Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴՐՍՈՒՄ ՀԱՄՈԶՈՒՄ Է ԵՄ ԱՆԴԱՄ ԵՐԿՐՆԵՐԻՆ, ՆԵՐՍՈՒՄ` ԵՄ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՆ

Վ. Պ.

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ աշխատանքային ճաշ է ունեցել Երեւանում հավատարմագրված ԵՄ անդամ պետությունների դեսպանների եւ ԵՄ պատվիրակության ղեկավարի հետ:

ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն, հանդիպմանը մտքերի փոխանակում է տեղի ունեցել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների վերաբերյալ: Կողմերը քննարկել են Արեւելյան գործընկերության Վիլնյուսի գագաթաժողովին առնչվող հարցեր: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շարունակմանն ուղղված ջանքերին, միջազգային օրակարգի խնդիրների:

Վերջին շրջանում արտաքին գործերի գերատեսչության ղեկավարը զգալի ինտենսիվությամբ հանդիպումներ է ունենում Եվրոմիության անդամ երկրների տարբեր ներկայացուցիչների հետ արտերկրյա այցելությունների ժամանակ, իսկ այժմ էլ, փաստորեն, հնարավոր քայլերն ու արդեն իսկ համաձայնեցված իրավիճակը քննարկվում են Հայաստանում ԵՄ դեսպանների հետ: