Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸ` ՀԳՄ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ

Մ. Հ.

Օրերս Հայաստանի գրողների միությունում տեղի ունեցավ ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանի անակնկալ մահվանից հետո նախագահության առաջին նիստը, որի ընթացքում ՀԳՄ վարչության քարտուղար Պետրոս Դեմիրճյանն առաջարկել է ՀԳՄ քարտուղար, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանի թեկնածությունը` որպես ՀԳՄ նախագահի պաշտոնակատարի:

ՀԳՄ նախագահության միաձայն որոշմամբ` մշակույթի վաստակավոր գործիչ, բանաստեղծ եւ հրատարակիչ Է. Միլիտոնյանն ընտրվել է գրողների միության նախագահի պաշտոնակատար:

Էդվարդ Միլիտոնյանը ճանաչված մանկագիր է, նրա հայտնի գրքերից են «Չիպոն», «Վահագն Վիշապաքաղի արկածները», «Հնարամիտ բադիկ Բադ-Բադալի ճանապարհորդությունը» եւ այլն: Ի դեպ, «Չիպո»-ն թարգմանվել է ռուսերեն, գերմաներեն, բուլղարերեն եւ ղրղզերեն: Նա շուրջ 29 գրքի հեղինակ է, ներառյալ` հայերեն եւ ռուսերեն բանաստեղծությունների եւ արձակ գործերի ժողովածուներ` երեխաների ու մեծահասակների համար: Նրա ստեղծագործություններն արժանացել են տարբեր մրցանակների, իսկ «Վահագն Վիշապաքաղի արկածները» մանկական վեպը 2008թ.-ին արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին: