Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

3,8 ՄԼՆ ԴՈԼԱՐ ԵՎ 4 ՏԱՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ԱՄՆ ՄԶԳ աջակցությունը 2014-ի հունվարի 1-ից մեկնարկող նոր համակարգի ձեւավորմանն եւ հզորացմանը

Հայաստանում երեկ մեկնարկեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության նոր` Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագիրը, որը տեւելու է 4 տարի: Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանի կառավարությանը` ձեւավորելու ու հզորացնելու մարդկային եւ կառուցվածքային կարողությունները` կենսաթոշակային նոր համակարգը ներդնելու համար: Այս մասին խոսեցին միջոցառման բոլոր բանախոսները:

Առաջինը ելույթ ունեցավ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը : Նա այն կարծիքը հայտնեց, որ ծրագիրը թույլ կտա ձեւավորել կենսաթոշակային նոր համակարգի ամբողջ ենթակառուցվածքը, կնպաստի համակարգի կարողությունների հզորացմանը հատկապես տեղեկատվական ոլորտում:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը կարեւորեց ԱՄՆ ՄԶԳ աջակցությունը Հայաստանին անկախության տարիներին, որը կազմել է 2,3 մլրդ դոլար: Նա համոզմունք հայտնեց, որ նոր ծրագիրը կնպաստի, որ մեր քաղաքացին պետության աջակցությամբ մասնագիտական, կազմակերպչական հարցերում տեղեկացված լինի:

ԱՄՆ ՄԶԳ առաքելության ղեկավար Քերըն Հիլլիարդը իր հայերեն ելույթի ժամանակ տեղեկացրեց, որ պատրաստ են աջակցելու Հայաստանում նոր կենսաթոշակային համակարգի ներդրմանը, որը տեղի կունենա 2014-ի հունվարի 1-ից: Նա տեղեկացրեց, որ ծրագրի 4 տարվա գործունեության ընթացքում կներդրվի 3,8 մլն դոլար, որը կուղղվի մասնագետների վերապատրաստմանը, ինստիտուցիոնալ կարողությունների բարելավմանը, նոր տեխնոլոգիաների կիրառմանը համակարգում, ինչը թույլ կտա ավելի լավ ծառայություններ մատուցել կենսաթոշակառուներին: Նա նաեւ անհրաժեշտ համարեց հանրային իրազեկման միջոցով վստահություն ձեւավորել նոր համակարգի նկատմամբ:

Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Արամյանի (ֆինանսների նախկին փոխնախարար) կարծիքովՙ ԱՄՆ ՄԶԳ-ն կանգնած է եղել Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների ակունքներում, եւ եթե չլիներ նրա մասնագետների աջակցությունը, այս ոլորտի միջազգային փորձից շատ բաներ մեզ հասանելի չէին լինի:

Կեսնաթոշակային բարեփոխումների ծրագիրն իրականացնող «Քեմոնիքս ինթերնեյշնլ» կազմակերպության փոխնախագահ Թերի Կրիստալսկին էլ ասաց, որ ծրագիրը կենսական նշանակություն ունի, քանի որ վերաբերում է բոլոր քաղաքացիներին: Նա վստահեցրեց, որ առաջիկա տարիների ընթացքում ծրագիրը գերազանց արդյունքներ կգրանցի:

Ամփոփելով ելույթներըՙ Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի ղեկավար Արտակ Ղազարյանը հայտնեց, որ 2 հիմնական նպատակներից առաջինը մարդկային եւ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացումն է, երկրորդը` տեղեկատվական նոր տեխնոլոգիաների ներդրումը: Լրագրողների հետ զրույցի ժամանակ Արտակ Ղազարյանն ասաց, որ առաջիկայում կհայտարարվեն կեսնաթոշակային հիմնադրամների կառավարիչ ընկերությունների անվանումները, ոպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան ընտրություն կատարելու, թե որին են վստահելու իրենց գումարները: Խոսքը վերաբերվում է ՀՀ այն քաղաքացիներին, որոնց 40 տարին բոլորած կլինի 2014-ի հունվարի 1-ին, եւ որոնք ընդգրկվելու են պարտադիր կուտակային համակարգում: