Դորտմունդի «Բորուսիայի» կազմում անցկացրած պաշտոնական 3-րդ խաղում Հենրիխ Մխիթարյանը բացեց գոլերի հաշիվը բունդեսլիգայում: Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» հետ արտագնա խաղում Հենրիխը դարձավ «Բորուսիայի» խփած 2 գոլերի հեղինակը, որոնց շնորհիվ դորտմունդցիները 2-1 հաշվով հաղթանակ տոնեցին: «Բորուսիան» 12 միավորով շարունակում է միանձնյա գլխավորել բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը:
Խաղից հետո Մխիթարյանը ֆուտբոլասերների հետ կիսել է տպավորությունները. «Բարդ հանդիպում ստացվեց, սակայն հիանալի աշխատանք կատարեցինք: Այնուամենայնիվ, կարող ենք ավելի լավ խաղալ: Դորտմունդում ինձ շատ լավ եմ զգում: Ուրախ եմ, որ բացեցի գոլերի հաշիվը բունդեսլիգայում, իսկ այնուհետեւ հաջողվեց նաեւ 2-րդ գնդակը խփել ու հաղթանակ պարգեւել թիմին»:
Մխիթարյանի ցուցադրած խաղից իր գոհունակությունն է հայտնել «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը. «Խոստովանում եմ, որ խաղադաշտում մրցակիցը մեզանից վատ չխաղաց: Սակայն մենք ունենք Մխիթարյանի պես ֆուտբոլիստ, որն իրեն հոյակապ դրսեւորեց: Կարծում եմ, որ այժմ շատերն են հասկանում, թե մենք ինչու 27,5 մլն եվրոյով գնեցինք նրան: Այսօր խաղադաշտում ջանք չխնայեցինք: Այնքան էլ հեշտ չէ նույնիսկ մեկնարկում ստանձնել առաջատարի դերը»:
Ի դեպ, մամուլի ասուլիսի ժամանակ Յուրգեն Կլոպը փոքրիկ գաղտնիք է հայտնել: Պարզվում է, որ նա եւ Հենրիխը 50 եվրոյի վրա գրազ են եկել: Եթե Մխիթարյանը 30 փորձից 7 գոլ չխփեր, ապա կպարտվեր: «Բորուսիայի» կազմում Մխիթարյանն արդեն 7 գոլ է խփել (5-ըՙ ընկերական հանդիպումներում), ուստի շահել է գրազը եւ խաղից հետո խնդրել է Կլոպին վճարել գումարը:
Հենրիխ Մխիթարյանին բունդեսլիգայում խփած գոլերի եւ հաղթանակի առթիվ շնորհավորել է Լեւոն Արոնյանը: