Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՀԲԸՄ ՆԱԽԱԳԱՀԻՆ

Սեպտեմբերի 4-ին Մայր աթոռ Ս. Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանին: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց ազգային-եկեղեցական զանազան հարցերի:

Զրույցի ընթացքում Ամենայն հայոց կաթողիկոսը եւ ՀԲԸՄ նախագահը կարեւորեցին աշխարհասփյուռ հայության եւ ազգային կառույցների ու հաստատությունների շարունակական աջակցությունը սիրիահայությանը Սիրիայում տիրող դժվարին այս շրջանում:

Ուրախությամբ ընդունելով առաջիկա սեպտեմբերի 24-27-ը Մայր աթոռում գումարվելիք Հայ եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի մասին տեղեկությունը` ՀԲԸՄ նախագահն իր մաղթանքները բերեց ժողովի աշխատանքներին` ընդգծելով եպիսկոպոսաց ժողովի կարեւոր առաքելությունը համայն հայության կյանքում:

Հանդիպմանը մասնավոր անդրադարձ կատարվեց Մայր աթոռ Ս. Էջմիածնի գործունեությանը, կրթական, սոցիալական եւ եկեղեցաշինական ծրագրերին: Այս առիթով Վեհափառ հայրապետն իր գնահատանքը հայտնեց ինչպես անձնապես տիար Պերճ Սեդրակյանին` որպես Մայր աթոռի բարերարի, այնպես եւ ՀԲԸՄ բոլոր անդամներին` Ս. Էջմիածնի հանդեպ իրենց ուշադրության եւ նվիրումի համար:

Իր հերթին ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանն իր հավատարմությունը հայտնեց Մայր աթոռ Ս. Էջմիածնին եւ վստահեցրեց Ամենայն հայոց կաթողիկոսին, որ Հայկական բարեգործական ընդհանուր միությունը շարունակելու է ըստ ամենայնի զորակցել Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու գործունեությանը եւ Մայր աթոռի ազգանպաստ ծրագրերին: