Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

ԿՀՎ-Ն ԽՈՍՏՈՎԱՆԵՑ ԻՐ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՆԻ 1953 Թ. ՀԵՂԱՇՐՋՄԱՆԸ

Պ. Ք.

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը գաղտնազերծել է նյութեր, որոնք հաստաստել են գերատեսչության անմիջական մասնակցությունը Իրանի 1953 թ. հեղաշրջմանը: Փաստաթղթերը հրապարակվել են Անվտանգության ազգային ծառայությունների արխիվի կայքէջում: Նյութերի տեսությանն անդրադառնում է BBC-ն:

Ընդամենը հրապարակվել է 21 փաստաթուղթ, որոնցով հաստատվում է ԿՀՎ-ի մասնակցությունը «Այաքս» գործողության նախապատրաստմանն ու իրականացմանը: Այդ գործողության արդյունքը դարձան Իրանի վարչապետ Մոհամմեդ Մոսսադիկի տապալումը եւ Մոհամմեդ Ռզա Փեհլեւի շահի վերադարձը: Գերատեսչության պատմաբանները նաեւ նկարագրել էին գործողության ավարտից հետո ԱՄՆ-ի համար բացասական հետեւանքների նվազեցման միջոցառումները:

Իրանի ներքին քաղաքականությանը ԿՀՎ-ի միջամտության պատճառներից մեկը փաստաթղթերում համարվում է «երկաթյա վարագույրի» հետեւում երկրի հայտնվելու հնարավորությունը: «Դա կնշանակեր «սառը պատերազմում» Խորհրդային Միության հաղթանակ եւ Մերձավոր Արեւելքում Արեւմուտքի պարտություն», իր հաշվետվության մեջ գրել էր գործողության հեղինակներից մեկըՙ Դոնալդ Ուիլբերը:

Փաստաթղթերը 1953 թ. օգոստոսի 19-ի հեղաշրջման 60-ամյակի առթիվ հրապարակվել են հիշյալ արխիվի փոխտնօրեն Մալքոլմ Բըռնի պահանջով:

Իրանում 1953 թ. հեղաշրջումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ կառավարության ղեկավար Մոհամմեդ Մոսսադիկը նավթարդյունաբերություն ազգայնացնելու օրենք ընդունեց եւ խզեց հարաբերությունները ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հետ: Իշխանության գլուխ անցած Մոհամմեդ Ռզա Փեհլեւի շահը երկիրը կառավարեց մինչեւ 1979 թ. Իսլամական հեղափոխությունը, որի պատճառով նա ստիպված եղավ տարագրվել: