Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԳԼԽԱՇՈՐՈՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ

Թուրքիայում կառավարող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության 4 կին պատգամավորներ վերջին 14 տարում առաջին անգամ խորհրդարանի նիստերի դահլիճ են մտել գլխաշորով, հաղորդում է Hurriyet թերթը:

Այդ քայլը զայրացրել է ընդդիմության ներկայացուցիչներին, որոնք կառավարող կուսակցությանը մեղադրել են ամբոխավարության մեջ, իսկ գլխաշոր կապած պատգամավորներինՙ կանանց իրավունքները ընդհանուր առմամբ քամահրելու մեջ: Ընդդիմադիրներն իրենց գործընկերներին մասնավորապես հիշեցրել են, որ նրանք չպաշտպանեցին «չափազանց բաց» հագուստի համար վերջերս աշխատանքից ազատված հեռուստահաղորդավարուհուն:

Թուրքիայի պետական հիմնարկներում հիջաբ կրելը թույլատրվեց ընդամենը մեկ ամիս առաջ: Նախաձեռնության հեղինակները իսլամիստներն ենՙ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ:

Աշխարհիկ ուժեղ ավանդույթներ ունեցող Թուրքիայում կանանց հիջաբ կրելը եւ իսլամիզմի մյուս հրապարակային դրսեւորումները հատկապես ցավոտ թեմա են: Կառավարող կուսակցության ընդդիմախոսներից շատերը հիջաբ կրելու արգելքի վերացումը համարում են եւս մեկ քայլ Թուրքիայի իսլամականացման ճանապարհին:

Էրդողանը եւ նրա կուսակիցները մերժում են այդ տեսակետըՙ հայտարարելով, թե իրենք հանդես են գալիս այն մարդկանց կյանքի «նորմալացման» օգտին, ովքեր ձգտում են կատարել բոլոր կրոնական ծեսերը: