Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՌԱԿ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

ՌԱԿ Հանրապետական վարչություն

Էներգետիկ հիմնախնդիրները պետության տնտեսական զարգացման ու նաեւ քաղաքական կայունության հիմնաքարն են: Յուրաքանչյուր գործողություն, որը կարող է խանգարել այդ համակարգի գործունեությունը, վտանգում է պետության զարգացման հեռանկարը եւ նրա մրցունակությունը հատկապես փխրուն խաղաղության մեջ ապրող մեր տարածաշրջանում:

ՌԱԿ Հանրապետական վարչությունը իր խոր մտահոգությունն է հայտնում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման շուրջ վերջին շրջանում շրջանառվող լուրերի կապակցությամբ եւ հույս հայտնում, որ ՀՀ Կառավարությունը խելամիտ կգտնվի թույլ չտալու էլեկտրաէներգիայի սակագնի անհիմն բարձրացումը:

Հիշեցնենք, որ ընդամենը մեկ տարի առաջ, 2013 թ. հունիսի 7-ին, ՀՀ Կառավարությունը գազի գնի բարձրացման պատճառաբանությամբ անհամաչափ բարձրացրեց նաեւ էլեկտրաէներգիայի սակագինըՙ ցերեկվա համար մոտ 27 %-ովՙ 30 դրամից 38 դրամի, իսկ գիշերվա սակագինը էլ ավելի բարձրՙ 40 %-ովՙ 20-ից 28 դրամի: Այսպիսով գների այս էական բարձրացումը արդեն իսկ լուրջ հարված էր ՀՀ բնակչության ճնշող մեծամասնության ընտանեկան բյուջեին, շատերը ստիպված էին իրենց զրկելու առաջին անհրաժեշտություններիցՙ էլեկտրաէներգիայի վճարման համար:

Իրավիճակի նմանատիպ վատթարացումից ընդամենը մեկ տարի անց քաղաքացիների համար կենսական նշանակություն ունեցող էլեկտրաէներգիայի սակագնի հերթական թանկացումը կարող է լուրջ եւ իրավացի դժգոհությունների տեղիք տալ, առավել եւս սակագնի բարձրացման համար կարծես թե համոզիչ պատճառներ չկան:

ՌԱԿ Հանրապետական վարչությունը կոչ է անում կառավարությանը թույլ չտալ տարբեր պատճառաբանություններով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում եւ երկրում առկա տնտեսական ու քաղաքական իրավիճակի էլ ավելի վատթարացում: