ՈՒԵՍԹՈՒՈՒՏ.- Քալիֆորնիոյ համալսարանի Լոս Անճելըսի մասնաճիւղի ուսանողական խորհուրդը յունուար 20-ի երեկոյեան միաձայնութեամբ վաւերացուց Թուրքիոյ մէջ Քալիֆորնիոյ համալսարանի բոլոր ներդրումները (72.6 միլիոն դոլար) ետ քաշելու բանաձեւը, որ մաս կը կազմէ Արեւմտեան Ամերիկայի ՀԵԴի նախաձեռնութեամբ «#DivestTurkey» արշաւին, որուն նպատակն է պատժել Թուրքիոյ ուրացման քաղաքականութիւնը:
Քալիֆորնիոյ համալսարանի Լոս Անճելըսի մասնաճիւղի Հայ ուսանողական միութիւնը անցեալ դեկտեմբերին հանդիպում մը կազմակերպած էրՙ համալսարանի ուսանողներուն ներկայացնելու համար այս բանաձեւը մշակելու աշխատանքին մանրամասնութիւնները եւ անոր կարեւորութիւնը:
Բանաձեւին նպատակն է ճնշում բանեցնել մինչեւ այսօր պատմական իրողութիւնը ուրացող Թուրքիոյ իշխանութեանց վրայՙ ներդրումները կապելով Հայոց ցեղասպանութեան ճանաչման հետ:
Նշենք, որ համալսարանի ուսանողական խորհուրդը 2012-ին վաւերացուցած էր Հայոց ցեղասպանութիւնը ճանչցող եւ անոր ուրացումը դատապարտող բանաձեւ մը, իսկ Հայ ուսանողական միութիւնը 2005ին վաւերացուցած էր բանաձեւ մըՙ կոչ ընելով համալսարանին, որ թրքական արտադրութիւններ չվաճառուին համալսարանի խանութներուն մէջ:
ՀԵԴի «#DivestTurkey» արշաւին մասին յաւելեալ տեղեկութեանց համար, դիմել Divestment@AYFwest.org հասցէին:
Սպիտակ տունը առիթը բաց թողեց
«Ավազե դղյակի աղջիկները» հայտնի վեպի հեղինակ Քրիս Բոհջալյանն իր վրդովմունքն է հայտնել ամերիկյան «Բրլինգտոն ֆրի պրես» պարբերականում Սպիտակ տանը երկար սպասված հայ որբերի գորգի ցուցադրումը դիտելուց հետո: «Սպիտակ տունը առիթը բաց թողեց» խորագրի ներքո նա գորգի մանրամասն պատմությունը արձանագրելուց հետո գրել է. «Նախ դժվար է հասկանալ, թե ինչու հերկուլեսյան ջանքեր անհրաժեշտ պիտի լինեին, որպեսզի գորգը արեւի լույսը տեսներ: Երկրորդՙ այն ցուցադրվել է Սպիտակ տան այցելուների կենտրոնի մի անկյունում (եւ ոչ թե Սմիթսոնյան թանգարանում), այն էլ առանց համապատասխան բացատրության: Այնտեղ ընդհանուր բացատրությունը հետեւյալն է, որ «գորգը պատրաստված է որբերի կողմից Առաջին աշխարհամարտի օրերին»: Ոչ մի նշում, թե ովքե՞ր էին այդ որբերը, որտե՞ղ էին գործել այդ գորգը եւ ինչպե՞ս էր այն հայտնվել Մ. Նահանգներում: Առավել եւս ոչ մի նշում 1,5 միլիոն հայերի զանգվածային կոտորածի եւ «Նիյր Իսթ ռիլիֆի» գործադրած օգնության ջանքերի մասին:
«Լինելով Ցեղասպանությունից մազապուրծ սերունդի ներկայացուցիչ, այդ գորգն ինձ համար պաշտամունքի առարկա է: Ես վրդովված եմ, որ նման արգելք էր դրված մինչ օրս, եւ գորգը դարձել էր քաղաքական շահարկումների առարկա», գրել է Բոհջալյանը, հույս հայտնելով, որ ապրիլի 24-ի առթիվ այն առավել պատշաճ ներկայացման կարժանանա: