Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱԴՐԱՄՆ ԱՌԱՋԻՆ ՏԵՂՆ Է ԳՐԱՎԵԼ ՎԻՉԵՆՑԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴՐԱՄԱԳԻՏԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՈՒՄ

Սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Իտալիայի Վիչենցա քաղաքում անցկացվել է հերթականՙ 10-րդ միջազգային դրամագիտական մրցույթը (Vicenza Numismatica): Հեղինակավոր մրցույթին մասնակցել են մեծ թվով հանրաճանաչ դրամահատարաններ եւ էմիտենտ-կազմակերպություններՙ ներկայացնելով 2012 թ. թողարկման հուշադրամները: Մրցույթի մրցանակները շնորհվել են երկու անվանակարգով`

«Աշխարհի լավագույն մետաղադրամը»,

«Լավագույն մետաղադրամը ճարտարապետական կառույցի պատկերով»:

Մրցույթում «Հայ գրքի տպագրության 500-ամյակ» հուշադրամը (Վարդան Վարդանյանի էսքիզների հեղինակությամբ) արժանացել է առաջին մրցանակի «Աշխարհի լավագույն մետաղադրամը» անվանակարգում:

Միջազգային հանձնաժողովը հատուկ գնահատել է «Հայ գրքի տպագրության 500-ամյակ» հուշադրամի դիմերեսի էսքիզի ժամանակակից եւ դարձերեսի էսքիզի դասական ոճերի յուրահատուկ համադրությունը: Հուշադրամի երկու կողմերը խորհրդանշորեն միավորում են անցյալն ու ներկանՙ արտացոլելով ոչ միայն հայկական առաջին գրքիՙ «Ուրբաթագրքի» տպագրության 500-ամյակը (տպագրվել է 1512 թ. Վենետիկում Հակոբ Մեղապարտի ջանքերով), այլեւ Հայաստանի ու իր մայրաքաղաք Երեւանի միջազգային մշակութային դերը: