Հայաստանում ինչ-ինչ եվրասիական շարժեր են տեղի ունենում, սակայն, կարելի է ասել, դրանք ոչ թե ըստ էության են, այլ մի տեսակ առայժմ արտաքին ցուցափեղկի համար: Պարզ է, որ մինչեւ Մաքսային միություն մտնելու ճանապարհային քարտեզը չհաստատվի, հստակ ժամանակացույց չլինի` որեւէ առարկայական քայլի մասին դժվար է որեւէ բան ասել, առավել եւս` դեռ պետք է հետեւում մնան Վիլնյուսի գագաթաժողովն ու այսօր Վիեննայում կայանալիք Սարգսյան-Ալիեւ հանդիպումը. առաջինն, այո, ինչ-որ հստակեցումներ կարող է բերել, երկրորդը հազիվ թե շարքային եւ բանակցությունների շարունակականությունը փաստող հանդիպումից այն կողմ անցնի: Հավանաբար` ՌԴ նախագահ Պուտինի այցը (պաշտոնական հաստատում կամ հերքում դեռեւս չկա) եւս դեռ կունենա «ճանապարհային քարտեզի» ճշգրտման առումով, որն, ըստ տարբեր աղբյուրների, դեկտեմբերի կեսերին պետք է պատրաստ լինի: Այս` ցուցափեղկային կողմի ապահովման առումով, հատկանշական են ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկիի գլխավորած պատվիրակության հանդիպումները Հայաստանի խորհրդարանում, մանավանդ որ դրանց մի պաշտոնական մաս կիրակի (՞) օրն է տեղի ունեցել, փաստելով, որ միայն դեռեւս գեղեցիկ խոսքերի արտասանության համար ոչ աշխատանքային օրը եւս հարմար է (քանի որ ԱԺ նախագահը հաջորդ օրը մեկնում էր Բրազիլիա): Ու անկախ նրանից, որ Հայաստանում Եվրասիական միությանն անդամակցելու հակառակորդներ եւս բավական կան, ու այս առումով ժողովրդին հարցնելու գործընթաց որեւէ ձեւով դեռեւս տեղի չի ունեցել:
Վերադառնալով Սլուցկիի այցին եւ Հայաստան-ՌԴ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստին` նշենք, որ, ըստ ԱԺ կայքի, Սլուցկիի գլխավորած պատվիրակությունը նախ շաբաթ օրը ԱԺ նախագահին է հանդիպել, Սլուցկին էլ բարձր է գնահատել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ներկա մակարդակը: Ապա կիրակի տեղի է ունեցել մեր խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եւ ՌԴ Պետական դումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի համատեղ նիստը Ազգային ժողովում: Այս նիստում, կարդալով ԱԺ նախագահի ուղերձը, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ասել է, թե Հայաստանի եւ Ռուսաստանի ռազմավարական գործընկերությունը հաջողությամբ զարգանում է միջպետական փոխգործակցության բոլոր ուղղություններով, հայկական կողմը ռուս գործընկերների հետ պատրաստ է ակտիվ եւ կառուցողական աշխատանքի, մեր խորհրդարանականները ունեն համագործակցելու ցանկություն եւ տրամադրվածություն եւ որ` Հայաստանը հետաքրքրված է Մաքսային միության շրջանակներում միջխորհրդարանական գործընկերության զարգացմամբ, հատկապես հաշվի առնելով եվրասիական տնտեսական տարածքին անդամակցելու հեռանկարը:
Հետաքրքրական է եղել փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի ելույթը, ըստ որի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից Հայաստանիՙ Մաքսային միությանն անդամակցելու ճանապարհային քարտեզը նախատեսվում է հաստատել դեկտեմբերին, այս ուղղությամբ Հայաստանը աշխատանքներ է իրականացնում, մեր օրենսդրությունը համապատասխանեցվում է Մաքսային միության օրենսդրությանը: Եվ մեր փոխարտգործնախարարի կողմից հնչեցվել է, թե Երեւանը մինչեւ փետրվար ամիսը գործնականում պատրաստ կլինի Մաքսային միությանը եւ միասնական տնտեսական տարածքին անդամակցելու պայմանագրի ստորագրմանը:
Նիստի ընթացքում հայկական եւ ռուսական կողմերից համապատասխանաբար ելույթ ունեցած Արտակ Զաքարյանի եւ Լեոնիդ Սլուցկիի ելույթներում եւս եղել են հետաքրքրական պահեր. Ա. Զաքարյանը, անդրադառնալով Հայաստանիՙ եվրասիական ինտեգրման մասնակցությանը, նշել է, որ այն առաջին հերթին պայմանավորված է նոր ռեսուրսներ օգտագործելու ձգտմամբՙ պետության զարգացման, տարածաշրջանում խաղաղության ապահովման եւ մեր քաղաքացիների բարեկեցության բարձրացման համար: Ըստ նրա` Հայաստանի համար ռազմավարական խնդիր է աբխազական երկաթուղու վերաբացումը: Իսկ ահա Լ. Սլուցկին Մաքսային միության շրջանակներում համագործակցության ձեւաչափի համատեքստում կարեւորել է ռուսերենի իմացության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլերը, կրթամշակութային կենտրոնների զարգացումը:
Հետաքրքրական էր նաեւ այն հանգամանքը, որ մեր պատգամավորները ներկայացրել են այն մտահոգությունները, որոնք ունի հայ հասարակությունը եվրասիական ինտեգրման եւ Մաքսային միության անդամակցության գործընթացներում` մասնավորապես Լեռնային Ղարաբաղի մասնակցության հնարավորությունները, հեռահաղորդակցության եւ անվտանգության ապահովման խնդիրները:
Ավելի ուշ տեղի ունեցած Զաքարյանի եւ Սլուցկիի ասուլիսում առաջինը նշել է, որ երկու երկրների խորհրդարանների պատմության մեջ առաջին անգամ է նման համատեղ նիստ անցկացվում, Լ. Սլուցկին ընդգծել է, որ եվրասիական ինտեգրումը պետք է դառնա ժողովրդական նախագիծ: Նրա համոզմամբՙ մարդիկ պետք է զգան, որ եվրասիական ինտեգրումը անհրաժեշտ է եւ բարելավում է իրենց կյանքը: Նա կարեւորել է նաեւ մշակութային եւ հումանիտար համագործակցությունը, մասնավորապես` Հայաստանում ռուսերենի զարգացման ծրագրերը եւ հայ դպրոցների բացումը Ռուսաստանում:
Այս բոլորից հետո մնում է ասել, որ Հայաստանի հասարակության ներսում առկա խմորումների առումով` առ Հայաստանի կողմից ինտեգրման ուղու կտրուկ փոփոխությունը, զարմանալի է ռուսների մաքսիմալիզմը, որի տակ ռուսական շահի քաղաքականությունն է բնականաբար: