Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՍԵԼԱՎՆԵՐԻ ՋՐՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԿՈՌՈԳՎԵՆ 80 ՀԱԶԱՐ ՀԱ ՀՈՂԱՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ա. Մ.

2015թ. գարնանը ջրօգտագործողներին ոռոգման ջուր մատակարարելու հարցը քննարկելով, կառավարությունը երեկ որոշեց գետերի ավազանների սելավների հետեւանքնով վարարող ջրերը գյուղացիներին մատակարարել անվճար: Խոսքը 80 հազար հա հողատարածություններին ոռոգման ջուրը անահտույց մատակարարելու մասին է: Ինչպես նշեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որոշվել է մայիս ամսվա ընթացքում գետերի վարարման հետեւանքով հեղեղումը կանխելու նպատակով «Սեւան-Հրազդանյան-ջրառ» եւ «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲԸ-ներին թույլատրել ջուրը մատակարարել առանց հասույթ ձեւավորելու, ինչը կարեւոր աջակցություն է հողօգտագործողներին:

Դրոշմապիտակավորման օրենքի կիրառումը հետաձգվեց մինչեւ հունիսի 1-ը

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով մայիսի 1-ից դրոշմապիտակով պետք է պիտակավորվեն վիտամինը, պատվաստանյութը, դեղը, օծանելիքը եւ այլ ապրանքներ: Սակայն կառավարության երեկվա նիստում որոշվեց ՓՄՁ-ներին հնարավորություն տալ մինչեւ հունիսի 1-ը իրացնելու առանց դրոշմապիտակի ապրանքներըՙ մինչեւ ֆինանսների նախարարությունը նոր կարգ սահմանի:

Պրոբացիոն ծառայությունը կներդրվի քայլ առ քայլ

«Հայաստանի Հանրապետությունում պրոբացիոն ծառայության ներդրման հայեցակարգը երեկ հավանության արժանացավ կառավարության կողմից: Պրոբացիայի կիրառումը ենթադրում է ազատազրկման ավանդական գաղափարախոսությունից անցում դեպի վերականգնողական արդարադատության գաղափարախոսություն, որի էությունը ազատազրկման այլընտրանքային միջոցներով պատժի նպատակներին հասնելն է: Ըստ հայեցակարգի, այդպիսի ծառայություն է ստեղծվելու արդարադատության նախարարության կազմում: Հարցի շուրջ կառավարությունում ծավալված քննարկման ժամանակ այն կարծիքը հայտնվեց, որ պրոբացիայի սկզբունքները պետք է ներդնել ժամանակի ընթացքում եւ քայլ առ քայլ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշելով պրոբացիոն ծառայության կարեւորությունը, ընդգծեց, որ դա հիմք չի տալիս շտապելու եւ սխալ թույլ տալու համար: «Պետք է ուսումնասիրենք աշխարհի փորձը եւ այն տեղայնացնենք Հայաստանի Հանրապետությունում», նշեց նա: