Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

ՀԱՅ ԽՈՑԱՍՈՒՍԵՐԱԿԻՐՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՐԻՆ ՈՂՋ ՊԱՏՎՈ ՊԱՏՎԱՆԴԱՆԸ

Երեւանում ավարտվեց սուսերամարտի միջազգային մրցաշարը, որը նվիրված էր մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի հիմնադրման 100-ամյակին: Բացի հայերից, մրցաշարին մասնակցեցին նաեւ Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի եւ Քուվեյթի պատանի սուսերամարտիկները:

Ճկասուսերակիրների պայքարում հաղթող ճանաչվեց քուվեյթցի Սաքի Ահմանը: 2-րդ տեղը գրավեց իրանցի Մոհսեն Համզեհեյը: Մրցանակային 3-րդ տեղերը զբաղեցրին հայաստանցի Մայքլ Հովհաննիսյանն ու վրացի Նիկոլոզ Վերխիաշվիլին:

Նույն մարզաձեւի աղջիկների մրցաշարում ուժեղագույնը վրացի Մարիամ Վախիշվիլին էր: Նրա հայրենակցուհի Լիկա Ջիջեիշվիլին գրավեց 2-րդ տեղը, իսկ բրոնզե մեդալների արժանացան Արփինե Աթոյանն ու Աննա Մելիան:

Տղաների խոցասուսեր մրցաձեւում տոն տվեցին հայ սուսերամարտիկներըՙ զբաղեցնելով պատվո ողջ պատվանդանը: Հաղթող ճանաչվեց Մայքլ Հովհաննիսյանը, 2-րդ տեղը զբաղեցրեց Մանվել Հովհաննիսյանը, իսկ 3-րդ մրցանակակիրներ դարձան Ավետիս Ծերունյանն ու Էդուարդ Հովիկյանը:

Աղջիկների մրցավեճում էլ Հայաստանը ներկայացնող Էմմա Պողոսովան հաղթեց իր մրցակցուհիներին եւ արժանացավ ոսկե մեդալի: 2-րդ տեղը գրավեց ռուսաստանցի Մարիա Զապատիվաննայան, 3-րդ տեղը զբաղեցրին վրացի Քրիստինե Միկաձեն եւ ռուսաստանցի Մարիա Արիստովան: