Երկուշաբթի, 27 Հուլիս, 2026

«ՍՊԻՏԱԿ»` «ՌԵԻՆԿԱՐՆԱՑԻԱ» ԽՄԲԻ ՆՈՐ ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿԸ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Ռեինկարնացիա» խումբը թողարկեց նոր ձայնասկավառակ, որը կոչվում է «Սպիտակ»: Այն իր մեջ ներառում է 7 երգ, ինչպես ասաց խմբի մեներգիչ Ռոլանդ Գասպարյանը` 7 նամակ ամենատարբեր ուղղություններով. «Ամեն ինչ սկսվեց առաջին նամակից` նամակ Երեւանին: Նամակները շատացան ու ես որոշեցի CD-ի թողարկել: Կարծում եմ հետաքրքրական է ստացվել: Ամեն մի նամակ ունի կարեւոր ասելիք: Մեզ մի կարեւոր գաղափար է միացնում` մնալ հայ: Իմ կյանքում յուրաքանչյուր կատարածս երգ կարեւոր տեղ ու դեր ունի»:

«Սպիտակ» անվամբ CD-ին կոմերցիոն չէ, ինչպես նախորդը` «Աղն ու հացը»: «Ռեինկարնացիայի» ալբոմները երբեք վաճառքի չեն դրվել, այլ անվճար բաժանվել են երաժշտական խանութներում, ինչպես նաեւ համերգների ժամանակ:

Ի դեպ, այս CD-ին շատ օրիգինալ է եւ համահունչ անվանը` «Սպիտակ»: Այն ամբողջովին սպիտակ է, վրան նույնիսկ նշված չեն ձայնասկավառակում ներառված երգերի անվանումները: Մատներով հպվելով CD-ին կարող ես զգալ հայկական այբուբենը, սակայն հնարավոր չէ տեսնել:

Ռոլանդն ընդգծեց նաեւ, որ այս ձայնասկավառակի շնորհիվ մարդիկ կտեսնեն «Ռեինկարնացիայի» իրական դեմքը:

Թե ինչո՞ւ է CD-ին անվանվել «Սպիտակ», Ռոլանդ Գասպարյանն ասաց. «Կարծում եմ սպիտակը անցած ճանապարհն է, հոգեվիճակ, որում այժմ գտնվում ենք»:

«Ռեինկարնացիա» խումբը օգոստոս ամսվանից նորից հանդես կգա համերգներով, ավելին` շարունակելու է բարեգործական համերգների շարքը:

Իսկ «Սպիտակ» CD-ին այն երկրպագուները, որոնք առիթ չունեցան շնորհանդեսի ժամանակ Ռոլանդի մակագրությամբ նվեր ստանալ, կարող են արդեն ներբեռնել խմբի կայքից` անվճար:

Նշենք, որ խումբը ստեղծվել է 2000 թվականին, մեներգիչ Ռոլանդ Գասպարյանի կողմից: «Ռեինկարնացիան» Հայաստանում առաջին խմբերից էր, որ սկսեց կատարել ռեգգի, նրանց հաջորդեց «Էքսոդուս» խումբը:

«Ռեինկարնացիան» միանգամից սիրվեց հանրության կողմից, ավելին` որոշ ֆիլմերի սաունդթրեքերն իրենց կատարմամբ դարձան տարվա հիթերը: