Հայաստանին ու Ադրբեջանին, հնարավոր է, ստիպեն «բանակցել», որ հանկարծ «Ռուսաստանը չօգտվի իրավիճակից»
Մաքոքային դիվանագիտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի հիմնական մասն է կազմում, սակայն վերջին զարգացումները վկայում են, որ այս մոտեցումը կարող է փոփոխվել: Ամեն դեպքում, ամերիկյան համանախագահությունն ակնհայտորեն ակտիվանալու ցանկություն է դրսեւորում, ընդ որում` այդպիսով նաեւ ակտիվացնելու բանակցային գործընթացը:
Կարելի է ասել, որ ցանկանում են բանակցային հանդիպումները դեպքից-դեպք ձեւաչափից տեղափոխել աշխատաքային հարթություն, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումները կլինեն ոչ միայն բարձրաստիճան այլ հանդիպումների ու համաժողովների միջանցքներում կամ այս կամ այն երկրի նախագահի հրավերով, այլեւ զուտ բանակցային-աշխատանքային:
Այս տրամաբանության կամ մոտեցման շրջանակներում կարելի է տեղավորել վերջին շրջանում ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքի ինչպես թվիթերյան ակտիվությունը, այնպես էլ ԱՄՆ քաղաքականությունը ներկայացնելու ձեւակերպմամբ մատուցված հայտարարությունը, որ այդուհետեւ տարբեր մեկնաբանությունների, դիմադրության ու մերժման արժանացավ: Ամեն դեպքում, ինչպես ասվել էր, մայիսի 16-19-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր երեք համանախագահներն էլ, ֆրանսիացի համանախագահ Ժակ Ֆորին հունիսից փոխարինել պատրաստվող Պիեր Անդրիոյի հետ միասին, տարածաշրջանում էին, վերջին օրն էլ Բաքվից տարածեցին մամուլի հաղորդագրություն` ամփոփելով այցը:
Ըստ այդմ, հետաքրքրական է, որ այս անգամ այցի նպատակ է նշվել «Լեռնային Ղարաբաղում, Քելբաջարում եւ Լաչինում» իրավիճակի ստուգումը` «իրենց մանդատի համաձայն»: «Այս տարածքներում ճամփորդելիս նրանք տեսան ենթակառուցվածքի բարելավման նշաններ, սակայն նկատելի չէր, թե բնակչության թվաքանակը վերջին տարիներին փոխվել է», ասվում է հաղորդագրության մեջ:
Համանախագահները նաեւ այցելել են Սարսանգի ջրամբար, հարցը քննարկել կառավարիչների հետ: «Նրանք հույս են հայտնել, թե կողմերը կհասնեն համաձայնության միասին կառավարելու այդ ջրային ռեսուրսները հանուն տարածաշրջանի բարօրության»: Մայիսի 19-ին համանախագահները հատել են նաեւ շփման գիծը Թարթարի հատվածում: Նրանք ափսոսանք են հայտնել զինադադարի շարունակվող խախտումների ու զոհերի առնչությամբ: «Զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմերի բացակայությունը կողմերին թույլ է տալիս մեղքը մյուսի վրա բարդել», ընդգծել են համանախագահները:
Նշենք, որ մայիսի 16-ին Երեւանում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը համանախագահների հետ հանդիպմանը նշել էր, որ Ադրբեջանը 20 տարի շարունակ կոպտորեն խախտում է ոչ միայն 1994 թ. մայիսի 12-ին Ադրբեջանի, Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ հաստատված հրադադարի, այլ նաեւ 1995 թվականի փետրվարի 4-ին հրադադարի ամրապնդման վերաբերյալ նույն եռակողմ ձեւաչափով համաձայնությունները, «շարունակական սադրանքներ կազմակերպում Հայաստանի հետ սահմանին եւ Ղարաբաղի հետ շփման գծում, հրաժարվում կյանքի կոչել շփման գծից դիպուկահարների դուրս բերման, միջադեպերի քննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ միջնորդների նախաձեռնությունները, ինչը լրջորեն խոչընդոտում է բանակցային գործընթացն առաջ մղելու Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերը»:
Բանակցային գործըթնացն ակտիվացնելու ջանքերի ֆոնին հետաքրքրական է, որ պաշտոնական Երեւանի դիրքորոշումը ներկայացնող Նալբանդյանը նույն հանդիպմանը նշել է, որ նախորդ տարվա նոյեմբերին Վիեննայում նախագահների հանդիպումից հետո որոշակի հույս առաջացավ, որ կարելի է առաջ մղել բանակցային գործընթացը: «Սակայն ադրբեջանական կողմը, ինչպես եւ հաճախ պատահել էր նախկինում, վերստին հետքայլ կատարեց: Դա հատկապես ակնհայտ էր ՄԽ համանախագահների հետ ԱԳ նախարարների վերջին հանդիպման ժամանակ, երբ ադրբեջանական կողմը մերժեց համանախագահների առաջարկը, որն արվել էր համապատասխան երկու նախագահների միջեւ Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածության»:
Ասել է, թե բանակցություններն ակտիվացնելու փորձերը կարող են հենված լինեն ոչ թե այս կամ այն սկզբունքը վերաձեւակերպելու, այս կամ սկզբունքը փոխելու, հանելու, ավելացնելու կամ ջնջելու վրա, այլ ավելի շուտ փորձը վերածվելու է ստիպելու մոտեցման, որպեսզի կողմերը սկսեն քննարկել այն, ինչ կա: Ակնհայտորեն այս փուլում եւ իրերի ստեղծված դրության պարագայում բանակցություն ասվածը տեղի չի ունենում, եւ փաստացիՙ եթե որեւէ ակտիվություն մտցվի, ապա դա լինելու է ոչ թե նոր մի փաթեթի կամ սկզբունքի կամ ձեւակերպման առաջարկ, այլ ուղղակի գեղեցիկ մատուցված, փափուկ ներկայացվող պարտադրանք կողմերին` բանակցությունների իմիտացիայից իրապես անցնելու բանակցությունների:
Այս դիտարկման օգտին կարող է մեկնաբանվել ամենից առաջ հենց Ուորլիքի արդեն հանրահայտ հայտարարությունը, որը հենց ինքը` Ուորլիքը մեկնաբանել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո` անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում երիտասարդների բողոքի ակցիային «Հարգեք մեր իրավունքները», «Հարգեք ժողովրդավարական սկզբունքները», «Դատապարտեք ագրեսորին», «Դու պատասխանատու ես» նման պաստառներով:
Ուորլիքը նախ նշել է, թե համանախագահները երիտասարդների ակցիայից անակնկալի են եկել, թեեւ դեսպանն իջել է մեքենայից, ըստ իրեն` օգտակար զրույց ունեցել, որը մյուս կողմից տրամագծորեն հակառակն է գնահատվում: Ամեն դեպքում, ակցիայի դրդած Ուորլիքյան հայտարարության կետերն, ըստ ամերիկացի համանախագահի, նորություն չեն, թեեւ վերջնական տարբերակներ էլ չեն:
Ուորլիքին էլ Արցախում, ի դեմս նախագահ Բակո Սահակյանի, հիշեցրել են, որ Լեռնային Ղարաբաղի համար անկախությունն ու ազատությունը բացառիկ արժեքներ են եւ «վերադարձ անցյալին` թե կարգավիճակի, թե սահմանների առումով, անհնարին է»:
Ամեն դեպքում, Ուորլիքի հայտարարությունն արվեց քննարկումներ ծավալելու համար, ինչն Հայաստանում գրեթե ստացվեց, Ադրբեջանում` ոչ: Ուրեմն այլ միջոցների դիմելու ժամանակն է, ու քանի որ կա նաեւ Ռուսաստանի` Ուկրաինայի առնչությամբ գործունեությանը, նաեւ Հարավային Կովկասում հակադրվելու թեման, հասկանալի է, որ բանակցությունների սեղանին եթե անգամ Ուորլիքի խոսքերով նոր բան չկա սկզբունքների համատեքստում, կարծես թե նոր կլինեն մոտեցումները:
Հաստատապես պատահականություն չէ, որ Ադրբեջանին ժամանակ առ ժամանակ միայն քննադատող ամերիկյան տարբեր հաստատությունները վերջին շրջանում միահամուռ, խմբակային ու բավականին բարձրաձայն քննադատության են արժանացնում մարդու իրավունքների հարցերի առնչությամբ, կարծես մինչ օրս իրավիճակն ավելի բարվոք էր:
Պատահական չէ նաեւ, որ իր առաքելությունը եզրափակելուն մոտ գտնվող Ադրբեջանում ամերիկյան դեսպան Ռիչարդ Մորնինգսթարն «Ազատություն» ռադիոկայանին ներկայացնում է, թե Ուկրաինայի ճգնաժամը ազդել է ամերիկյան տեսակետի վրա այն առումով, որ Միացյալ նահանգները հավատում են` ավելի կարեւոր է կարգավորել ԼՂ հակամարտությունը: Եվ դա այն համատեքստում, թե հանկարծ Ռուսաստանը «կարող է օգտվել իրավիճակից» այնպես, ինչպես եղավ Ղրիմում:
Թե ինչպես են իրենց մոտեցումները, իսկ ավելի կարեւոր է` շահերը համատեղելու ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահող երկրները, գնալով ավելի բարդ է լինելու հասկանալ, քանի որ ուկրաինական ու նմանատիպ իրավիճակները ավելի շուտ տանում են բեւեռացման, քան հաշտվելու ու համաձայնեցված գործելու միջավայր ապահովում: Եվ այս ամենից տուժում են, ինչպես միշտ, փոքրերը… կամ թույլերը… կամ կախյալները, անվանեք` ինչպես կամենաք: