Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ՀԱՐԹԱՔԱՆԴԱԿՆԵՐՈՒՄՙ ՆՈՐ ԱՇԽԱՐՀ

ՄԱՐԻՆԵ ԱՂԵԿՅԱՆ

ՀՊՄՀ դասախոս, քանդակագործ Արտաշես Քեշիշյանի ցուցահանդեսը

Աշխարհի հետ ծանոթացում, ներկայացում ու ամփոփում. այսպես բնորոշեց իր ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսը Մանկավարժական համալսարանի կերպարվեստի ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Արտաշես Քեշիշյանը: Նկարիչների միության տանը մինչեւ սեպտեմբերի 15-ը կցուցադրվեն Քեշիշյանի «Մանկության հուշեր», «Հաց», «Մեր մեծերը», «Խաղաղ երկնքի տակ» շարքերում ներկայացված էին քանդակագործի`1983-2013 թվականներին արված թվով 35 հարթաքանդակներ:

Արտաշես Քեշիշյանը խոստովանեց` 30 տարվա քանդակները ժամանակի ընթացքում կրել են բովանդակային լուրջ փոփոխություններ. տարիների ընթացքում կենցաղայինից, էթնոգրաֆիկականից վերածվելով հոգեւորի, փիլիսոփայականի. «Հարթաքանդակում ստեղծում եմ իմ միջավայրը, որի մեջ տեղադրում եմ կերպարներ եւ ստեղծում նոր աշխարհ: Ցավում եմ, որ հարթաքանդակը հայ ժամանակակից քանդակագործության մեջ առաջատար դիրք չի զբաղեցնում»,-մեզ հետ զրույցում ասաց Արտաշես Քեշիշյանը:

ՀՊՄՀ արվեստի պատմության, տեսության եւ մշակութաբանության ամբիոնի պրոֆեսոր, արվեստագիտության դոկտոր Հրավարդ Հակոբյանը եւս նկատեց` դեռեւս վաղ միջնադարում հայ քանդակագործության ոլորտում ստեղծվել են գլուխգործոց-հարթաքանդակներ, այնինչ այդ ավանդույթներն այսօր մոռացված են. «Ուրախ եմ, որ Արտաշես Քեշիշյանը համարձակվեց անդրադառնալ քանդակագործության այս ճյուղին եւ արարել հայկական շունչ ունեցող մի շարք հիանալի գործեր»:

«Արդի արվեստը եվրոպամետ է. Արտաշես Քեշիշյանի արվեստը շատ ազգային է, նա աշխատում է հարթապատկերային փոքր ձեւի մեջ. մեկ բառով` ամբողջական կերպար` փոքր տարածության մեջ` առանց որեւէ չափազանցության.սա վարպետության նշան է: Քանդակագործության մեջ նման մտածելակերպ շատ քչերն ունեն, իսկ Հայաստանում այս որակի աշխատանքներ գրեթե չկան»,- հավելեց արվեստաբան Մերի Երզնկյանը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, Հայաստանի Ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանը, ՀՊՄՀ կերպարվեստի ամբիոնի պրոֆեսոր Լեւոն Կոջոյանը, այլ արվեստագետներ, գործընկերներ, ուսանողներ, արվեստասեր:

Մարդկային բարձր որակներ, գեղագիտական ճաշակի, գույնի, լույսի եւ ստվերի զգացողության ձեւավորում. Մանկավարժական համալսարանի շրջանավարտ Արման Սարգսյանն այսպես է բնորոշում Արտաշես Քեշիշյանի կուրսում ուսումնառության 5 տարիները: Ցուցահանդեսից տպավորված երիտասարդն ուրախությամբ է նկատում` վարպետի գործերն իսկապես արվեստի գլուխգործոցներ են: