Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԱՍԱԴԸ ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ ԱՄՆ-Ի ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ՆՈՒՅՆԻՍԿ ՔԻՄԻԱԿԱՆ ԶԵՆՔԻ ՈՉՆՉԱՑՈՒՄԻՑ ՀԵՏՈ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հարավամերիկյան 10 երկրների համար իսպաներեն եւ պորտուգալերեն տված հարցազրույցում չի բացառել ԱՄՆ-ի հակասիրիական գործողության հնարավորությունը նույնիսկ Սիրիայի քիմիական զենքի ոչնչացումից հետո:

Ասադի խոսքերովՙ 1950-ական թվականներից ԱՄՆ-ի մղած բոլոր պատերազմները եղել են նրա ագրեսիվ քաղաքականության արդյունքը: Կորեայի, Վիետնամի, Լիբիայի, Սոմալիի, Աֆղանստանի եւ Իրաքի պատերազմներից բացիՙ Վաշինգտոնը նաեւ նախապատրաստել է պետական հեղաշրջումներ Լատինական Ամերիկայում, որոնց հետեւանքով սպանվել են միլիոնավոր մարդիկ:

Խոսելով Սիրիայի իրադրության մասինՙ նախագահը երկյուղ է արտահայտել, որ ընդդիմադիր խմբավորումների գրոհայինները ՄԱԿ-ի տեսուչներին կխանգարեն իրականացնել քիմիական զենքի հավաքման եւ դրա հետագա ոչնչացման առաքելությունը:

Ասադը պատմել է, որ Սիրիայի իշխանությունները գրոհայինների մոտ հայտնաբերել են «մարտական քիմիական նյութերի պարկուճներ եւ այդ նյութերի մշակման լաբորատորիաներ»: Քիմիական գրոհներին ընդդիմության մասնակցությունը վկայող այդ բոլոր ապացույցները փոխանցվել են ռուսաստանցի դիվանագետներին:

Ինչ վերաբերում է սիրիական բանակի քիմիական զինանոցներին, Ասադը հավաստիացրել է, որ դրանք խիստ վերահսկողության տակ են: