Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

«Genealogy» ԽՈՒՄԲԸ` ԵՎՐՈՏԵՍԻԼՅԱՆ ԲԵՄՈՒՄ

Մ. Հ.

«Եվրոտեսիլ-2015» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում մայիսի 19-ին, 21-ին եւ 23-ին` «Կառուցելով կամուրջներ» նշանաբանի ներքո:

Հավատարիմ մնալով մրցույթի այս տարվա նշանաբանին, ոգեշնչվելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկի գաղափարով, ինչպես նաեւ առաջնորդվելով բազմաթիվ սփյուռքահայերի ցանկությամբ, ովքեր միշտ եղել են եվրոտեսիլյան մեր պատվիրակների կողքին, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը որոշեց մրցույթին ներկայացնել նոր ձեւաչափ:

Կարեւորելով խաղաղության, միասնության եւ հանդուրժողականության գաղափարը` այս տարի որոշվեց համախմբել 1915 թ-ին աշխարհի 5 մայրցամաքներում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 6 երգիչներ են, ովքեր զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ, իսկ Հայաստանից կմիանա եւս մեկ մասնակից, ով կհամախմբի թերթիկները: Հատուկ մրցույթի համար ձեւավորվելիք խումբը կկրի «Genealogy» անվանումը` 6 արտիստ, 6 ճակատագիր, 1 պատմություն:

Ի դեպ, երգի վերնագիրն է` «Don”t deny» (Մի ժխտիր):

«Genealogy» խմբի առաջին մասնակցի անունը հայտնի կդառնա փետրվարի 16-ին: