Ընտրական մրցաշարը սկսելու ենք դանիացիների հետ արտագնա խաղով
Ֆրանսիական Նիս քաղաքում կայացած Եվրո-2016-ի ընտրական մրցաշարի վիճակահանությունը բարեհաճ չգտնվեց Հայաստանի ազգային հավաքականի համար: Մեր ընտրանին ընդգրկվեց միակ 5 թիմանոց 9-րդ խմբում, որտեղ մրցելու է Պորտուգալիայի, Դանիայի, Սերբիայի եւ Ալբանիայի հավաքականների հետ: Բացի այդ, մրցակարգի համաձայն, ընտրական մրցաշարի խաղացանկով Հայաստանի հավաքականի համար նախատեսված ազատ օրերին մեր ֆուտբոլիստներն ընկերական 2 հանդիպում պետք է անցկացնեն Ֆրանսիայի ուժեղ հավաքականի հետ, ինչը լրացուցիչ ծանրաբեռնվածություն կլինի նրանց համար:
Ինչ խոսք, ՀՀ հավաքականին բավականին բարդ խումբ է բաժին հասել: Մրցակիցներն իրոք ուժեղ են, սակայն մեր ֆուտբոլիստներն իրենց նախորդ ելույթներում մեկ անգամ չէ, որ դրսեւորել են իրենց խաղային հիանալի ունակությունները, հաղթանակի հասնելու վճռականությունն ու ցանկալի արդյունքի են հասել:
Մտահոգում է նաեւ այն, որ մինչեւ օրս հայտնի չէ, թե ով է գլխավորելու Հայաստանի հավաքականը: Թեեւ մինչեւ ընտրական մրցաշարի մեկնարկը բավական ժամանակ կա, սակայն արդեն մարտի 5-ին Հայաստանի հավաքականը Կրասնոդարում ընկերական հանդիպում է անցկացնելու Ռուսաստանի ընտրանու հետ: Նոր մարզչի համար այդ խաղը հիանալի հնարավորություն կլիներ ծանոթանալու մեր ֆուտբոլիստներին, մշակելու խաղային իր տարբերակը:
Ինչպես հայտնի է, 2016թ. Ֆրանսիայում կայանալիք Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում հանդես են գալու 24 հավաքականներ, ինչը զգալիորեն մեծացնում է ուղեգիր նվաճելու ՀՀ հավաքականի հնարավորությունները: Հիշեցնենք, որ եզրափակիչի ուղեգիր կնվաճեն ընտրական խմբերում 1-ին եւ 2-րդ տեղերը գրաված հավաքականները, ինչպես նաեւ 3-րդ տեղ գրաված հավաքականների մեջ լավագույն արդյունք ցույց տված ընտրանին: Մնացած 4 ուղեգրերն անցումային խաղերում կվիճարկեն խմբերում 3-րդ տեղը զբաղեցրած 8 հավաքականները:
Ահա թե վիճակահանությունից անմիջապես հետո ինչպիսի կարծիք են արտահայտել 9-րդ խմբում ընդգրկված մեր մրցակիցների գլխավոր մարզիչները:
Պաուլու Բենտու (Պորտուգալիա) – Հեշտ խումբ չէ: Մեզ անհրաժեշտ կլինի ներդնել առավելագույնը: Դանիայի եւ Սերբիայի հավաքականները մեր հետ կպայքարեն 2 ուղեգրերի համար: Նրանց հետ մրցախաղերում մենք նախկինում դժվարությունների հանդիպել ենք: Հայաստանի եւ Ալբանիայի հավաքականները խմբի հետնապահներն են համարվում, սակայն դա միայն տեսականորեն: Ինչպես միշտ, մեր նպատակն ուղեգիր նվաճելն է: Սակայն իրադարձություններից առաջ չենք ընկնում եւ նախկինի պես մեզ համեստ ենք պահում:
Մորթեն Օլսեն (Դանիա) – Ընդհանուր առմամբ վիճակահանությունից գոհ եմ: Հայաստանի հավաքականի հետ հանդիպումները մեզ համար տարբեր կերպ դասավորվեցին, իսկ ալբանացիներին մենք երբեք չենք պարտվել: Ընտրական նախորդ մրցաշարերում մենք գերազանցել ենք պորտուգալացիներին: Իսկ ահա Սերբիայի հավաքականը մեզ համար հանելուկ է: Ճիշտ է, բելգիացիներից լսել եմ, որ Սերբիայի հավաքականը բավականին առաջադիմել է եւ Բելգրադում շատ դժվար է խաղալը: Ընդհանուր առմամբ ուղեգիր նվաճելու մեր հնարավորությունները բարձր եմ գնահատում: Նաեւ անհամբերությամբ եմ սպասում Ֆրանսիայի հավաքականի հետ ընկերական հանդիպումներին:
Լյուբինկո Դրուլովիչ (Սերբիա) – Որպես խաղացող գրեթե 10 տարի անցկացրել եմ Պորտուգալիայում: 2008-ի ընտրական մրցաշարում էլ պորտուգալացիների հետ միեւնույն խմբում էինք: Մեր խումբը շատ դժվարին է: Դանիան սկանդինավյան ֆուտբոլին բնորոշ խաղաոճ ունի, նաեւ տեխնիկապես լավ է պատրաստված: Ալբանիան ու Հայաստանը մշտապես ավելիին են ձգտում: Այնպես որ մեզ հետաքրքրական մրցաշար է սպասում: Նոր մրցակարգն ինձ ավելի է դուր գալիս: Մեր երկիրն ու ժողովուրդն արժանի են, որ ազգային հավաքականը հանդես գա Եվրո-2016-ի եզրափակիչ փուլում: Մենք ունենք եվրոպական բարձրակարգ թիմերում հանդես եկող ֆուտբոլիստներ, որոնք օժտված են խաղային անհրաժեշտ ունակություններով: Կարծում եմ, որ մեզ վերջապես կհաջողվի ուժեղ հավաքական կազմավորել:
Ջովանի դե Բյազի (Ալբանիա) – Մեր բախտը չբերեց: Խմբում բոլոր մրցակիցներն էլ ուժեղ են: Սակայն մենք պատրաստ ենք դիմակայել մրցակիցներին: Հարկավոր է խաղալ ուժերի գերլարումով, ցուցադրել մեր լավագույն խաղը եւ պահպանել լավատեսությունը: Դժվար է ասել, թե որ թիմն է ավելի ուժեղ, որովհետեւ մրցակիցներից յուրաքանչյուրի կազմում հիանալի ֆուտբոլիստներ են խաղում: Նույնիսկ Հայաստանի հավաքականը հանձին Հենրիխ Մխիթարյանի գերաստղ ունի:
Ներկայացնենք նաեւ մեր հավաքականի 3 ֆուտբոլիստների կարծիքները:
Ռոման Բերեզովսկի – Մեզ հեշտ խումբ բաժին չի հասել: Սակայն նույնը կարող են ասել նաեւ մրցակիցները: Վստահ եմ, որ յուրաքանչյուրը կպայքարի բարձր տեղերի համար: Պորտուգալացիները մյուսներից մի փոքր ուժեղ են, սակայն բոլոր թիմերին էլ հարկ կլինի ամեն ինչ ապացուցել խաղադաշտում: ՀՀ հավաքականը վաղուց արդեն չի վախենում անվանիներից: Դրա հերթական վառ ապացույցը դանիացիների նկատմամբ նրանց դաշտում տոնած հաղթանակն է: Պետք է ապացուցել, որ ժամանակակից ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է:
Լեւոն Հայրապետյան – Հայտնվել ենք շատ ուժեղ խմբում, որտեղ հեշտ մրցակիցներ չկան: Պորտուգալիան ամենաբարձր վարկանիշն ունի մեր խմբում, սակայն երբ խաղադաշտ ես դուրս գալիս, այդ ամենը 2-րդ պլան է մղվում: Նախորդ ընտրական մրցաշարում մենք իտալացիների հետ նրանց դաշտում ոչ-ոքի խաղացինք: Դանիայի հավաքականին մենք լավ ծանոթ ենք, սակայն մրցակիցն էլ մեզ է լավ ուսումնասիրել: Եթե նրանց 4:0 հաշվով հաղթել ենք, դա դեռ չի նշանակում, որ այսուհետ եւս հաղթելու ենք: Ֆրանսիայի հետ ընկերական հանդիպումներն էլ իրենց բարդություններն են ունենալու:
Ռոբերտ Արզումանյան – Մեր խումբը բարդ է: Կարող էինք ավելի հեշտ խմբում հայտնվել: Բայց եթե արժանի ենք խաղալ Եվրոպայում, ուրեմն պետք է ուղեգիր նվաճենք այս խմբից, իսկ եթե ոչ, ապա ամենահեշտ խմբից էլ եզրափակիչ փուլ չէինք մտնի: Այնպես որ պետք է պատրաստվենք ու յուրաքանչյուր խաղ անցկացնենք այնպես, կարծես դա եզրափակիչն է:
Բացի Ալբանիայից, մյուսների դեմ խաղացել եմ: 2007-ի կազմի հետ համեմատած այժմ Պորտուգալիան ավելի ուժեղ է, Ռոնալդուն էլ զգալիորեն առաջադիմել է: Նրանից շատ բան է կախված: Սերբիան թեեւ ավելի երիտասարդ հավաքական ունի, բայց սերբերն այսօր ավելի ուժեղ են, քան նախկինում: Դանիան էլ այժմ մեզ հետ ավելի զգույշ կխաղա, ինչպես խաղաց Երեւանում: Բայց պետք է հաշվի առնել, որ մենք էլ զգալի առաջընթաց ենք ապրել եւ ուժեղ հավաքական ունենք:
9-րդ խմբի խաղացանկը
2014 թվական
07.09. | Դանիա – Հայաստան | 20:00 |
Պորտուգալիա – Ալբանիա | 22:45 | |
11.10 | Հայաստան Սերբիա | 20:00 |
Ալբանիա – Դանիա | 22:45 | |
14.10 | Դանիա – Պորտուգալիա | 22:45 |
Սերբիա – Ալբանիա | 22:45 | |
14.11 | Պորտուգալիա – Հայաստան | 22:45 |
Սերբիա – Դանիա | 22:45 |
2015 թվական
29.03 | Ալբանիա – Հայաստան | 20:00 |
Պորտուգալիա – Սերբիա | 22:45 | |
13.06 | Հայաստան – Պորտուգալիա | 20:00 |
Դանիա – Սերբիա | 22:45 | |
04.09 | Սերբիա – Հայաստան | 22:45 |
Դանիա – Ալբանիա | 22:45 | |
07.09 | Հայաստան – Դանիա | 20:00 |
Ալբանիա – Պորտուգալիա | 22:45 | |
08.10 | Ալբանիա – Սերբիա | 22:45 |
Պորտուգալիա – Դանիա | 22:45 | |
11.10 | Հայաստան – Ալբանիա | 20:00 |
Սերբիա – Պորտուգալիա | 20:00 |