդողանը օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին: Այն հարցին, թե ինչո՞ւ պարոն նախագահը Չանաքքալեի` ապրիլի 24-ին նշված հաղթանակի միջոցառուներին չէր հրավիրել երկրի ընդդիմադիր կուսակցությունների նախագահներին, Էրդողանը պատասխանել է. «Ճիշտ ասած տեղյակ չեմ` հրավիրե՞լ են, թե՞ ոչ, բայց այսքանն ասեմ. ես 12 տարի այս երկրում վարչապետ եմ եղել եւ ոչ մի անգամ ոչ Քըլըչթարօղլուին, ոչ Բայքալին, ոչ էլ հարգելի Բահչելիին (թվարկում է ընդդիմադիր առաջնորդներին- Հ. Ա.) Չանաքքալեում չեմ տեսել: Կրկնում եմ` մենք ամեն տարի մարտի 18-ին Չանաքքալեում միջոցառումներ ենք անում, ես այնտեղ եմ լինում, բայց նրանցից ոչ մեկին այնտեղ չեմ տեսել»:

Անցած տարիներին չգիտենք, բայց այս տարի չի բացառվում, որ պարոնայք Քըլըչթարօղլին, Բայքալը եւ հարգելի Բահչելին մասնակցել են Չանաքքալեի միջոցառումներին հենց այդ միջոցառումների անցկացման ավանդական օրը` մարտի 18-ին, ու քանի որ Էրդողանն ինքը մարտի 18-ին Չանաքքալեում չի եղել, չէր էլ կարող հանդիպել այդ մարդկանց:

Իսկ ապրիլի 24-ին, կոնկրետ քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը իր ողջ ղեկավար կազմով մասնակցել է Պոլսում կայացած Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը: