Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՄԵԿ ԶՈՀ, ԵՐԵՔ ՎԻՐԱՎՈՐ

Հ. Հ.

Հակառակորդը կրակ է բացել Բերդ-Իջեւան ավտոճանապարհին

Երեկ ցերեկը Տավուշի մարզի Բերդ-Իջեւան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում հակառակորդը կրակ է բացել ավտոճանապարհով ընթացող մեքենաների վրա: Հակառակորդի կրակահերթից տուժել են քաղաքացիական եւ զինվորական մեքենաներ:

Պաշտպանության նախարարությունից «Ազգ»-ին տեղեկացրին, որ զինծառայողներին մարտական հերթապահության տեղափոխող զինվորական մեքենաների շարասյան վրա բացված կրակի հետեւանքով զոհվել է ժամկետային զինծառայող, 19-ամյա շարքային Գարիկ Պողոսյանը: Հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Արթուր Անդրանիկյանը, Արայիկ Ժամհարյանն ու Մարտին Պետրոսյանը:

ՊՆ-ն դեպքի մասին համապատասխան իրազեկում է կատարել ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի գրասենյակին: Միաժամանակ նախարարությունը հայտարարել է, որ հակառակորդի այս հանցավոր քայլն անպատասխան չի մնա եւ հերթական անգամ կատարված սադրանքի պատասխանատվությունը կմնա սանձազերծողի վրա: