Ուրբաթ, 31 Հուլիս, 2026

«ՈՉ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԵՐԿԱԿԻ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻՆ»

«Ոչ խտրականությանն ու երկակի ստանդարտներին» նախաձեռնությունն իր բողոքի ձայնն է ուղղում ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատանըՙ առ այն, որ ի դեմս այս կառույցի աշխատակիցներիՙ մասնավորապես հյուպատոս Թերեզա Պորցուցեկի, Հայաստանի քաղաքացիների նկատմամբ բազմիցս աղաղակող անարդարություն է ցուցաբերվել:

Բողոքի ակցիան տեղի ունեցավ երեկ, նոյեմբերի 27-ին, ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան դիմաց:

Հակառակ ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ ստորագրված «Մուտքի այցագրերի տրամադրման ազատականացման» մասին համաձայնագրի, Գերմանիայի հյուպատոսարանն էլ ավելի է բարդացրել ՀՀ քաղաքացիներին մուտքի արտոնագրի տրամադրման գործընթացը: Հյուպատոս Թերեզա Պորցուցեկին առանց մերժման պատճառների մասին բացատրություններ ներկայացնելու, հրաժարվում է Գերմանիայի մուտքի արտոնագրեր տրամադրելՙ միաժամանակ կոպիտ ու անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով ՀՀ քաղաքացիների նկատմամբ:

Դրանով իսկ հիշատակված կառույցը կոպիտ ձեւով խախտում է ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ իրավահավասարության մասին ԵՄ-ի որդեգրած սկզբունքները: ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը հայկական լրատվամիջոցին տված հարցազրույցում վերահաստատեց, որ Հայաստանի «եւ/եւ» դիրքորոշումն ընկալելի է, եւ Գերմանիան պատրաստ է աջակցել Հայաստանին Եվրոմիության հետ համագործակցելու հարցում: Մինչդեռ պարոն Մորելի ղեկավարած կառուցի աշխատակիցները սահմանափակում են ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժման սահմանադրական իրավունքը եւ դա անում են ժողովրդավարական եւ բարոյական նորմերը ոտնահարելով:

Հաշվի առնելով վերոգրյալըՙ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատանը կոչ ենք անում հավատարիմ մնալ իրավահավասարության եվրոպական արժեքներին եւ զերծ մնալ անարդար, խտրական վերաբերմունքից, որը խարխլում է հայաստանցիների հավատն ու վստահությունը եվրոպական կառույցների նկատմամբ:

Civil Voice ՀԿ

27.11.2014թ.

Հեռ. +374 60 543 543

ՀՀ, ք. Երեւան, 0025

Էլ. փոստ info@civilvoice.am

Չարենցի 1, սենյակ 601