Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Վ. ՍՊԻՎԱԿՈՎԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՆՎԻՐԵՑ Ա. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՆԱՄԱԿԻ ԲՆՕՐԻՆԱԿԸ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Օրերս տեղի ունեցավ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ:

Համերգը նվիրված է Հայաստանի կամերային նվագախմբի հիմնադիր, անվանի ջութակահար, դիրիժոր Զարեհ Սահակյանցի 80-ամյակին:

«Այսօրվա համերգը նվիրված է ինձ շատ հարազատ մարդու` կնոջս հայրիկին, երեխաներիս պապիկին: Ես նրան շատ լավ եմ ճանաչել, հրաշալի երաժիշտ էր, Հայաստանի իսկական նվիրյալ: Նա շատ է սիրում իր հայրենիքը, իր ծննդավայրը, արվեստը գեղանկարչություն, գրականություն, հայկական պոեզիա: Նա շատ լավ տիրապետում էր հայերենին, գիտեք, որ լեզուն նույնպես կյանքի որոշակի արտացոլումն է: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա իմ ընկերներից մեկը Էրմիտաժի տնօրեն Բ. Պիոտրովսկին, որի կինը նույնպես հայուհի էր, անունը Հռիփսիմե, ամեն անգամ հանդիպելիս կատակում էր, թե «հայերի փեսաները հավաքվեցին»:

Երեւանյան համերգի ընթացքում հնչեցին Սերգեյ Ռախմանինովի, Ժորժ Բիզեի, Վինչենցո Բելլինիի, Կամիլ Սեն-Սանսի, Ջուզեպպե Վերդիի, Ջակոմո Պուչչինի եւ այլ հեղինակների ստեղծագործություններ:

Հայ ունկնդիրը ջերմությամբ ընդունեց ե՛ւ Վ. Սպիվակովին, ե՛ւ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին, ե՛ւ մենակատարներին Ալեքսանդր Ռոմանովսկի (դաշնամուր, Իտալիա), Վասիլի Լադյուկ (բարիտոն, Ռուսաստան), Ջուլիետ Գալստյան (մեցցո-սոպրանո, Շվեյցարիա), Հասմիկ Պապյան (սոպրանո, Հայաստան):

Համերգի ավարտին մաեստրո Սպիվակովը մշակույթի նախարարին փոխանցեց 1975թ. Արամ Խաչատրյանի նամակի բնագիրը` ուղղված հայտնի մի նեյրոֆիզիոլոգի: Նամակում Խաչատրյանը նկարագրում է, թե ինչպես է ինքը ստեղծագործում: «Պետք է հոգ տանել ունկնդրին եւ սեփական երաժշտությունը լսել ունկնդրի ականջներով: …Պետք է սիրել թեման, հերոսներին, պետք է նրանց հետ վերապրել իրադարձությունները: Ընդհանրապես պատմել արվեստի մասին անհնար է: Կարող եմ ասել, որ ստեղծագործելիս ես գտնվում եմ էքստազի մեջ: Երջանիկ եմ, միաժամանակ նաեւ չար, չար կենտրոնացվածության եւ լարվածության առումով»,- իր ստեղծագործական պահերն այսպես է բնութագրել Արամ Խաչատրյանը:

Վ. Սպիվակովի գլխավորած Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Հայաստանում է «Գյումրին 2013 թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառումների շրջանակներում, նվագախումբը նոյեմբերի 11-ին հանդես եկավ նաեւ Գյումրիում:

Վ. Սպիվակովի հայաստանյան համերգները տեղի էին ունենում ՀՀ եւ ՌԴ մշակույթի նախարարությունների եւ ԱՊՀ երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: Համերգների կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը:

Միջոցառմանը ներկա էին առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, բարձրաստիճան այլ հյուրեր: