Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՀԱՑ ԵՎ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ

Հ. Հ.

Հասարակության ամենացավոտ խնդիրները

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիեկսը եւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը երեկ հանդիպել են սիրիահայ ներգաղթյալներին, ծանոթացել նրանց խնդիրներին:

«Ազգ» -ի հարցին Նիլս Մուիժնիեկսը պատասխանեց, որ Եվրոպայում զարմացած էին եւ տեղյակ չէին, որ Հայաստանում 7000-10000 սիրիահայ կա:

«Նրանք ասացին, որ գոհ են Հայաստանի իշխանությունների ընդունելությունից, ինչը չեն կարող ասել եվրոպական այլ երկրների իշխանությունների իրենց հայրենակիցների մասին: Սա ազդակ է, որ եվրոպական երկրները պետք է կարողանան ավելի խորությամբ ընկալել սիրիական խնդիրը», ասաց հանձնակատարը:

ՄԻՊ Կարեն Անդրեասյանն էլ ասաց, որ թեպետ սիրիահայերը գոհ են մնացել Հայաստանի իշխանություններից, սակայն ունեն երկու խնդիրՙ չեն կարողանում աշխատանք գտնել եւ բախվում են սոցիալական անարդարություններին:

«Ես համոզված եմ, որ այդ պատախանը կտան ոչ միայն սիրիահայերը: Հետեւաբար Հայաստանի համար կարեւորագույն խնդիրները շարունակում են մնալ հացն ու արդարությունը: Հայաստանում մարդու իրավունքների առնչությամբ ամենալուրջ խնդիրը շարունակում է մնալ արդար դատաքննությունը, դատարանների ապօրինությունները շարունակվում են եւ խնդիրը շատ ցավոտ է: Տնտեսական-սոցիալական իրականությունը սարսափելի է, եւ հացի խնդիրը դարձել է արդիական»: