Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ԻՆՉՊԻՍԻ՞Ն ԷՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ 13-ՐԴ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԱՐԻՆ

17/04/2015
- 17 Ապրիլի, 2015, ԱԶԳ շաբաթաթերթ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Անցյալ տարվա ապրիլի 13-ին Հայաստանի նոր` թվով 13-րդ վարչապետ դարձավ Հովիկ Աբրահամյանը, ինչը նշանակում է, որ արդեն կարելի է ամփոփել մեկ տարվա ընթացքում նոր կառավարության արած եւ չարած գործերը: Մինչ այդ արձանագրենք` ճիշտ կլիներ, որ 1 տարվա գործունեության արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիսով հանդես գար հենց ինքը վարչապետը: Սակայն Հովիկ Աբրահամյանը կրկնում է իր նախորդի` ասուլիսներից խուսափելու ավանդույթը, փոխարենը նախընտրելով կարճ հայտարարությունների ձեւաչափը, որը, բնականաբար, չի ապահովում անհրաժեշտ խորքայնություն:

Սահմանային գյուղերի կարեւորությունը առաջին տեղում

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մեկամյա գործունեության հպարտության թիվ 1 առարկան սահմանամերձ համայնքների նկատմամբ որդեգրած առանձնահատուկ պետական մոտեցումն է: Մասնավորապես, սահմանամերձ 32 համայնքների համար, այս տարվանից, կառավարությունը փոխհատուցում է բնակիչների սպառած գազի, էլեկտրական էներգիայի, ոռոգման ջրի գումարների 50 տոկոսը , իսկ մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից գնդակոծված հողատարածքների հողի հարկի եւ այդ հողերի վրայի անշարժ գույքի գույքահարկի գումարը փոխհատուցում է ամբողջությամբ :

Երկրորդը` նախկին ԽՍՀՄ խնայբանկի դրամական ավանդների դիմաց փոխհատուցում կտրվի նաեւ անապահովության համակարգում հաշվառված սահմանամերձ համայնքներում բնակվող անձանց: Այսինքն, խորհրդային ավանդների փոխհատուցման ենթակա նպաստառուների սոցիալական խմբերի մեջ առանձին տողով ընդգրկվելու են սահմանամերձ բնակավայրերի բնակիչները :

Եվ վերջապես, սահմանամերձ համայնքներում տնտեսական աշխուժացումը խթանող կարեւոր նախաձեռնությունը` այդ գյուղերում գործունեություն իրականացնող տնտեսավարողները ազատվում են հարկերից ` ավելացված արժեքի հարկից, շահութահարկից, շրջանառության հարկից:

Պետական աշխատողների աշխատավարձերի բարձրացում 10-ամյա ընդմիջումից հետո

Պետական համակարգում շուրջ 200 հազար աշխատողների, հատկապես քաղծառայողների եւ հայեցողական պաշտոն ունեցողների համար ոչ միայն անցած տարվա, այլեւ վերջին տարիների կարեւորագույն իրադարձությունը 2014-ի հուլիսի 1-ից աշխատավարձերի նշանակալի բարձրացումն էր` 40-80 տոկոսով : Պետական համակարգում աշխատավարձերի բարձրացում չէր եղել գրեթե 10 տարի: Այդ նպատակով կառավարությանն անհրաժեշտ եղավ լրացուցիչ մոտ 40 մլրդ դրամ:

2015թ. հունվարի 1-ից էլ կենսաթոշակները բարձրացան` աշխատանքային կենսաթոշակի միջին չափը 2014-ի շուրջ 36 հազար դրամի փոխարեն 2015-ին կկազմի մոտ 41 հազար դրամ:

Հարկային նոր` ոչ ստանդարտ լուծումներ

Փոքր բիզնեսին նոր կառավարությունը ամբողջությամբ ազատում է հարկերից: Խոսքը նոր` «ընտանեկան բիզնես» կարգավիճակին համապատասխանող ձեռներեցների մասին է, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 12 մլն դրամը:

Հաջորդը մի քանի անգամ չարչրկված շրջանառության հարկի փոփոխություններն են: Դրանցից կարեւորագույնը շրջանառության հարկ վճարող համարվելու համար հասույթի առավելագույն շեմի բարձրացումն է` 58,35 մլն դրամի փոխարեն` 113,4 մլն դրամ: Միայն առեւտրով զբաղվողների համար, առանց փաստաթղթավորման շրջանառության հարկի դրույքաչափը կսահմանվի 5 տոկոս, որը կարող է նվազեցվել փաստաթղթավորված ձեռքբերումների 4 տոկոսի չափով: Սա արվել է ընդառաջ գնալով շրջանառության հարկի պարտադիր փաստաթղթավորման պահանջից դժգոհող տոնավաճառների առեւտրականներին:

Շեմի բարձրացումը օբյեկտիվորեն արդարացված համարելով, անհասկանալի է շրջանառության հարկի նման փոփոխությունը, քանի որ այն պահպանում է հսկայական ստվերային շրջանառությունն առեւտրի, մասնավորապես տոնավաճառային առեւտրի ոլորտում: Ակնհայտ է, որ տոնավաճառների առեւտրականները կնախընտրեն 5 տոկոս շրջանառության հարկ վճարել առանց փաստաթղթավորման, որը խորհրդանշանական գումար է կազմում` ամսական միջինը 10-15 հազար դրամ: Նրանց մատակարար խոշոր ընկերություններն էլ կշարունակեն թաքցնել իրական շրջանառությունը, քանի որ ոչինչ նրանց չի պարտադրի ապրանքները մատակարարելիս փաստաթղթեր տրամադրել:

Արտահանմանն աջակցելուն է կոչված շահութահարկի արտոնությունը` բացառապես արտահանմամբ զբաղվող եւ տարեկան 50 մլրդ դրամի ապրանք արտահանող տնտեսվարողների շահութահարկը կնվազեցվի 10 անգամՙ ներկայիս 20 տոկոսի փոխարեն սահմանելով 2 տոկոս:

Ջերմոցները ազատվեցին ավելացված արժեքի հարկից, իսկ գյուղատնտեսության սուբսիդավորումը շարունակվելու է

Ջերմոցային տնտեսությունների խթանման նպատակով կառավարությունը որոշել է ջերմոցային կոնստրուկցիաների, տնկանյութի եւ այլ միջոցների ներմուծումն ու իրացումն ազատել ավելացված արժեքի հարկից: Դրա շնորհիվ Հայաստանում նոր թափ կստանա ժամանակակից սարքավորումներով հագեցած ջերմոցային տնտեսությունների ստեղծումը:

Գյուղատնտեսության, մասնավորապես գյուղացիական տնտեսությունների պարարտանյութերի, դիզվառելիքի գների պետության կողմից սուբսիդավորումը շարունակվելու է, իսկ հատկացվող միջոցները ավելացվելու են: Ավելանալու է նաեւ գյուղացիական տնտեսություններին տրամադրվող վարկերի պետական սուբսիդավորումը: Արդյունքում նախորդ տարվա տարբերակված` 4 եւ 6 տոկոսի փոխարեն, բոլոր վարկերը կսուբսիդավորվեն 6 տոկոսով: Այսինքն, 14 տոկոսով բանկերից ձեռք բերած վարկը գյուղացիների համար կլինի 8 տոկոս:

Արդյունաբերությունում առանց նկատելի տեղաշարժերի

Արդյունաբերության ոլորտում դրական տեղաշարժով Հովիկ Աբրահամյանի կառավարությունը հպարտանալու առիթներ չունի: Օբյեկտիվ դժվարություններ ունեցող տնտեսության այս կարեւորագույն ճյուղի աշխուժացման ուղղությամբ նկատելի չեն էկոնոմիկայի նախարարության քայլերը: Մի տեսակ մոռացության է մատնված 2011-ին ընդունված արտահանման վրա հիմնված արդյունաբերության զարգացման ռազմավարության իրագործման ուղղությամբ քայլերը: Տոկոսային առումով արդյունաբերությունն 2014-ին ամենափոքր աճն արձանագրեց առեւտրից հետո, իսկ այս տարվա հունվար-փետրվարին անկում ունեցավ: Սա առավելապես պայմանավորված է արտահանման հիմնական ուղղության` ռուսաստանյան շուկայում գնողունակության անկմամբ: Միեւնույն ժամանակ, հարկ է նշել, որ տնտեսվարողներն իրենք էլ առանձնապես մեծ ջանքեր չեն գործադրում այլընտրանքային շուկաներ գտնելու ուղղությամբ եւ սպասողական դիրք են բռնել:

Կենսաթոշակային բարեփոխումների նոր տարբերակ, ճանաապարհային երթեւեկության խախտումների մեղմացում

Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվեց կուտակային կենսաթոշակային համակարգից դժգոհությունների ժամանակ: Նոր կառավարության մշակած տարբերակով, 1974-ից հետո ծնվածների համար պարտադիր բաղադրիչը պահպանվեց միայն պետական համակարգի աշխատողների համար, բայց նրանց աշխատավարձերի բարձրացումից հետո, իսկ մասնավորում աշխատողների համար` հետաձգվեց երեք տարով: Միաժամանակ, ավելացան սոցիալական ավելի մեծ երաշխիքներ խոստացող մի քանի նոր դրույթներ` 40-50 տարեկանների համար կուտակային համակարգին մասնակցելու պարագայում պետական համաֆինանսավորում, կուտակային սոցիալական վճարի առավելագույն շեմ` 25 հազար դրամ, 18 տարեկանների համար պարտադիր սոցիալական վճար եկամտային հարկից եւ այլն:

Հովիկ Աբրահամյանի կառավարությունը մեղմեց եւ ավելի ճկուն դարձրեց խախտումների համար տուգանքները, որոնց խիստ լինելուց նույնպես դժգոհություններ կային:

Բարեփոխումները մնում են կես ճանապարհին

Յուրաքանչյուր բարեփոխում որոշակի ժամանակավոր անհարմարություն է պատճառելու բնակչության ինչ-որ խավի, որը բնականաբար դժգոհելու է: Սակայն բնակչության եւ երկրի զարգացման ընդհանրական շահերը պահանջում են վճռական լինել: Մինչդեռ, կառավարությունը որպես կանոն անցած մեկ տարվա ընթացքում նահանջել է դժգոհողների առջեւ` անկախ դրանց օբյեկտիվ կամ արդարացված լինելուց: Կենսաթոշակային կուտակային համակարգ, շրջանառության հարկի դրույքաչափ, անաշխատունակության նպաստներ, տաքսիների գործունեություն եւ այլն: Վերոնշյալ բոլոր ուղղություններով փոփոխությունների գերակշիռ մասը կա՛մ վերադարձավ ելման կետ, կա՛մ չնչին տեղաշարժ ունեցավ: Փոխզիջումներն, իհարկե, անխուսափելի են, բայց դրանք չպետք է միակողմանի զիջման նմանվեն` ի վնաս համընդանուր շահի: Առաջիկայում մեկնարկելու է մեկ այլ խոշոր բարեփոխում` համայնքների խոշորացման փորձնական ծրագիրը: Այս բարեփոխումը նույնպե՞ս կարժանանա նախորդների ճակատագրին, թե՞ այնուամենայնիվ կիրագործվի: Ամեն դեպքում Հովիկ Աբրահամյանի կառավարությանը այստեղ եւս մեկ քննություն է սպասվում, քանի որ այս բարեփոխմանը դիմադրողները նույնպես քիչ չեն:

Գյումրիում եւ Երեւանում բնակարանային խնդիրներ են լուծվում

Նոր կառավարության քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանի առաջին գործերից մեկը եղավ Գյումրու` երկրաշարժի հետեւանքով դեռեւս անօթեւան մնացած մոտ 450 ընտանիքների բնակարանային խնդրի լուծումը: Վարչապետի հանձնարարությամբ կատարված ուսումնասիրությունների արդյունքում որոշվեց հարցի լուծմանՙ բնակարանի գնման վկայագրի (ԲՎԳ) տարբերակը: 215 ընտանիքների արդեն հանձնվել են վկայագրերը, մյուսներինն էլ կհանձնվեն այս տարի:

Երեւանում կարծես թե կարգավորվում են իրացման գոտիներում սեփականությունից զրկված եւ փոխհատուցում չստացած բնակիչների` տարիներ շարունակ ձգձգվող խնդիրները: Կոնդ թաղամասի հանրային գերակա շահ ճանաչված տարածքից բնակարան չստացած մոտ 100 ընտանիքների համար կառավարությունը որոշել է կառուցել նոր շենք նույն թաղամասում` Պարոնյան փողոցի վրա: Ֆիրդուսի թաղամասի նույն վիճակում հայտնված բնակիչների խնդրի լուծման ուղղությամբ քայլերը սպասվում են առաջիկա ամիսներին: Այս մասին պայմանավորվածությունները ձեռք են բերել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ վերոնշյալ տարածքների բնակիչների հանդիպումների ժամանակ:

Քաղաքաշինական խոշոր ծրագրերից մեկը, որը ձգձգվում էր մոտ 10 տարի, այս տարի կսկսի իրագործվել: Երեւանի Գլխավոր պողոտայիՙ Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու եւ Արամի փողոցներով պարփակված տարածքներում «Հին Երեւանի» կառուցապատման ծրագրի մասին պայմանագիր կնքվեց: Շվեյցարաբնակ Վարդան Սրմաքեշը շուրջ 120-130 մլն դոլարի ներդրումներ կիրականացնի այստեղ:

Նախորդ գրառումը

ԿԱՐ ՈՒ ՉԿԱՐ, ՀԱԼԷՊ ՄԸ ԿԱՐ…

Հաջորդ գրառումը

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀՐԵԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԿՈՂՋՈՒՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ, ԵԹԵ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԻ

Համանման Հոդվածներ

10 Հուլիսի, 2026

41-64-ի մոգությունը

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Եթե ճանաչումը «քաղաքական թատրոն չէ», ապա  Քնեսեթը որեւէ ճնշման չի ենթարկվի

10/07/2026
10 Հուլիսի, 2026

Իրանը ՆԱՏՕ-ի ուշադրության կենտրոնո՞ւմ

10/07/2026
10 Հուլիսի, 2026

«Ֆոն դեր Լայենը Ալիեւին գովաբանում է, քրիստոնյաների  մասին՝ լռում»

10/07/2026
Հաջորդ գրառումը

ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՀՐԵԱՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԿՈՂՋՈՒՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ, ԵԹԵ ԿՈՏՈՐԱԾՆԵՐԸ ՈՐՊԵՍ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԻ

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական