Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

«ՄԻԱՑՅԱԼ ԽԱՉ» ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ՆԱՄԱԿԱՆԻՇՆԵՐՈՒՄ

ԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ, ՀՊՄՀ գիտական գրադարանի ավագ գրադարանավար

Ցուցահանդես ՀՊՄՀ գիտական գրադարանում

Երեկ Երեւանում բացվեց հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության ինքնատիպ խորհրդանիշ հանդիսացող «Միացյալ Խաչ» հուշարձանը: Հուշարձանի նույնատիպը, որի պատվանդանին փորագրված էՙ «Օրհնյալ է հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությունը», Մոսկվայի 850-ամյակի առթիվ 1997 թ-ին տեղադրվել է Մոսկվա քաղաքի կենտրոնում` Նիկիտյան դարպասների պուրակում (հուշարձանի հեղինակային խմբի ղեկավարն է քանդակագործ, Հայաստանի վաստակավոր նկարիչ, Ուկրաինայի արվեստի վաստակավոր գործիչ, ԽՍՀՄ Լենինյան մրցանակի դափնեկիր Ֆրիդրիխ Սողոյանը, ճարտարապետներըՙ Ռազմիկ եւ Տիգրան Մանուկյանները):

Այս առիթով Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հումանիտար գրականության ընթերցասրահում բացվել է ՀՊՄՀ վաստակաշատ դասախոս, նամականիշագետ, գիտության թեկնածու, դոցենտ Աշոտ Բաբախանյանի «Միացյալ Խաչ» հուշարձանին նվիրված նամականիշների ցուցադրությունը:

Ներկայացված են 2006 թ.-ի հունվարին միաժամանակ Ռուսաստանի եւ Հայաստանի կապի նախարարությունների թողարկած ու շրջանառության մեջ դրված նամականիշները, որոնց խորապատկերում ներկայացված են «Միացյալ Խաչ» հուշարձանի պատկերը, թերթային հոդվածներ այդ նամականիշների շրջանառության մեջ դրվելու մասին:

Ցուցադրությունը նվիրված է հայ եւ ռուս ժողովուրդների դարավոր բարեկամությանը: