Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ՍԵՐԺ ԱՎԵՏԻՔՅԱՆԻ «ՓԱՐԱՋԱՆՈՎ» ՖԻԼՄԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է «ՕՍԿԱՐԻՆ»

Մ. Հ.

Սերժ Ավետիքյանի ու Ելենա Ֆետիսովայի հեղինակած «Փարաջանով» ֆիլմը Ուկրաինան «Օսկարի» կներկայացնի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: «Օսկարի» ուկրաինական կոմիտեի փոխանցմամբ, ընտրությունը կատարվել է Սերժ Ավետիքյանի ու Ելենա Ֆետիսովայի «Փարաջանովի», ռեժիսոր Կիրա Մուրատովայի «Հավերժ վերադարձ» ու Ահմետ Սեյթաբլայեվի «Հայթամարա» ֆիլմերի միջեւ: «Փարաջանովի» օգտին քվեարկել է կոմիտեի 10 անդմաներից` 6-ը, վերոնշյալ երկու ֆիլմերից ամեն մեկի համար երկու անդամ:

Ի դեպ, ֆիլմի փարիզյան պրեմիերիան տեղի կունենա 2014-ի հունվարին կամ փետրվարին, բայց մինչ այդ ֆիլմը կմասնակցի մի քանի փառատոնների:

Իսկ սեպտեմբերի 19-23-ը «Փարաջանովը» կներկայացվի Բաթումի հեղինակային ֆիլմերի միջազգային փառատոնում, որից հետո հոկտեմբերի 3-ից 6-ը` Համբուրգի կինոփառատոնում, իսկ ահա նոյեմբեր-դեկտեմբեր ամսիներին արդեն կմասնակցի Ֆրանսիայում անցկացվող կինոփառատոններին:

Նշենք, որ «Փարաջանով» լիամետրաժ ֆիլմը նկարահանվել է Ուկրաինայի, Ֆրանսիայի, Վրաստանի ու Հայաստանի համատեղ ուժերով, որի պրեմիերան տեղի ունեցավ այս տարվա հոկտեմբերի 3-ին: «Փարաջանով» ֆիլմը ճանաչվել է Օդեսայի միջազգային կինոփառատոնի լավագույն ուկրաինական ֆիլմ:

Այն Սերգեյ Փարաջանովի կյանքի մասին է, որի վարքագիծը չէր համապատասխանում խորհրդային համակարգին: Իր էքսցենտրիկ բնավորության պատճառով ռեժիսորը հայտնվում է բանտում, որտեղի կյանքին նրան օգնում է դիմակայել սերը գեղեցիկի հանդեպ:

Ուկրաինայում ֆիլմը էկրան կբարձրանա սեպտեմբերի 26-ին:

Նշենք, որ ԱՄՆ-ում «Օսկարի» ներկայացված ֆիլմերը 24 անվանակարգերում կհայտարարվեն 2014 թ. հունվարի 16-ին, իսկ «Օսկարի» 86-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2014 թ. մարտի 2-ին Լոս Անջելեսի Dolby Theatre թատրոնում: