Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ԿՐԱԿԵԼ ԵՆ ԷՐԴՈՂԱՆԻ ՊԱՀԱԿԱԽՄԲԻ ՎՐԱ

Պ. Ք.

Սեպտեմբերի 27-ին մի անհայտ անձնավորություն կրակ է բացել Ստամբուլի օդանավակայանից դեպի քաղաք վարչապետ Էրդողանի անցումը նախապատրաստող նրա պահակախմբի վրա: Ինչպես հաղորդում է CNN Turk հեռուստաալիքը, հրաձգությունից ոչ ոք չի տուժել:

Միջադեպը տեղի է ունեցել Մուստաֆա Քեմալի կամրջի շրջանում: Հրաձգության պատճառով վարչապետի ավտոշարասյան երթուղին փոխվել է. նա քաղաք է մուտք գործել տվյալ վայրը շրջանցելով:

Քննիչներն անմիջապես մեկնել են միջադեպի վայր: Կամրջից հարյուր մետր հեռու հայտնաբերվել է արձակված 7 գնդակի պարկուճ: Ոստիկանությունը սկսել է դեպքի քննությունը եւ կասկածյալի (կամ կասկածյալների) որոնումները:

Ավելի վաղ Թուրքիայի իշխանությունները հայտարարել էին, թե Էրդողանի պահակախումբը կանխել է նրա դեմ ուղղված մի քանի մահափորձ: Մասնավորապես հաղորդվել էր, որ 2011-ին անհայտ անձինք հարձակվել են վարչապետի շքախմբի վրա եւ սպանել մեկ ոստիկանի: