Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ՆԻԿՈԼ ԲԵԶՋՅԱՆԻ 2 ՆՈՐ ՖԻԼՄԵՐԸ

Հ. Ծ.

«Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի փոխանցմամբ «Համազգային» հայկական կրթական եւ մշակութային ընկերության Բոստոնի մասնաճյուղի նախաձեռնությամբ կայացել են Նիկոլ Բեզջյանի երկու նոր ֆիլմերի առաջին հանրային ցուցադրումները:

Նոյեմբերի 1-ին Սուրբ Խաչ հայ կաթոլիկ եկեղեցու դահլիճում ցուցադրվել է «Կաթ, մեխակ եւ Աստվածային երգ» ֆիլմը, որը հայ գրականության սյուներից մեկիՙ նահատակ Դանիել Վարուժանի գրական ժառանգությանն է անդրադառնում, իսկ նոյեմբերի 6-ին Բելմոնտի «Ստուդիո» կինոդահլիճում կայացել է «Կոշիկներս թողեցի Ստամբուլում» ֆիլմի ցուցադրությունը: Այս երկրորդ ֆիլմը պատմում է լիբանանահայ մի բանաստեղծի մասին, ով ճանապարհ է ընկնում դեպի Ստամբուլ, դեպի իր մշակույթի արմատները: Ճանապարհորդության ընթացքում նա անցնում է Ստամբուլի երբեմնի հայերով բնակեցված թաղամասերով, փողոցներով, այցելում է գերեզմանատներ, որտեղ հայ գրողներն ու բանաստեղծներն են թաղված, ակնածանքով մտնում հին եկեղեցիներ եւ դպրոցներ, կամ այն ինչ մնացել է դրանցից, հանդիպում հայերի եւ թուրքերի, լսում նրանց պատմածները եւ սեղան նստում նրանց հետ:

Նիկոլ Բեզջյանը ծնվել է 1955-ին Հալեպում, Սիրիա: Կրթություն է ստացել Հարավային Բոստոնում: Ավարտել է Նյու Յորքի Տեսողական արվեստի կրթօջախի կինեմատոգրաֆիայի բաժինը, այնուհետեւ նաեւ Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանը: Հեղինակ է մի շարք ֆիլմերի, որոնց թվում են «Մյուրոնը», «Անհատականությունը» եւ «Ծիրաններով լի ճանապարհները»: Արժանացել է մրցանակների հեղինակավոր միջազգային կինոփառատոների ընթացքում:

Մերձավոր Արեւելքում ճանաչված հեռուստատեսային պրոդյուսեր է: