Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ՌՈՄԱՆ ԲԵՐԵԶՈՎՍԿԻ. «ՀԵՌՈՒ ՉԷ ԱՅՆ ՕՐԸ, ԵՐԲ ՀԱՎԱՔԱԿԱՆԻՆ ԿՀԱՋՈՂՎԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼ ՄՏՆԵԼ»

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի 39-ամյա դարպասապահ Ռոման Բերեզովսկին հարցազրույց է տվել «Սպորտ-Էքսպրեսին», որը ներկայացնում ենք ընթերցողներին:


– Գո՞հ ես, որ պաշտպանում ես հենց Հայաստանի հավաքականի դարպասը:

– Ինչպես գոհ չլինեմ, եթե արդեն 18 տարի հանդես եմ գալիս ՀՀ հավաքականում: Իհարկե, ափսոսում եմ, որ այդ ընթացքում ինձ բախտ չվիճակվեց հավաքականի կազմում խաղալ Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում: Սակայն ակնհայտ է, որ ժամանակի ընթացքում ՀՀ հավաքականն առաջադիմել է, ի հայտ են եկել ֆուտբոլային «աստղեր»: Դարպասից Մխիթարյանի եւ Մովսիսյանի խաղին հետեւելը շատ հաճելի է: Կարծում եմ, որ հեռու չէ այն օրը, երբ մեզ կհաջողվի մտնել որեւէ խոշոր մրցաշարի եզրափակիչ փուլ: Իմ կարծիքով հավաքականի եւ իմ նկատմամբ հայ երկրպագուների ջերմ վերաբերմունքը ոչնչի հետ չի կարելի փոխել:

– Երբեք չե՞ս զղջացել, որ ընտրել ես Հայաստանի, այլ ոչ թե Ռուսաստանի կամ Ուկրաինայի հավաքականը:

– Ծնվել եմ ԽՍՀՄ-ում, որն արդեն գոյություն չունի, իսկ ինձ համար հարազատ երկիրը Հայաստանն է: Այնպես որ տրամաբանական է, որ պաշտպանում եմ հենց այդ երկրի պատիվը: Առավել եւս, որ երբ 1996-ին նորամուտս նշեցի ՀՀ հավաքականում, դեռեւս մեծ ճանաչման չէի արժանացել: Հայրս ու մայրս ռուսերեն էին խոսում ուկրաինական շեշտադրությամբ, հայերենի հետ նրանք խնդիրներ ունեին: Իսկ ես բակում շփվելով հասակակիցներիս հետ, հայերենը շուտ սովորեցի: Հավաքականում լեզվի հետ կապված խնդիրներ չեմ ունեցել: Ինչ վերաբերում է Ռուսաստանին կամ Ուկրաինային, ապա աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում դառնում եմ այդ հավաքականների երկրպագուն:

– Իսկ եթե քեզ առաջարկեին ընտրություն կատարել կարիերայիդ գագաթնակետի ժամանակ, ինչպե՞ս կվարվեիր:

– 1994-ից հանդես եմ եկել Հայաստանի երիտասարդական հավաքականում: Հետագայում, երբ «Զենիթի» հիմնական դարպասապահն էի, խոսակցություններ կային ՌԴ հավաքականում ընդգրկվելու մասին: Սակայն անհրաժեշտ էր դիմել ՈւԵՖԱ եւ ՖԻՖԱ, տարիներով սպասել դրական պատասխանի: Դրա կարիքը չկար, քանի որ ընտրությունն արդեն կատարել էի եւ ոչ մի անգամ չեմ զղջացել:

– Որպես սլավոնական ժողովրդի ներկայացուցիչ, հայ ֆուտբոլիստների շրջապատում խնդիրներ չե՞ն ծագում:

– Ես ծնվել եւ մեծացել եմ Հայաստանում: Չէի ասի, թե ինձ լիարժեք հայ եմ համարում, սակայն մտածելակերպով համընկնում ենք:

– Հավանաբար մանկությանդ տարիներին երազել ես խաղալ ԽՍՀՄ հավաքականում:

– Իմ երազանքներն ավելի համեստ էին: Երջանիկ կլինեի, եթե հաջողվեր ընդգրկվել ԽՍՀՄ բարձրագույն խմբի թիմերից մեկում, մասնակցել առաջնությանը:

– Երեւան ուղեւորություններդ քեզ համար պարտականությո՞ւն են, թե՞ հաճույք են պատճառում:

– Իհարկե, հաճույք եմ ստանում: Հայաստանի հավաքականն ունակ է հաղթել յուրաքանչյուր մրցակցի: Մեզ հավատում են ֆուտբոլասերները, շատ ջերմ են ընդունում, ինչը լրացուցիչ լիցք է հաղորդում ֆուտբոլիստներին: Նրանք մեզ դիմավորում են օդանավակայանում, ներկա են գտնվում նաեւ մարզումներին եւ ամեն կերպ փորձում են ոգեւորել:

– Երկրի ղեկավարության կողմից ուշադրության ե՞ւս արժանանում եք:

– Իհարկե: Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանը մեկ անգամ չէ, որ շնորհակալություն են հայտնել մեզ, պարգեւատրել են:

– Ռուսաստանի հավաքականի դեմ խաղալիս առանձնահատուկ զգացումներ ունենո՞ւմ ես:

– Միայն մինչեւ հանդիպման մեկնարկը, քանի որ շատերի հետ ժամանակին միեւնույն թիմում խաղացել եմ: Սակայն երբ խաղադաշտ եմ դուրս գալիս, ամբողջությամբ կենտրոնանում եմ խաղի վրա, ինչպես յուրաքանչյուր այլ մրցակցի հետ մրցավեճում: