Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իրեն չի պահում որպես մի երկրի առաջնորդի, որը պարտվել է Հայաստանի եւ Ղարաբաղիՙ մեր պատմական Արցախի դեմ իր իսկ սանձազերծած պատերազմում: Ճիշտ հակառակը, նա սպառնում է հայերին մի նոր պատերազմով, հույսը դնելով իր երկրի զինված ուժերի ընդլայնման վրա: Նրա ակնարկներից մի քանիսը պարզապես այնքան մոլեգին են, որ պատերազմ հայտարարելուն են հավասարազոր:
Վերջերս Աղդամի մոտերքում գտնվող մի զինվորական զորամաս այցելության ժամանակ Ալիեւը իր զինվորներին ոգեւորեց ռազմատենչ հայտարարություններով, հույս ունենալով, որ իր սպառնալիքները լսելի կդառնան նաեւ հարեւան Հայաստանում, որտեղ ժողովուրդը խուճապի կմատնվի: Նա մասնավորապես նշեց. «Այսօր Հայաստանի զինվորական խունտան, ֆաշիստ ղեկավարները երկիրն առաջնորդում են դեպի անդունդ: Նրանք գրավել են մեր հողերը, բայց միաժամանակ գրավել են նաեւ ամբողջ Հայաստանը: Հայ ժողովուրդը պետք է ձերբազատվի այդ կրիմինալ եւ կոռումպացված առաջնորդներից: Այլապես հսկայական աղետներ են սպասվում Հայաստանում: Եթե հայերի ֆաշիստական պետությունը վերջ չդնի իր կեղտոտ գործերին, ապա հայկական պետության գոյությունն անգամ դրվելու է հարցականի տակ»:
Այս խոսքերը Ալիեւը կարծես փոխ է առել Հայաստանի ընդդիմադիր որոշ առաջնորդների հռետորական հայտարարություններից կամ էլ նրանց արտասահմանյան խնամակալների բառապաշարից: Երբ թշնամին դռանդ առաջ է, նման հայտարարություններ որեւէ հայի կողմից հայրենասիրական չեն կարող բնութագրվել: Բայց Ալիեւն, անշուշտ, ունի իր հռետորական բառապաշարը եւ բոլորովին կարիք չունի որեւէ մեկից փոխ առնելու: Նա գոռոզաբար հայտարարում է. «Ադրբեջանը արտադրում է ժամանակակից զենքեր եւ հանդերձանք: Միաժամանակ այն սպառազինությունը, սարքավորումները, զենքերն ու ռազմամթերքը, որ մենք գնում ենք օտար աղբյուրներից, ամենաբարձր մակարդակին են համապատասխանում: Մենք ձեռք ենք բերել օդային պաշտպանության ամենաարդիական սարքավորումները: Մեր բանակն ունի հզորագույն հրետանին: Բարձրագույն ճշգրտության հրթիռային համակարգերը, մարտական եւ ուղեւորատար ուղղաթիռները, մարտական ինքնաթիռները, զրահապատ մեքենաներն ու տանկերը կազմում են ադրբեջանական բանակի մարտական հնարավորությունների գրավականը: Այսօր ադրբեջանական բանակը ի զորու է կործանելու Լեռնային Ղարաբաղում գտնվող որեւէ օբյեկտ»: Հիշեցնենք, որ ազերի նախկին նախագահ Աբուլֆազ Էլչիբեյը նմանատիպ հայտարարություններով էր հանդես եկել ղարաբաղյան պատերազմի օրերին, մինչդեռ զինադադարի ժամանակ ազերի ծանր հրետանու մեծ մասը գտնվում էր հայկական զորքերի ձեռքերում:
Բայց Ալիեւը չի բավարարվում վերոնշյալով: Նա սպառնում է նվաճել «Էրիվանի խանությունը», ներառյալ Զանգեզուրը, եւ ի վերջո ազերի դրոշը բարձրացնել «գրավյալ բոլոր տարածքներիՙ ներառյալ Շուշայի եւ Խանքենդի վրա»:
«Outlook.com» կայքում տեղադրած իր հոդվածում Մարկ Դիտզենը, որ քննադատում է Մ. Նահանգների ներկայացուցիչ Ջեյմս Ուորլիքի Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու միակողմանի ծրագիրը, հետեւյալ կերպ է բնութագրում Ալիեւի վերոնշյալ հայտարարությունները. «Դրանք ոչ թե պարտված կողմի հաշտության ձգտող, այլ այդ պարտության վրեժը լուծելու հայտարարություններ են» :
Իրոք, Ադրբեջանի զենքի կուտակումները վերջին տարիներին ահավոր չափսերի են հասել: Հայկական զորքերի դեմ պատերազմում պարտություն կրելուց հետո Ադրբեջանը ձեռնամուխ եղավ սպառազինությունների մի մրցավազքի, որպեսզի քայքայեր Հայաստանի տնտեսությունը: Նավթային հարստության իր պաշարներով նա մոլեգնորեն սկսեց սպառազինվել, հատկացնելով 2013-ին այդ նպատակի համար 3.44 միլիարդ դոլար: Ստոկհոլմի խաղաղության հետազոտման միջազգային ինստիտուտի տվյալներով 2004 թվականից այս կողմ 493 տոկոսով ավելացել է նրա պաշտպանության բյուջեն: Համեմատության համար նշենք, որ Հայաստանը, ըստ նույն աղբյուրի տվյալների, 115 տոկոսով է մեծացրել իր պաշտպանության բյուջեն (2004-ի նկատմամբ) տարեկան ծախսելով 427 միլիոն դոլար: Բացի այն, որ Հայաստանի ծախսերն այդ բնագավառում միլիոններով են հաշվվում եւ ոչ թե միլիարդներով, երկիրը չունի նավթի նման կարեւորագույն աղբյուրը, որտեղից ծորացող եկամուտներով հեղեղի իր գանձարանը:
Հիմնականում Իսրայելն ու Ռուսաստանն են սպառազինում Ադրբեջանին: Իսրայելը առանձնապես թշնամանք չի տածում Հայաստանի հանդեպ: Բայց նրա աշխարհաքաղաքական դիրքն ու շահը ստիպում են, որ նա որոշակի մի հենակետ ունենա իրանյան սահմանագծի վրա, հատկապես, որ Ադրբեջանն էլ իր հերթին վիճահարույց խնդիր ունի Թեհրանի հետ կապված Իրանի այսպես կոչված «Հյուսիսային Ազերբայջան» տարածքի հետ: Իսկ ռուսական «Ուրալվագոնզավոդ» կոնցեռնը օրերս հայտարարեց, որ ռազմական սարքավորումների եւ հանդերձանքի մի նոր խմբաքանակ է ուղարկելու Բաքուՙ վերջինիս պատվերով:
Հաշվի առնելով Ադրբեջանի թշնամական դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ, դժվար է բացատրել (մի կողմ թողնենք արդարդացնելը) Վլադիմիր Պուտինի քաղաքականությունըՙ զինելու Ադրբեջանին: Վերջերս ՄԱԿ-ում Ղրիմի հարցի վերաբերյալ Ռուսաստանին մեղադրող քվեարկության ժամանակ, Ադրբեջանը Ամերիկային միանալով քվեարկեց Ռուսաստանի դեմ: Ադրբեջանը նաեւ 45 միլիարդ դոլարի արժողությամբ էներգետիկ պայմանագիր է կնքել «Բրիտիշ Փեթրոլիումի» հետ նավթ եւ գազ մատակարարելու Եվրոպայինՙ շրջանցելով ռուսաստանյան տարածքները:
Ենթադրվում է, որ Մոսկվան դեռեւս հույս ունի հրապուրելու Ադրբեջանին, որ միանա իր Մաքսային միությանը: Հավանաբար փայփայում է նաեւ իր էներգետիկ պայմանագրերի հեռանկարները Բաքվի հետ:
Անցյալ շաբաթ Ռուսաստանի կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի անդամակցությանը Մաքսային միությանը, չնայած դժվար է լինելու պատկերացնել երկու թշնամիների գոյությունը ռուսական նույն ճամբարում:
Շատերն են վրդովված վերջին շրջանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային միջադեպերի աշխուժացման կապակցությամբ: Ամեն անգամ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում է ծրագրվում, Բաքուն սաստկացնում է լարվածությունըՙ հույս ուննալով զիջումներ կորզել Հայաստանից բանակցությունների ընթացքում: Այս անգամ միջադեպերը հավանական պատերազմի սկիզբն էին կարծես ազդարարում: Ադրբեջանցիները զգալի կորուստներ կրելով նահանջեցին: Հայերի կորուստները համեմատաբար քիչ էին, բայց պատերազմական իրավիճակներում վիճակագրական տվյալները միշտ վիճելի են մնում:
Հայաստանն իր հերթին զարկ տվեց իր ռազմական հռետորությանը: Կառավարությանը զեկուցելով սահմանային իրավիճակի մասին, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եզրակացրեց իր խոսքնՙ ասելով, որ նրանք (ազերիները) իրենց իսկ ստերի թակարդն են ընկել: «Տարիներ շարունակ նրանք իրենց ժողովրդին հավաստիացրել են, որ հզոր բանակ ունեն, որ մշտապես վերազինվում են եւ անպարտելի են: Այս կապակցությամբ պետք է ասեմ, որ թուրքը թուրք է մնում, եւ մենք գործելու ենք այն օրենքներով, որ իրենք են գործում մեր դեմ» , ասաց նա: Նախագահ Սերժ Սարգսյանի ակնարկները նույնքան անողոք էին: Անդրադառնալով Ալիեւի ռազմատենչ տոնին, նա ասաց. «Մենք ունենք բալիստիկ հրթիռներ, որոնց գործողության շառավիղը 300 կմ-ից ավելի է, եւ որոնք շատ կարճ ժամանակում ցանկացած ծաղկուն բնակավայր կարող են վերածել այնպիսի ավերակների, ինչպիսին հիմա Աղդամի ավերակներն են: Ընտրության հարց է: Եթե այդ մարդիկ «իրենց գլխից ձեռք են քաշել», եթե նրանք որոշել են, որ պետք է գնալ ռազմական լայնածավալ գործողությունների եւ, նույնիսկ, կարող են Հայաստանի բնակավայրերը, որոնք սահմանամերձ չեն, ընտրել որպես թիրախ, ապա թող իրենք իրենց պատասխանատվության մասին մտածեն» :
Կովկասում լարվածության սաստկացումը չի կարելի դիտել առանձնացված, մեկուսացված վիճակում: Հայաստանն ու Ադրբեջանը առանձին չեն այս խաղում: Կովկասյան լարվածությունները անմիջական հետեւանքն են ուժերի համընդհանուր վերադասավորումների: Չնայած նախագահ Օբաման ժխտեց կտրականապես, որ Ռուսաստանի դեմ ձեռնարկված պատժամիջոցները դուռ են բացում դեպի նոր սառը պատերազմ, Մ. Նահանգների գործողությունները աշխարհի տարբեր վայրերում վկայում են նոր սառը պատերազմի սկզբնավորման մասին եւ պաշտպանություն են գտնում եվրոպական երկրների կողմից: Դրանք միտված են պարփակելու Ռուսաստանին: Խորհրդային կայսրության փլուզումից հետո միաբեւեռ աշխարհում Մ. Նահանգները վայելում է գլոբալ հեգեմոնիայի առանձնաշնորհյալ կարգավիճակը եւ բնականաբար չի ցանկանում զիջել իր դիրքերը: Հակառակ Գորբաչովին տված խոստումներին, Արեւմուտքը ընդարձակում է ՆԱՏՕ-ի դաշնակիցների շրջանակըՙ պարփակելով Ռուսաստանին: Իրաքի, Լիբիայի եւ Սիրիայի դեմ սանձազերծած անխոհեմ ներխուժումը համարվում է միջազգային օրենքին համահունչ գործողություն, մինչդեռ Ղրիմի միակցումը Ռուսաստանինՙ միջազգային օրենքի կոպիտ խախտում:
Քսան տարի է, ինչ Ռուսաստանը, Մ. Նահանգները եւ Ֆրանսիան համագործակցում էին ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում, բայց հանկարծ Մ. Նահանգները դուրս գալով դրա շրջանակներից, միակողմանիորեն հայտարարեց Ղարաբաղյան հիմնահարցի լուծման իր քաղաքական դիրքորոշումը: Այդ քաղաքականությունը հնչեց նախ ներկայացուցիչ Ուորլիքի, ապա նաեւ Հայաստանում Մ. Նահանգների դեսպան Ջոն Հեֆեռնի բերանից: Նոր քաղաքականության գլխավոր տարրը խաղաղարար ուժերի ներկայությունն է ղարաբաղյան սահմանի երկայնքով, եւ դժվար չէ կռահել, թե ինչ է թաքնված դրա հետեւում: Քաղաքական մեկնաբանների եզրակացությունն այն է, որ Մ. Նահանգները ցանկանում է իր դիրքերը ամրացնել Կովկասումՙ իրանյան սահմանի երկայնքով, միաժամանակ հնարավորություն ընձեռելով պարփակելու Ռուսաստանին:
Հայաստանը մերժեց խաղաղարար ուժերի տեղակայման առաջարկը, նույնիսկ այն ժամանակ, երբ Ռուսաստանը, որպես դաշնակից, պատրաստակամություն հայտնեց ուղարկելու իր խաղաղարար ուժերին: Մերժեց, որովհետեւ ընդունելու դեպքում կորցնելու էր բանակցություններին ինքնուրույն մասնակցելու իր իրավունքը:
Վերջին շրջանում հնչած ամենատարածված հարցն այն է, թե ո՞վ է հաղթելու պատերազմում, եթե նման իրավիճակ ստեղծվի: Շատ դժվար է կանխորոշել ելքը: Դա կախված է լինելու ուժերի վերամիավորումներից: Թուրքիան մասնակցելո՞ւ է, Ռուսաստանը միջամտելո՞ւ է: Վաշինգտոնում մեծ հակվածություն կա միջամտելու (ինտերվենցիայի) հատկապես այն պատճառով, որ դրա հետեւանքում է՛լ ավելի կսեղմվի Ռուսաստանի պարփակման օղակը:
Մի բան պարզ է: Ռուսաստանը չի ցանկանում Արեւմուտքին հանձնել Ադրբեջանին: Ոչ էլ առավել օտարացնելու Հայաստանին: Այնպես որ, լավագույն լուծումը Ռուսաստանի համար «ստատուս քվոյի» պահպանումն է: Եվ կարծես դա նաեւ երկար սպասված Սոչիիի գագաթնաժողովի եզրահանգումն է: Չմոռանանք, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն էլ հանդես էր եկել նման առաջարկով:
Պուտինը օգտվեց կողմերին մերձեցնելու առաջին իսկ հնարավորությունից: Ալիեւի մաքսիմալիստական կեցվածքը փոխվեց: Փոխարենը նա օգտագործեց ՄԱԿ-ի խաղաթուղթը եւ մեղադրեց Հայաստանին այդ կազմակերպության որոշումները անտեսելու մեջ: Սրան Հայաստանի նախագահը հարցրեց, թե այդ որոշումներից ո՞ր մեկն է կատարել Ադրբեջանը: Կողմերից ոչ մեկը չզիջեց, եւ Պուտինը կարծես հասավ իր նպատակին: Գագաթաժողովի ավարտին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ի մի բերեց արդյունքներըՙ ասելով. «Հանդիպումը կարեւոր էր: Նախագահները հաստատեցին ԵԱՀԿ-համանախագահների սկզբունքներին հավատարիմ մնալու իրենց պատրաստակամությունը եւ դա նշանակում է խաղաղ լուծում գտնելու անհրաժեշտությունը, որտեղ հարգվեն ե՛ւ տարածքային ամբողջականության, ե՛ւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքները, ինչպես նաեւ հակամարտության միայն խաղաղ եղանակներով լուծման սկզբունքը» :
Ի դեպ «տարածքային ամբողջականության» հասկացությունը տարբեր նշանակություն ունի կողմերից յուրաքանչյուրի համար: Սա նշանակում է, որ մենք դոփում ենք տեղում: Լարվածությունները կարող են թուլանալ որոշ ժամանակով, մինչեւ միջսահմանային կրակոցները դարձյալ հնչեն:
Կարելի՞ է ասել, որ Ղարաբաղյան հակամարտությունը «զսպված» է: Իհարկե ոչ: Այն պարզապես հետաձգված է անորոշ ժամանակով:
Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ. Հ.Ծ