Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՀԱՍՈՒՆ ԼՐԱՀՈՍ

Որտե՞ղ է ԼՂ խնդրի լուծման բանալին

Ելույթ ունենալ Երեւանում մեկնարկած/արդեն ավարտված Եվրոնեսթ խորհրդարանական վեհաժողովի 4-րդ լիագումար նիստում, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Մի բան պարզ է. ԼՂ խնդրի լուծման բանալին ոչ Փարիզում է, ոչ Վաշինգտոնում: Այն Ստեփանակերտում է, Բաքվում եւ Երեւանում»:

Ուշագրավ է, որ չնայած նախագահը շեշտել է, թե որտեղ է գտնվում խնդրի լուծման բանալին, բայց ամենեւին էլ չի հերքել, որ այն, օրինակ, Մոսկվայում չէ նաեւ:

Շնորհակալություն, Նորվեգիա

Արձագանքելով նախագահ Սարգսյանի` իրեն ուղղված պաշտոնական հրավերին` այս տարվա ապրիլի 24-ին Երեւանում միասնաբար հիշատակել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, Նորվեգիայի վարչապետ տիկին էռնա Սոլբերգը հայտարարել է, որ ինքը ցավում է, բայց չի կարող գալ Երեւան: Փոխարենը տիկին վարչապետի խոսքերով Երեւան կժամանի ՀՀ-ում Նորվեգիայի դեսպանը (նստավայրը` Թբիլիսի): Վարչապետ Սոլբերգը նշել է նաեւ այն պատճառը, որից ելնելով ինքը չի կարող ապրիլի 24-ին լինել Երեւանում.«Մեզ համար Նորվեգիա-Թուրքիա հարաբեությունները ավելի կարեւոր են»:

Դե քանի որ մենք պետականորեն շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն երկրներին, որոնք Հայոց ցեղասպանության հարցում ցուցաբերում են անկեղծություն, ապա կարծում ենք,որ պետք է շնորհակալություն հայտնել նաեւ տիկին Սոլբերգին` անկեղծության համար եւ… սկսել դառնալ կարեւոր:

Մենք չենք նեղանում, Բորիս Իվանովիչ

Երեւանում կայացած Եվրոնեսթի խորհրդարանական վեհաժողովի չորրոդ լիագումար նիստում ուկրաինացի 66-ամյա Բորիս Տարասյուկը, ով կյանքում ամենաշատը սիրում է սեփական ձեռքերով ինչ-որ բան պատրաստել, լրագրողների հետ զրույցում ասել է. «ԼՂ հակամարտության հարցում Կիեւի դիրքորոշումը հստակ է. մենք կարծում ենք, որ այդ հարցում Հայաստանը սխալ է»: Նույն զրույցում` նախկինում կոմունիստ, այժմ` ընդգծված եվրոասոցիացված, ՆԱՏՕ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ եւ Ուկրաինայի ԱԳ նախարար աշխատած դիվանագետ Բորիս Իվանովիչը նաեւ հայտարարել է. «Դուք (նկատի ունի թերեւս հայ լրագրողներին, քանի որ հենց նրանց հետ է խոսել) Ռուսաստանի գործողությունները` արեւելյան Ուկրաինայում որպես ագրեսիա չեք ճանաչում, էլ ինչպե՞ս եք պահանջում, որ աշխարհը ընդունի ձեր ցեղասպանությունը»:

Տարասյուկը հավանաբար չգիտի, բայց, օրինակ, Ուրուգվայից մենք չենք պահանջել, որ ճանաչի Ցեղասպանությունը. իրենք որոշել, իրենք ճանաչել են: Ինչ վերաբերում է ԼՂ հարցում Կիեւի դիրքորոշմանը, ապա մենք ամենեւին չենք նեղանում Բորիս Տարասյուկից, քանի որ նեղանում են սուտը պաշտպանելուց, ոչ թե ճշմարտությունը չասելուց:

Ով ումից է վախենում

Պատասխանելով հարցին, թե պե՞տք է արդյոք հայ մարզիկները գնան Բաքու եւ մասնակցեն «քամիների քաղաքում» Եվրոպական խաղերին, հայկական ֆուտբոլի վետերան Խորեն Հովհաննիսյանը պատասխանել է.«Իհարկե պետք է գնալ,որպեսզի ցույց տանք, որ մենք ոչ մեկից չենք վախենում: Ես լինեի` հաստատ կգնայի»:

Անվանի ֆուտբոլիստը հավանաբար չգիտի, որ Բաքու մեկնել-չմեկնելու հարցը պայմանավորված չէ նրանով, որ մենք ադրբեջանցիներից վախենում ենք, այլ այն հանգամանքով, որ նրանք են մեզանից վախենում: Ելնելով որոշ փաստերից` շատ:

Քաղաքապետարանը, պարզվում է, ապաքաղաքական կառույց է

Գյումրիի քաղաքապետ, նախկինում ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե չի՞ պատրաստվում արդյոք ԲՀԿ-ն լքելուց հետո անդամակցել, օրինակ, ՀՀԿ-ին, ասել է. «Բայց ինչի՞ համար անդամակցեմ, ինձ համար, որպես քաղաքապետ, ավելի լավ է, որ ապաքաղաքականացված լինի իմ կառույցը, որպեսզի ես բոլորի հետ համագործակցեմ, բացի այդ քաղաքապետարանը ապաքաղաքական կառույց է»: Ճշտող հարցին, թե այդ պարագայում` ինչո՞ւ էր ԲՀԿ-ի անդամ, Բալասանյանն ասել է. «ԲՀԿ-ի անդամ էի, որովհետեւ այդպես անհրաժեշտ էր. ես այն ժամանակ ԱԺ պատգամավոր էի, փոխնախագահ եղա, քաղաքական մարմնում էի»:

Պարոն Բալասանյանը, այնուամենայնիվ, մի բան խառնում է. բանն այն է, որ քաղաքապետարանը ապաքաղաքական կառույց չէ` ոչ մի երկրում, առավելագույնը` ապակուսակցական է, հենց որն էլ, հավանաբար, ցանկացել է ասել Գյումրիի քաղաքապետը: