Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԲՐԱՀԻՄԻ. «ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՂԹԵԼ ԱՍԱԴԻՆ»

Պ. Ք.

Ամերիկյան ռազմանավերի մի մասը հեռանում է Սիրիայի ափերից

Սիրիայում ՄԱԿ-ի եւ Արաբական պետությունների լիգայի հատուկ դեսպանորդ Լախդար Բրահիմին Ստամբուլում հանդիպում է ունեցել ընդդիմադիր «Սիրիական ազատ բանակի» հրամանատարության ներկայացուցիչների հետ: Բրահիմին «Սիրիական ազատ բանակի» ղեկավարներին հայտարարել է, որ Սիրիայի հակամարտությունը «չունի ռազմական լուծում»:

Իսրայելական «Քոլ Իսրայել» ռադիոկայանը մեջբերում է Բրահիմիի այն խոսքերը, որ Սիրիայի կառավարական զորքերի նկատմամբ ընդդիմության հաղթանակն անհնար է այն ծավալուն օգնության պատճառով, որ ստանում է նախագահ Բաշար Ասադի վարչակարգը:

Սիրիացի ընդդիմադիրների հետ Բրահիմիի հանդիպումն անցկացվում էր սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման ժնեւյան կոնֆերանսի նախապատրաստման շրջանակներում:

Ընդդիմադիր ուժերի գլխավոր կազմակերպությունըՙ «Ազգային կոալիցիան», դեռ չի որոշելՙ կմասնակցի՞ արդյոք կոնֆերանսին: Ղեկավարությունը այդ հարցին նվիրված խորհրդակցություն է անցկացնելու նոյեմբերի 9-ին:

Ինչ վերաբերում է Միջերկրական ծովի արեւելքում վերջերս կուտակված ամերիկյան ռազմանավերին, News Channel 3 կայքէջը հաղորդում է, որ դրանց մի մասն առաջիկա շաբաթներին կվերադառնա ԱՄՆ-ում գտնվող մշտական ռազմակայան:

Ամերիկյան ծովուժի շտաբի պետ, ծովակալ Ջոնաթան Գրինետի խոսքերով, ռազմանավերի խումբը արդեն կատարել է իր մարտական խնդիրը եւ կարող է «Նիմից» ավիակրի գլխավորությամբ վերադառնալ Բրեմերտոնի ռազմակայան (Վաշինգտոնի նահանգ): Ապա Սիրիայի ափերից կհեռանան «Բերրի» եւ «Գրեյվի» էսկադրային ականակիրները եւ կմեկնեն Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվող Նորֆոլկի ռազմակայան:

Արեւելյան Միջերկրածովքում կմնա ընդամենը 3 ամերիկյան ռազմանավՙ «Ստաուտ» եւ «Ռեմեջ» էսկադրային ականակիրները եւ «Մոնտերեյ» հրթիռային հածանավը: Ծովակալ Գրինետի խոսքերով, դրանք «բավարար» սպառնալիք» են ստեղծում, որպեսզի Սիրիայի կառավարությանը ստիպեն ձեռնարկելու սեփական քիմիական զենքի ոչնչացմանն ուղղված միջոցներ: